Տնտեսական

Դոլարի-դրամ փոխարժեքի կտրուկ անկումը թաքնված դեֆոլտ է. վերլուծաբաններ

Կարեն Ղազարյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր» 

Դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի կտրուկ անկումը որոշ վերլուծաբաններ գնահատում են որպես թաքնված դեֆոլտ: ԿԲ-ի պարզաբանմամբ, սակայն, անհանգստանալու խնդիր չկա եւ այն նպաստելու է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաեւ տրանսվերների գնողունակության աճին: ԿԲ-ի նման հայտարարությունը, մինչդեռ, տնտեսագետները հիմնականում համարում են ոչ տեղին եւ միանշանակ չեն ընդունում:  

 

 

Դրամի արժեզրկումը դեռ վաղուց պիտի լիներ, քանի որ չկային հիմքեր, որ այդ մակարդակի վրա այն մնար: Այս կարծիքին է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Նրա գնահատմամբ, սակայն, վերջին այս թռիչքաձեւ անկումը լավ բանի մասին չի խոսում:

«Չի խոսում նրա մասին, որ ԿԲ-ն հաշվի է առել տարբեր կողմերի շահերը: Պետք է այդ կանխատեսումները անեին եւ նախապատրաստեին դա: Ոչ թե՝ միանգամից մեկ էլ լիներ: Միգուցե դա էլ այլ քաղաքականություն է, պետք է դրա մասին էլ մտածել: Նույնիսկ այս փուլում այդ փոխարժեքը տեղին է, թե ոչ՝ շուկան ինքը թող որոշի, որովհետեւ մենք ասում ենք լողացող կուրս է: Մեկ բան ակնհայտ է, որ բազմագործոն երեւույթ է սա: Պետք է ասեմ, որ անպատրաստ ինչ-որ բան կատարվեց մեր հանրապետությունում, որին, իհարկե, պետք է արձագանքենք: Էդպիսի փլուզումներ դեռ շարունակվելու են»:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի փոխանցմամբ՝ բնականաբար հայրենական արտադրողները որոշակի մտահոգություն ունեն: Միաժամանակ, ըստ նրա, դրամի թուլացումը տնտեսագիտորեն պետք է դիտարկել նաեւ որպես դրական՝ տեղական արտադրանքի ծավալները մեծացնելու հնարավորության տեսանկյունից:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ թռիչքաձեւ մոդելը պայմանավորվում է նրանով, որ փորձ է արվում տնտեսության մեջ բացասական սպասումները կանխել: Թե որքանով էր դա արդարացի ու արդյունավետ՝ ցույց կտա ապագան: Ինչ վերաբերում է տրանսֆերտների գնողունակության աճի վերաբերյալ ԿԲ կանխատեսմանը: Տնտեսագետը համամիտ չէ ԿԲ-ի հետ:

Գահավիժող ռուբլին չի կարող Հայաստանում ավելի գնողունակ լինել:Ասվածի հետ համամիտ էր նաեւ ՀԱԿԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նա նաեւ նկատեց, որ հաջորդ տարվա պետական բյուջեում փոխարժեքը հաշվարկված է 411 դրամով եւ լուրջ հաշվարկ չկա հետագայի հետ կապված, ուստի ԿԲ հայտարարությունում ամրագրված ցանկությունները ընդամենը տնտեսագիտական ճշմարտություններ են, սակայն, այլ է դրանք կյանքի կոչելը:

«Ոչ ԿԲ-ն, ոչ կառավարությունը պատրաստ չեն»:

Վահագն Խաչատրյանը համոզված է, որ նման տեմպերով պետական արտաքին պարտքը կարող է հասնել թույլատրելիի սահմանին: Ըստ նրա՝ հետեւանքը կլինի նաեւ այն, որ բանկային համակարգում դոլարացման աստիճանը կբարձրանա, կընկնի դրամի նկատմամբ վստահությունը:

Back to top button