ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

ԵՔՀ գագաթնաժողովի արդյունքներով կտրվի ԵՄ-ՀՀ գործընկերության մեկնարկը հաղորդակցության ոլորտում

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում քաղաքական հարցերից բացի օրակարգային են նաև տնտեսական հարցերը։ Ինչպես ելույթներում, այնպես էլ  պանելային քննարկումներում շեշտադրվել է հատկապես էներգետիկ ոլորտը, ընդգծվել է Հայաստանի՝ Եվրոպայի մատակարարման շղթաներին կապակցվածության կարևորությունը։ Գագաթնաժողովի արդյունքներով կտրվի ԵՄ-ՀՀ գործընկերության մեկնարկը հաղորդակցության ոլորտում, որը կկենտրոնանա առավելապես  տրանսպորտի և էներգետիկայի ուղղությունների վրա։  

Միգրացիա,  էներգետիկա, կանաչ էներգիայի զարգացում․ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պանելային քննարկումների առանցքում  նաև տնտեսական թեմաներն են՝ քաղաքական զուգահեռ։  Հայաստանի վարչապետն ընդգծում է գագաթնաժողովի  կարևորությանը միջազգային  հարաբերությունների համատեքստում։

«Աշխարհի առջև ահագնացող և բազմակի մարտահրավերներ են ծառանում Ուկրաինայից   մինչև Մերձավոր Արևելք»

Եվրոպայի մատակարարման շղթաների համար  Հայաստանի  կարևորության մասին է խոսում  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա  ֆոն դեր Լայենը՝ ընդգծելով  օրակարգային հիմնական թեմաները՝ էներգետիկ անկախություն, անվտանգություն, մատակարարման հուսալի շղթաներ:

Էներգետիկ անվտանգությունը խնդիր է նաև Եվրոպայի համար։  Այս հարցում մենք ունենք չափից շատ կախվածություն՝ ասում է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Էներգետիկան  Եվրոպայի համար կարևորագույն ուղղություն է, իսկ  էներգետիկ անկախություն ապահովելը՝ առաջնային խնդիր՝ շեշտում է Ուրսուլա ֆոն դեր Լայենը

«Էներգետիկան միշտ Եվրոպական միության ներքին շուկայի պարագայում արգելակող գործոն է եղել, և այսօր գների, Մերձավոր Արևելքի հակամարտության պայմաններում իրավիճակը մեզ համար դարձել է փակուղային։ Համաշխարհային էներգակիրների գների տատանումները ցավալիորեն  վնասում  են մեր մրցունակությանը։ Բայց մենք ունենք նաև ակտիվներ Եվրոպական Միությունում։ Խոսքն այն էներգետիկայի մասին է, որը մենք Միության ներսում ենք արտադրում։ Դա վերականգնվող էներգետիկան է հողմային, արևային, հիդրոէներգետիկան»։

Ժամանակակից աշխարհում էներգետիկ փոխկապակցվածության կարևորությունն ընդգծում է նաև Եվրոպական խորհրդի նախագահը։ Այս տարածաշրջանն անցել է փոխակերպման ճանապարհով՝ ասում է  Անտոնիու Կոշտան։

«Այս տարածաշրջանն անցել է փոխակերպման ճանապարհով ։ Փոխկապակցված ռազմավարական արդյունաբերական ոլորտները, շուկաները, տրանսպորտային միջանցքները, թվանշային ցանցերը և էներգետիկ ենթակառուցվածքներն այսօր ավելին են, քան պարզապես ապրանքները։  Դրանք վստահություն են ձևավորում, ստեղծում աշխատատեղեր և հարևաններին հնարավորություն տալիս զարգանալու և գործընկերային հարաբերություններ կառուցելու »։

ԵՔՀ գագաթնաժողովին առաջին անգամ  հրավիրված ոչ եվրոպացի մասնակիցը՝ Կանադայի վարչապետը, կարևորում է  գործընկերային հարաբերությունների զարգացումը  իր երկրի ու ԵՄ  անդամների միջև։

