Հասարակություն

Արմավիր համայնքում սանիտարական մաքրության  լրացուցիչ ծառայություն է ներդրվել 

Արմավիր համայնքում սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնող ևս մեկ կազմակերպություն է ներդրվել, որը զբաղվում է բազմաբնակարան շենքերի բակային հատվածների մաքրությամբ:  Այդ տարածքներում  25 տարուց ավելի ծառայություն չի մատուցվել․ երբեմն ընդհանուր սանիտարական մաքրում են իրականցրել  Արմավիրի «Բարեկարգում» տնօրինության աշխատակիցները: Սանիտարական հանրօգուտ աշխատանք են կատարում նաև Պրոբացիայի ծառայության շահառուները:

Գյուլնարա Աքուլյանի աշխատանքը սկսվում է այն ժամանակ, երբ ամբողջ քաղաքը քնած է՝ գիշերը ժամը 3-ին: Նա հետևում է քաղաքի ամենաբանուկ փողոցի մի հատվածի մաքրությանը: Երևանյան փողոցը Մ5 միջպետական ճանապարհի  վրա է, Գյուլնարայի տեղամասը՝ Արմավիրի ավտոկայանի տարածքում: Գիշերվա կեսին երթևեկությունը համեմատաբար հանգիստ է:

«Շատ կեղտոտ տարածք է, բայց ամեն դեպքում մենք աշխատում ենք, որ մեր ժողովրդի համար գոնե մաքուր լինի: Գիշերվա ժամը 3-ից մինչև առավոտյան 7-ը, 7 անց կես շուտ-շուտ, արագ-արագ անում ենք, որ տրանսպորտին չխանգարենք: Երթևեկությունը շատ-շատ է»,- ասում է նա:

Թվում է, թե աշխատանքը հեշտ է, բայց լի է բազմաթիվ վտանգներով՝  վարորդների անզգուշությունից մինչև շների հարձակում:

«Շատ-շատ են շները, հաչում են, վախենում ենք: Երևի արդեն  շներն էլ են հասկանում, ի վերջո մեր ձեռքին փայտ է՝ ավելով: Երբեմն վարորդներն են օգնության գալիս, ջուր են տալիս, հանգստացնում»:

Գյուլնարան Արմավիրի «Բարեկարգում» տնօրինության սանմաքրում իրականացնող 25 աշխատակիցներից մեկն է, որոնք պատասխանատու են միայն բանուկ փողոցների մաքրության համար:

Քաղաքի բազմաբնակարան շենքերի բակերն արդեն 25 տարի չեն մաքրվում: Այս տարի նոր ծառայություն է ներդրվել համայնքում՝ ասում է Արմավիրի «Բարեկարգման»  տնօրեն Արմեն Հարությունյանը:

«2026թ հուվարի 1-ից ձեռք է բերվել նոր ծառայություն։ «Մաքրություն» ՍՊԸ-ի միջոցով Արմավիր քաղաքի բոլոր բազմաբնակարան շենքերի տարածքներում իրականացվում են սանմաքրման աշխատանքներ: Յուրաքանչյուր բակային տարածքում ամիսը երկու անգամ է իրականացվում»:

Աշխատանքային այս գրաֆիկը սահմանվել է մարտի 1-ից, իսկ մինչև այդ հունվար-փետրվար ամիսներին մաքրել են քաղաքի բոլոր բազմաբնակարան շենքերի բակերում, ավտոտնակների տարածքներում  ու  խաղահրապարակներում կուտակված աղբը: Այս ծառայությունն իրականացվում է ոչ միայն քաղաքում, այլև համայնքի 10 գյուղերում:

«Ժամանակ առ ժամանակ «Բարեկարգում» տնօրինության կողմից աշխատանք իրականացվել է, սակայն քանի որ մենք չենք ունեցել բավարար ռեսուրս՝ համընդհանուր կերպով և ամենօրյա ռեժիմով, կամ շաբաթական մի քանի անգամ իրականացնելու բազմաբնակարան շենքերի մաքրության աշխատանքները, այդ իսկ պատճառով դրա կարիքը կար»:

Արմավիր քաղաքում աղբահանությունն իրականացվում է ամեն օր, իսկ գյուղերում՝ շաբաթը մեկ անգամ: Մաքրող տեխնիկան նույնպես փոխվել է՝ ասում է  Արմեն Հարությունյանը։ Մինչև այդ՝ 1974 թ արտադրության տրակտորներով ու մի անսարք բեռնատարով էին աշխատում:

«2023թ ընթացքում ձեռք ենք բերել «Կամազ» մակնիշի 2 նոր աղբատար մեքենաներ, էքսկավատոր, ավտոգրեյդեր, բազմաֆունկցիոնալ ջրցան մեքենա, որը ձմռան ամիսներին նաև օգտագործվում է  փողոցները ձնից մաքրելու համար: Ներկա պահին «Բարեկարգում» տնօրինության ավտոպարկը կարելի է ասել համալրված է  անհրաժեշտ տրանսպորտային բոլոր միջոցներով՝ քաղաքում  աղբահանությունը պատշաճ կազմակերպելու համար»:

Համայնքում անվճար ծառայություններ են մատուցում  նաև Պրոբացիոն ծառայության շահառուները: Նրանց հանրային աշխատանքը նույնպես ուղղված է սանիտարական մաքրությանը, համայնքի բարեկարգմանը: Այդ աշխատուժը որոշակի օգնություն է բնակավայրին՝ ասում է Խանջյան գյուղի վարչական ղեկավար Սահականուշ Արոյանը:

«Մեր զբոսայգին  մոտ 2 հա է: Անցած տարվա ընթացքում զբոսայգու խոտն են քաղել, ծառերն են էտել, փայտն են հավաքել: Հանրօգուտ աշխատանք են կատարում, որն իրենց վրա բավականին դրական ազդեցություն է ունենում: Կարևորը սիրով են աշխատում»:    

Շրջակա միջավայրը մաքուր պահելու նախապայմաններից է նաև կանաչապատումը: Արմավիր քաղաքի աղբավայրից քիչ հեռու նախատեսվում է հիմնել փոքրիկ անտառաշերտ:

Կարդացեք նաև

Back to top button