ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Ռազմարդյունաբերական նոր ծրագրեր․ ինչ են ենթադրում Կիև-Բաքու նոր փաստաթղթերը

Միջազգային քաղաքական դաշտում նկատվող վերադասավորումների ֆոնին վերջին օրերին ակտիվացել են Ուկրաինա-Ադրբեջան շփումները։ Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմի պայմաններում Կիևը ակտիվորեն փնտրում է նոր գործընկերներ ոչ միայն քաղաքական, այլև ռազմատեխնիկական ոլորտում։

Այս առումով ուշագրավ է Վոլոդիմիր Զելենսկիի ապրիլի 25-ի այցը Ադրբեջան, որի շուրջ պաշտոնական հաղորդագրություններում խոսվում էր զենքի արտադրության համատեղ գործարան կառուցելու մասին։ Այցի շրջանակում հայտարարվեց, որ մի շարք փաստաթղթեր են ստորագրել Ալիևն ու Զելենսկին։

Զելենսկու՝ օրեր առաջ Ադրբեջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Գաբալայում կայացել էին Ալիևի հետ բանակցություններ։ Հաջորդիվ կողմերը հայտարարեցին գործակցության խորացման մասին՝ հատկապես անվտանգության և էներգետիկայի ոլորտներում։ Հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ կողմերը ստորագրել են մի շարք փաստաթղթեր։ Սոցցանցի իր էջում Զելենսկին նշել էր, որ վարել է կարևոր բանակցություններ։

«Մենք ստորագրել ենք 6 փաստաթուղթ։ Մեր պատվիրակություններն անպայման մտքերի փոխանակում կիրականացնեն դրանց մանրամասների վերաբերյալ։ Այսօրվա ուղղությունների թվում առաջնահերթ նշանակություն ունի անվտանգությունը»։

Թեև փաստաթղթերի ամբողջական բովանդակությունը չի հրապարակվել, ակնհայտ է, որ դրանց հիմնական ուղղություններն են էներգետիկ գործակցությունը և անվտանգությունը։ Միևնույն ժամանակ, առավել ուշագրավ թեման՝ ռազմարդյունաբերական  գործակցությունը, ըստ էության, դեռ չի ստացել հստակ իրավական ձևակերպում։ Ադրբեջանի նախագահը հաստատել է, որ այդ հարցը քննարկվել է, սակայն կոնկրետ համաձայնագրի մասին չի խոսել՝ ձևակերպելով.

«Ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ուկրաինայում զարգանում են ռազմաարդյունաբերական համալիրներ, և կան հիանալի հնարավորություններ համատեղ արտադրության, և ընդհանրապես արդյունաբերական ոլորտում համատեղ արտադրության համար»։

Ադրբեջանական աղբյուրները շեշտադրում են, որ Բաքուն շահագրգռված է զարգացնել բարձրտեխնոլոգիական ռազմական արտադրությունը՝ օգտվելով ուկրաինական փորձից հատկապես անօդաչու թռչող սարքերի և օդային պաշտպանության ոլորտներում։

Համատեղ արտադրության մասով Զելենսկին վերահաստատել է Ալիևի միտքը՝ ակնարկելով ապագա ծրագրերի մասին.

«Ինչ վերաբերում է պաշտպանական արդյունաբերության աճին, ապա Ուկրաինան, ելնելով պատերազմի պայմաններից, ցուցադրել է դիմադրության ուժը, և մենք կցանկանայինք կիսվել մեր փորձագիտական գիտելիքներով։ Այսօր մեր մասնագետները Ադրբեջանում են և աջակցում են ադրբեջանցի գործընկերներին։ Մենք մտադիր ենք հետագայում  էլ շարունակել այս գործընկերությունը և անցնել համատեղ արտադրության»։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ թեև զենքի համատեղ արտադրության գաղափարը ակտիվ քննարկվում է, սակայն առայժմ չի ամրագրվել առանձին փաստաթղթով և մնում է քաղաքական համաձայնության և ռազմավարական մտադրության մակարդակում։ Համենայնդեպս, բաց հրապարակումներում այդ մասին ավելին չի ասվում։

Ուշագրավ է, որ Ուկրաինայի և Ադրբեջանի հարաբերությունները սկսեցին ավելի արագ զարգանալ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների սառեցումից հետո, որը սկսվեց 2024 թ․ դեկտեմբերին, երբ Ղազախստանի տարածքում կործանվեց Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռը, ինչի համար Բաքուն Ռուսաստանին մեղադրեց, թեև վերջերս կողմերը հայտարարեցին, որ  խնդիրը կարգավորել են։ Այս առումով հատկանշական է, որ Զելենսկին ու Ալիևը քննարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների հնարավոր անցկացումն Ադրբեջանում։ Ընդ որում՝ Զելենսկին է առաջարկել Բաքուն որպես հարթակ՝ փորձելով ընդգծել Ադրբեջանի միջնորդական ներուժը։ Ալիևն, իր հերթին, շեշտել է.

«Ադրբեջանը և Ուկրաինան բոլոր միջազգային կազմակերպություններում փոխադարձաբար աջակցում են և կաջակցեն երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։

Միջազգային մամուլում այս զարգացումները դիտարկում են որպես Ուկրաինայի փորձ՝ ընդլայնելու ռազմատեխնիկական գործակցության աշխարհագրությունը։ Ուկրաինացի անվտանգության փորձագետ Միկոլա Զենցևը նկատել է, որ դա քաղաքական ազդեցություն ունի, իսկ Քարնեգի կենտրոնի վերլուծաբան Թոմաս դե Վաալն էլ մեկ այլ առիթով նկատել է.

«Ուկրաինայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ուժեղացնել Ադրբեջանի պաշտպանական կարողությունները, սակայն միաժամանակ խորացնել լարվածությունը Ռուսաստանի հետ»։  

Ուկրաինա-Ադրբեջան ռազմատեխնիկական գործակցության խորացումը Հայաստանի համար զգայուն հարց է՝ հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգության ընդհանուր հարցերը և այն, որ 2020-ի արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ուկրաինան բացահայտ կերպով աջակցում էր Ադրբեջանին նաև սպառազինության մատակարարմամբ։

Տարբեր աղբյուրներում նշվում էր նաև ֆոսֆորային զինատեսակների կիրառման համատեքստում ուկրաինական գործոնի մասին, ինչը մինչ օրս քննարկումների թեմա է առնվազն հանրային մակարդակում։

Կարդացեք նաև

Back to top button