ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Խաղաղության խաչմերուկը» ներառում է տարածաշրջանային տարբեր ծրագրեր և ենթադրում տարբեր երկրների մասնակցություն․ Արման Եղոյան

Հայկական կողմի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ներառում է և Հյուսիս-հարավը, և TRIPP-ը, ենթադրում է նաև ներգրավում Միջին Միջանցքի ծրագրերում։

«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնում քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները։ Մասնակիցները խոսել են նախաձեռնության  հնարավորությունների և մարտահրավերների մասին։

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման գործում ներգրավված են տարբեր երկրներ։ Մի քանի ծրագիր ներառող «Խաղաղության խաչմերուկի», օրինակ, Հյուսիս-Հարավ ճանապարհի Մեղրիի հատվածում շինարարությունն իրականացնում է իրանական կողմը։ Քաջարանի հատվածում շինարարությունն իրականացնելու շուրջ քննարկումներ են ընթանում եվրոպական կողմի հետ, իսկ «Խաղաղության խաչմերուկի» մաս կազմող TRIPP–ի շինարարությունը, ըստ պայմանավորվածության, պետք է իրականացվի ամերիկյան կողմի աջակցությամբ՝ պարզաբանում է ԱԺ  եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

«Սրանից մոտ 2 ամիս առաջ մենք կուսակցական ընկերներով Սյունիքի մարզում էինք, և երբ անցանք Մեղրիի լեռնանցքը, տեսանք Հյուսիս-Հարավի այդ հատվածում իրականացվող շինարարությունը․ թունելների շինարարություն, կամուրջների շինարարություն։ Ահռելի մեծ ներդրումների մասին է խոսքը, և այդ հատվածում շինարարությունը իրականացնում է իրանական ընկերությունը։

Դրանից մի քիչ ներքև՝ տեսանելի հեռավորության վրա, պետք է անցնի TRIPP-ը, նախագծի ֆինանսավորումը և ենթադրում եմ նաև շինարարությունը իրականացվելու է ամերիկյան կողմի միջոցներով ու ջանքերով և բնականաբար Հայաստանի մասնակցությամբ։ Վերջում այդ երկու ճանապարհները խաչվելու են, այսինքն` գալու է մի կետ, որտեղ իսկապես վերածվելու են խաչմերուկի՝ մոտավորապես Մեղրի քաղաքում։ Ֆրանսիական կողմի հետ քննարկումներ կան թունելի շինարարության վերաբերյալ, որը պետք է ունենա մոտ 7 կմ երկարություն։

Քաջարանից Բարգուշատ լեռան տակով այն դուրս կգա Սիսիանի հարավային հատված, հետո արդեն կշարունակվի դեպի Վայոց ձոր»։

Եղոյանի պարզաբանմամբ՝ փորձ է արվում մեր տարածաշրջանում խոշոր խաղացողների հետաքրքրություններն ու շահերը օգտագործելով առավելագույնը ստանալ Հայաստանի Հանրապետության համար և   թույլ չտալ, որ այդ երկրների շահերը բախվեն ու վնասեն ՀՀ-ին։

Ըստ պատգամավորի՝ թյուրըմբռնում կա Ռուսաստանի կողմից երկաթուղու շահագործման հարցում։

«Խնդիրը զուտ տեխնիկական է, էլ չասեմ, որ այդ երկաթգծի 2 հատվածներ ընդհանրապես քանդված են։ Խոսքը Երասխում՝ Նախիջևանի սահմանին չհասած մեկուկես-երկու կմ հատվածի  և Գյումրի-Կարս հատվածի մասին է։ Ախուրիկից, եթե չեմ սխալվում մինչև պետական սահման, էնտեղ էլ մի քանի կիլոմետր հատվածի մասին է, որը ֆիզիկապես էս պահին անհնար է դարձնում երկաթգծի միջազգային կիրառումը։  Ըստ էության՝ այսօր այդ երկաթգիծը ծառայում է Հայաստան–Վրաստան ուղևորափոխադրումներին ու բեռնափոխադրումներին, և վերջ։

Սա չի համապատասխանում «Խաղաղության խաչմերուկի» իրականացման հեռանկարին, և ռուսական կողմը պետք է հաշվի առնի այս հանգամանքը՝ նշում են քննարկման մասնակիցները։

Հայաստանը նպատակ ունի մասնակից դառնալու նաև «Միջին Միջանցք» ճանապարհային ծրագրին, ինչն իր հերթին կարող է անկյունաքարային նշանակություն ունենալ Հայաստանի համար։

Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը կարևորում է «Խաղաղության խաչմերուկի» իրականացմանը գործարարների պատրաստ լինելու հանգամանքը։ Նշում է, որ լոգիստիկ հնարավորությունների մեծացմանը զուգահեռ կխստանան նաև ապրանքներին ու ծառայություններին առաջադրվող պահանջները։

Բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկումներ ծավալվում են՝ վստահեցնում է փոխնախարարը՝  ընդգծելով, որ նախաձեռնությունը մարզերում ներդրումներ ու աշխատեղերի ավելացում է ենթադրում։  

«Խաղաղության խաչմերուկը, որի մեջ նաև դիտարկվում է TRIPP ծրագիրը, ընդհանուր տնտեսության համար լրիվ նոր հնարավորություններ է ստեղծում, և մենք հիմա հետազոտություններ ենք անում ըստ ոլորտների, որ հասկանանք թե որ ոլորտի վրա ինչ ազդեցություն է ունենալու, քանի որ, այն ամեն դեպքում բերելու է ընդհանուր տնտեսության որոշակի վերակառուցմանը, որին որ պետությունն էլ պետք է պատրաստ լինի և իր վարած քաղաքականությամբ կարողանա տնտեսությունը ճիշտ տանել այդ ուղղությամբ»։

Մասնակիցները նաև շեշտում են՝ որքան «Խաղաղության խաչմերուկը» ընդունվում ու պաշտպանվում է միջազգային հարթակներում,  նույնքան խնդրահարույց կարող է լինել տարածաշրջանային երկրների համար՝ հաշվի առնելով դրա նշանակությունը Հյուսիսը Հարավին և Արևելքը Արևմուտքին Հայաստանի միջոցով կապելու հնարավորությունը։

Կարդացեք նաև

Back to top button