
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին և անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են հայ համայնքի անդամներ, Հռոմի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության անձնակազմը, ինչպես նաև հայ ազգի՝ իտալացի և օտարերկրյա բարեկամներ:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայ Առաքելական և Հայ Կաթողիկ եկեղեցիների հոգևորականները, ովքեր կատարել են միասնական աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
Միջոցառմանը Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր խոսքում նշել է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերի կարևորությունը՝ շեշտելով հիշատակի վառ պահպանումը և դրա հիման վրա կանխարգելման ու միջազգային համագործակցության դերը։

Դեսպանն անդրադարձել է նաև վերջին տարիներին ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ջանքերին՝ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ։
Դեսպան Կարապետյանն ընդգծել է նաև տարածաշրջանում և հարևանների հետ խաղաղության հաստատման կարևորությունը՝ հայ ազգի անվտանգության և բարգավաճման տեսանկյունից:




