
Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրված:
Այսօր Եղիշե Չարենցի մահվան օրն է: Այդ առիթով գրականագետ Դավիթ Գասպարյանն էր հանդիպել լրագրողների հետ:
1935-37 թվականներին Չարենցի մահվան օղակը սեղմվում էր : «Իրեն հատուկ պայծառատեսությամբ Չարենցը զգում էր նաև իր մահը»,-ասում է գրականագետ Դավիթ Գասպարյանը: 1936 թվականի սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, օգոստոսի 9-ին՝ ձերբակալում: Մեղադրանքները նույնն էին, ինչ որ բոլորինը՝ նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, պետական դավաճանություն:
Վերջին անգամ Չարենցին ձերբակալում են 37 թվականի հուլիսի 27-ին: Նոյեմբերի 27-ին Չարենցը բանտում մահանում է: Դավիթ Գասպարյանն այսօր անդրադարձավ Չարենցի անտիպ ժառանգությունն ամփոփող իր հեղինակած «Գիրք մնացորդաց» գրքին, որը կարծեք բանաստեղծի անավարտ կյանքն է հիշեցնում: Այն հրատարակվել է 2012-ին՝ պետպատվերի շրջանակում:
Գասպարյանի «Գիրք մնացորդաց»-ում ընդգրկված են քաղաքական գործիչներին նվիրված երկեր, այդ թվում՝ Աղասի Խանջյանին նվիրված «Դոֆինը նաիրական» շարքը: Գրքում տեղ են գտել բանաստեղծի գրական ընկերներին ՝ Բակունցին և այլոց նվիրված բանաստեղծություններ, ինչպես նաև Չարենցի՝ էրոտիկ բովանդակություն ունեցող ստեղծագությունները:
Դավիթ Գասպարյանը պատմում է.«Արուս Ոսկանյանին նվիրված պոեմներից մեկում այսպիսի մի ցուցում կա. Չարենցն ասում է՝ Արուս, կատակով գրած այս տողերը վաղը, մյուս օրը հանկարծ կընկնեն մեկ ուրիշի ձեռքը և ինձ կմեղադրեն մազոխիզմի և այլնի մեջ: Ասում է՝ ավելի լավ է՝ ոչնչացնես»: Միաժամանակ «Ազդ»-ում ցուցում է տալիս՝ ինչ գնով էլ լինի, անգամ իր կյանքի գնով, անտիպ գրությունները պահպանել, չոչնչացնել՝ ի պահ տալ գրական թանգարանին:
«Եթե Չարենցն ասում էր պահպանել, ուրեմն դրանք պետք էր հրատարակել, որովհետև պահպանելու լավագույն ձևը դա է»,-ասում է Դավիթ Գասպարյանը՝ նշելով, որ «Գիրք մնացորդաց»-ը, այսպես ասած , կալանքի տակից հանելու համար բանաստեղծի դստեր դեմ դատական որևէ գործընթաց չի պատրաստվում սկսել: Հույսը հարստանալն է: «Սպասում եմ մի օր հաստանալ, սեփական միջոցներով գիրքս վերահրատարակել ու բաժանել մարդկանց»,-ասում է գրականագետն ու Չարենցի հիշատակի օրվան նվիրված հանդիպումն ավարտում նրա բանաստեղծությամբ:




