
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է ներկայացնել պատասխան միջոցառումների առաջարկներ՝ Լուգանսկի օկուպացված շրջանի Ստարոբիլսկ քաղաքում տեղի ունեցած հարվածից հետո, որի հետևանքով, ռուսական կողմի տվյալներով, զոհվել է 6 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Ռուսական իշխանությունների պնդմամբ՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարվածել են Ստարոբիլսկի քոլեջի հանրակացարանին,-գրում է BBC-ին։
Պուտինի խոսքով՝ վիրավորվել է 39 մարդ, ևս 15-ը համարվում են անհետ կորած, քանի որ փլատակների մաքրման աշխատանքները շարունակվում են։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ շենքի հարակից տարածքում ռազմական կամ հատուկ ծառայությունների հետ կապված օբյեկտներ չեն եղել, և բացառել է այն վարկածը, թե հարվածը կարող էր լինել ռուսական ՀՕՊ համակարգերի աշխատանքի հետևանք։
Ուկրաինան հերքում է քաղաքացիական ենթակառուցվածքը թիրախավորելու մեղադրանքները։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ռուսական հայտարարությունները որակել է որպես «մանիպուլյատիվ տեղեկատվություն»՝ նշելով, որ մայիսի 22-ի գիշերը հարվածներ են հասցվել բացառապես ռազմական թիրախների, այդ թվում՝ զինամթերքի պահեստների, հակաօդային պաշտպանության համակարգերի, հրամանատարական կետերի և Ստարոբիլսկի մերձակայքում տեղակայված ռուսական «Ռուբիկոն» հատուկ ստորաբաժանման շտաբներից մեկի ուղղությամբ։
Պուտինի հայտարարությունը դիտարկվում է որպես հնարավոր պատասխան ռազմական գործողությունների նախանշան։ «Նման դեպքերում անհնար է սահմանափակվել միայն Արտաքին գործերի նախարարության հայտարարություններով»,-ասել է նա։




