ՄիջազգայինՌեպորտաժներ

Նոր ավիակիր և հետախուզական թռիչքներ Իրանի մոտ․ ի՞նչ պայմաններում է Թրամփն ակնկալում համաձայնության հասնել Թեհրանի հետ

ԱՄՆ-ն պատրաստվում է Մերձավոր Արևելք ուղարկելու երկրորդ ավիակիրը՝ հայտնում է միջազգային մամուլը։ ԱՄՆ նախագահն էլ հույս է հայտնում, որ շուտով հնարավոր կլինի Իրանի հետ համաձայնություն կնքելու։

Թե իրադարձություններն ինչ ընթացք կունենան, դեռ պարզ չէ։ Իրանում բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ տեղի ունեցածի և միջուկային ծրագրի հարցում համաձայնության չհանգելու ֆոնին վերլուծությունները լավատեսական չեն։

Wall Street Journal-ը գրում է, որ ԱՄՆ-ն տարեսկզբին հազարավոր Starlink տերմինալներ է ուղարկել Իրան ՝տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում, նպատակ ունենալով ինտերնետ հասանելիություն ապահովելու այնտեղ։

Իրանի հետ բանակցություններին զուգահեռ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է ավիակիր ուղարկել տարածաշրջան, եթե Թեհրանի հետ համաձայնության չհասնեն միջուկային ծրագրի հարցում։

NYT-ը հաղորդում է, որ Gerald R. Ford ավիակրի հարվածային խումբը Պարսից ծոցում կմիանա Abraham Lincoln–ի խմբին։ Սա ևս մի քայլ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ Իրանի նկատմամբ ճնշումը մեծացնելու արշավի շրջանակում։ Պենտագոնը, սակայն, չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Այս շաբաթվա սկզբին Թրամփը Axios պարբերականին հայտնել էր, որ քննարկում է տարածաշրջանում ևս մեկ ավիակիր և դրան ուղեկցող տորմիղ տեղակայելու հարցը։

«Կա՛մ մենք համաձայնության կհանգենք, կա՛մ ստիպված կլինենք շատ կոշտ միջոցներ ձեռնարկելու, ինչպես նախորդ անգամ»,-ասել է Թրամփը։ Նա պնդում է, որ գործարքը պետք է տեղի ունենա, քանի որ Իրանը վերջին տարիներին անազնիվ է եղել Միացյալ Նահանգների նկատմամբ։

Ավելի ուշ Associated Press-ը տեսանյութ հրապարակեց, թե ինչպես է ամերիկյան երկրորդ ավիակիրը շարժվում Մերձավոր Արևելք։ Տեսանյութը մեկնաբանում է գործակալության թղթակից Ջոն Գամբերը․

«Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է ուղարկում երկրորդ ավիակիրը։ Սա տեղի է ունենում Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բարձր լարվածության ֆոնին։ Ամերիկյան Gerald R. Ford-ը կհասնի Մերձավոր Արևելք։ Այժմ այն Կարիբյան ավազանում է, որտեղ մասնակցել է ռազմական գործողություններին, երբ ամերիկացիները գերի վերցրին Վենեսուելայի նախկին առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին և տարան Միացյալ Նահանգներ։ Այժմ Ford-ը աշխարհի ամենամեծ ավիակիրն է և շարժվում է դեպի Abraham Lincoln–ը, որը արդեն տարածաշրջանում է»։

Վաշինգտոնը և Թեհրանը վերսկսեցին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները այս ամիս։ Փետրվարի 6-ին Օմանում տեղի ունեցան անուղղակի բանակցություններ։ Ամերիկյան պատվիրակությունը, որը գլխավորում էր նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը, Թեհրանից զիջումներ պահանջեց մի քանի ճակատում, այդ թվում՝  միջուկային ծրագրի, հրթիռային զինանոցի և Մերձավոր Արևելքում միջնորդ ուժերին աջակցելու հարցում։

Իրանը պնդում է, որ պատրաստ է վերսկսելու միջուկային համաձայնագրի քննարկումները պատժամիջոցները մեղմացնելու դիմաց։ Բանակցությունների առաջին փուլից հետո կողմերը դրական գնահատեցին այն, բայց ընդգծեցին, որ տարաձայնությունները մնում են։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որը գլխավորում էր իրանական պատվիրակությունը, հայտարարեց, որ իր երկիրը կշարունակի ուրան հարստացնել խաղաղ նպատակներով։ Նա ընդգծեց, որ Թհրանը հրաժարվում է «զրոյական հարստացման» պայմանը ընդունելուց։ Associated Press-ը այսպես է ներկայացնում իրավիճակը․

«Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները կարծես փակուղի են մտել: Թրամփը մտադրված էր, որ ավելի շատ բանակցություններ տեղի ունենան, բայց այս շաբաթ բանակցություններ տեղի չունեցան, և մենք տեսանք, որ Իրանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան հեռացավ Օմանից և Կատարից առանց որևէ քայլի՝ բանակցային սեղանին վերադառնալու ուղղությամբ»:

Flightradar 24-ը հաղորդում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի Poseidon ինքնաթիռները հետախուզություն են անցկացրել Իրանի մոտ՝ Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում։

Թեհրանը նույնպես սկսել է անօդաչուներով հսկել Իրանին կից ջրային տարածքները։ Անցած շաբաթ, սակայն,  ամերկացիները խոցել էին Abraham Lincoln ավիակիրին մոտեցած իրանական անօդաչու սարքը։

Հակառակ լարվածությանը՝ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ հույս ունի եկող շաբաթ Իրանի հետ համաձայնագիր կնքելու։ Բայց նաև սպառնաց, որ հակառակ դեպքում հետևանքները Թեհրանի համար շատ ծանր կլինեն։

«Մենք պետք է համաձայնագիր կնքենք: Հակառակ դեպքում դա շատ տրավմատիկ է լինելու, շատ տրավմատիկ: Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց մենք պետք է համաձայնագիր կնքենք: Նրանք պետք է համաձայնագիր կնքեին առաջին անգամ, և փոխարենը ստացան Midnight Hammer-ը: Եվ սա շատ տրավմատիկ կլինի Իրանի համար, եթե նրանք համաձայնագիր չկնքեն: Տեսեք, եթե նրանք համաձայնագիր չկնքեն, ապա դա այլ պատմություն կլինի: Լավ հանդիպում ունեցա Նեթանյահուի հետ, և նա հասկանում է։ Բայց, ի վերջո, դա ինձնից է կախված։ Եթե շատ արագ գործարք չկնքվի Իրանի հետ, ապա, կարծում եմ, նրանց շատ դժվար ժամանակներ են սպասում։

Այո՛, դա չպետք է երկար տևի, դա պետք է արագ տեղի ունենա։ Նրանք պետք է շատ արագ համաձայնության հանգեն»։

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին ասել է, որ այժմ որոշիչ պահ է, քանի որ հին աշխարհակարգն այլևս չկա, և հիմա աշխարհն  ապրում է նոր դարաշրջանում, իսկ դա պահանջում է վերաիմաստավորել տեղի ունեցող փոփոխությունները։

Կարդացեք նաև

Back to top button