«Մենք հայտնի ենք որպես  առաջին  ոչ եվրոպական երկիր, որը մասնակցում է  «Եվրամիությունը Ապահով նախաձեռնությանը»։  Անցյալ տարի 18 միլիարդ դոլարի կրիտիկական հանքանյութերի գործարքներ ենք կնքել  աշխարհի 20 առաջատարների հետ։ Ինչպե՞ս ենք մենք սա ընկալում, որ մենք սրանք պահեստավորում ենք, որպեսզի ձգտենք կառավարությունների միջև սերտ գործընկերային համաձայնությունների ՝ առաջին հերթին   Մեծ Յոթնյակի  խորագրի ներքո,  բայց նաև ավելի լայն ձևաչափերով»։        

Կանադան աշխարհում երրորդն է  նավթարդյունահանման, չորրորդը գազարդյունահանման  ու  յոթերորդը վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝  եվրոպացի գործընկերներին հիշեցնում է  Կանադայի վարչապետը։ Միգրացիա, տնտեսություն, էներգետիկա, մրցունակություն․ այս կարևոր ոլորտները  նույն շղթայով կապված են միմյանց ՝ նշում է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։  

«Անվերահսկելի միգրացիոն հոսքերը քաղաքացիների անվտանգությունը դնում են ճնշման ու  վտանգի տակ, և երբ դրանք դիտարկվում են որպես խառնածին սպառնալիքներ, վտանգի տակ են հայտնվում նաև պետությունների անվտանգությունը, կայունությունը։ Սա ազդում է նաև տնտեսության վրա։ Իհարկե, սահմանափակվում են պետական ռեսուրսները, աշխատաշուկան է սահմանափակվում և միաժամանակ թուլանում է նաև մրցունակությունը։ Այսինքն` դա թուլացնում է մրցունակությունը` ավելացնելով անորոշությունը, սոցիալական լարվածությունը, և այստեղ նաև կապեր կան էներգետիկայի ոլորտին»։

Գագաթնաժողովի մեկնարկից առաջ Եվրոպական հանձնաժողովը մանրամասներ էր ներկայացրել քննարկումների օրակարգի մասին  և ընդգծել, որ եվրոպական հավաքի արդյունքներով կտրվի ԵՄ-ՀՀ գործընկերության մեկնարկը կապակցվածության ոլորտում։ Այն կներառի գործակցություն մասնավորապես  տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում՝ ենթադրելով բարձր մակարդակի երկխոսություններ։ Նշվել էր, որ այն կլրացվի Հայաստանում ԵՄ մասնավոր ներդրումները մոբիլիզացնելու նախաձեռնություններով։ Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է շուրջ 20 փաստաթղթի ստորագրում։

 ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանի խոսքով՝ կարևոր փաստաթղթերի ստորագրում է նախատեսվում ինչպես  Եվրամիության,  այնպես էլ Ֆրանսիայի հետ։ Փորձագետը կարծում է՝ դրանցում տնտեսական բաղադրիչն առանցքային կլինի։ Բայց  ընդգծում է նաև, որ տնտեսական նախագծերի իրականացման հարցում գլխավոր խնդիրը մնում է հաղորդակցության ուղիների հարցրը։

«Բայց բոլոր դեպքերում այս շեշտադրումները ակնհայտ են։ Հենց առաջին  նիստում այդ շեշտադրումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։ Նաև շեշտադրվեց Հայաստանի` Եվրոպայի մատակարարման շղթաների կապակցվածության դերը Հայաստանի կարևորությունը»

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ տարածաշրջանային տրանսպորտային ուղիների վերաբացման և հարևանների հետ առևտրային կապերի խորացման ծրագրին։ Բացի դրանից ՝ Միությունը  մեծացնում է  ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ։  Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր առիթներով հայտարարել են, որ Հայաստանը դիտարկվում է որպես  տարածաշրջանային գլխավոր գործընկեր։ Այդ գործընկերությունն արտահայտվում է նաև թվերով ու ֆինանսական աջակցությամբ։  Նախորդ տարվա աշնանը Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել էր, որ  կառույցը  Հայաստանին կտրամադրի ավելի քան 200 միլիոն եվրո՝ դիմակայունության և զարգացման  ծրագրի համար։  Նախատեսվում է, որ այն կխթանի կապակցվածության, դիմակայունության և բիզնեսի զարգացման ոլորտում ներդրումները։  

Կարդացեք նաև

Back to top button