Միջազգային

Սպանվել է Մալիի պաշտպանության նախարարը

Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարան սպանվել է երկրի տարածքում իրականացված համակարգված զինված հարձակումների ընթացքում, հաստատել է կառավարության խոսնակը։

Նրա մահը լուրջ հարված է երկրի ռազմական իշխանությունների համար, որոնք շարունակում են պայքարը զինված խմբավորումների դեմ։

Կառավարության խոսնակ Իսա Ուսման Կուլիբալիի հաղորդմամբ՝ Կամարան զոհվել է այն պահին, երբ հարձակվողները թիրախավորել են նրա տունը՝ Կատի քաղաքում։

Հարձակումը տեղի է ունեցել շաբաթ օրը և իրականացվել է միաժամանակյա գործողությունների շրջանակում։

Կամարայի նստավայրը գտնվում էր Կատիի կայազորային քաղաքում, որը համարվում է երկրի ամենաապահով ռազմական գոտիներից մեկը և գտնվում է Բամակոյից մոտ 15 կմ հեռավորության վրա։ Այստեղ է բնակվում նաև ժամանակավոր նախագահ Ասիմի Գոյտան։

Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակումն իրականացրել է ինքնասպան-մահապարտը։ AFP գործակալությունը հաղորդել է, որ հարձակման հետևանքով զոհվել են նաև Կամարայի ընտանիքի անդամները։

Հաղորդվում է, որ Գոյտան տեղափոխվել է անվտանգ վայր և շարունակում է ղեկավարել երկրի զինված ուժերը։

Կամարան առանցքային դեր ուներ Մալիի ռազմական ղեկավարությունում, որը իշխանության էր եկել 2020 և 2021 թվականների հեղաշրջումների արդյունքում։ Նրա մահը կարող է էական ազդեցություն ունենալ երկրի անվտանգության համակարգի վրա։

Al Jazeera-ի լրագրող Նիկոլաս Հաքը նշել է, որ Կամարան համարվում էր իշխանության ամենաազդեցիկ դեմքերից մեկը և նույնիսկ դիտարկվում էր որպես երկրի հնարավոր ապագա առաջնորդ։

Նրա խոսքով՝ «Կամարայի կորուստը մեծ հարված է Մալիի զինված ուժերին»։

Կարդացեք նաև

Back to top button