
Այս տարվա առաջին եռամսյակում խոշոր հարկատուները 13 %–ով ավելի են հարկ վճարել, քան 2025–ի նույն ժամանակահատվածում։ Խոշոր հարկատուների ավելի քան 80 %–ը Երևանում է, անգամ այն դեպքում, երբ առաջին տասնյակի երկու խոշոր հանքարդյունաբերական ընկերությունները մարզերում են՝ Սյունիքում ու Լոռիում։ Առաջատարների շարքում մանրամեծածախ, նաև առցանց առևտրի ոլորտները ներկայացնող ընկերություններն են։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ 2026թ. հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 7 տոկոսով։
«Մոբայլ Սենթր Արթ», «Գազպրոմ Արմենիա», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»․ սրանք, եռամսյակային տվյալներով, առաջին խոշոր հարկատուներն են։ Ցանկը շարունակում են «Գրանդ Տոբակո»-ն, «Դիջիթեյն»–ը,«Սոֆթ Կոնստրակտ»–ը, «Վայլդբերրիզ»-ը, «Սիթի»-ն «Թեղուտ»–ը։
ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է․
«Առաջին տասնյակի մեջ են տեխնոլոգիական շատ խոշոր ընկերություններ՝ «Դիջիթեյն»-ը, «Սոֆթ Կոնստրակտ»-ը։ Ինչո՞ւ եմ ես կարևորում նրանց՝ առաջին տասնյակի մեջ լինելը։ Նախ՝ այն հանգամանքով, որ նրանք տեխնոլոգիական ծառայություններ են մատուցում, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը իսկապես ակնհայտ է, որ հաղորդակցության այսպիսի ուղիների դեպքում, ինչպիսին Հայաստանն ունի, հեռահար և հեռավար տեխնոլոգիաներն աստիճանաբար ավելի մեծ դեր կունենան»։
Առաջին տասնյակը վերլուծելիս տնտեսագետն ընդգծում է՝ մանրածախ ու առցանց առևտրով զբաղվող ընկերություններն են նաև առաջատար։ Եռամսյակային կտրվածքով՝ ցուցանիշը բարելավել է նաև հանքարդյունաբերությամբ զբաղվող «Թեղուտ» ընկերությունը։
«Բոլոր դեպքերում Հայաստանում եկամուտների աճ կա, այդ աճը ակնհայտ է։ Հնարավոր է՝ աճը պայմանավորված է շատ–շատ տարբեր հանգամանքներով՝ դրսի աշխատանքով, հարկային վարչարարությամբ, որ արդեն կոնկրետ գրանցված եկամուտներ կան։ Բայց բոլոր դեպքերում դրանք ակնհայտ են, որովհետև «Վայլդբերիզ»–ի ցանցի այսքան մեծ ծավալներով աճը կամ «Մոբայլ Սենթր»–ի՝ Հայաստանի ներսում շրջանառության ծավալները ակնհայտորեն այդ են վկայում։ Բոլոր դեպքերում ես համաձայն եմ, որ խնդիրը արդյունաբերական ոլորտից աստիճանաբար տեղափոխվել է ծառայությունների ոլորտ»։
Տնտեսագետն ընդգծում է՝ հատուկ քաղաքականություն է պետք հատկապես վերամշակող արդյունաբերության համար։ Եվս մեկ միտում, որը տարիներ շարունակ չի փոխվում Հայաստանում։ Խոշոր հարկատուների 80 և ավելի տոկոսը գրանցված է Երևանում։ Իհարկե, ԶՊՄԿ–ն ու «Թեղուտ»–ը գրանցված են Սյունիքում ու Լոռիում։ Երկուսն էլ, ի դեպ, հանքարդյունաբերական ընկերություններ են։ Հարկատեսակների մասով տնտեսագետը էական փոփոխություններ չի նկատել։
«Հարկատեսակների մասով մեծ դիվերսիֆիակցիա չկա, կառուցվածքային փոփոխություններ չկան։ Այն տարբերակումները, որ կան, հիմնականում կապված են վարչարարության հետ»։
Շահութահարկի գծով որոշակի միտումներ Հայաստանի վարչապետն է առանձնացնում։ Նախ՝ նշում է՝ յուրաքանչյուր տարվա ապրիլի 20-ը ՀՀ ընկերությունների համար շահութահարկի վճարման վերջնաժամկետն է։ Հիշեցնում է՝ 2018 թվականից հետո Հայաստանում շահութահարկի դրույքաչափը 20 %–ից նվազեցվել է 18–ի։
«2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ 2025 թվականի համեմատ վճարվել է 265,8 մլրդ դրամի շահութահարկ։ 2017 թվականի համեմատ շահութահարկն ավելի է 5,4 անգամ կամ 444 %–ով։ Սա երկու բան է նշանակում։ Շատ է խոսվում 2018 թվականից և դրանից առաջ էլ նախորդ օրակարգերի, այսպես ասած, թալանված և թալանվող փողերի մասին, որը հիմնականում եղել է ստվերային շրջանառություն»։
Կառավարության ղեկավարն ընդգծում է՝ ստվերային շրջանառության մի մասը մուտքագրվում է պետական բյուջե, ծախսվում ՀՀ կարիքների համար։ Մյուս մասը տնտեսության խթանումն է։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականից սկսած ՀՀ-ում արձանագրվել են ինչպես համաշխարհային, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության միջին ցուցանիշներից բարձր աճ։ Բոլոր այս ցուցանիշները արտացոլվում են նաև խոշոր հարկատուների ցանկում։




