
101 տարեկանում մահացել է ռուս պատմաբան ու հրապարակախոս Ռոյ Մեդվեդեւը, հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։
Նշվում է, որ մահվան հավանական պատճառը սրտային անբավարարությունն է։
Մեդվեդեւը խորհրդային շրջանում առաջին գիտնականներից էր, որ սկսեց զբաղվել ստալինիզմի խնդիրներով։ Նրա «Պատմության դատաստանի առաջ» գիրքը, նվիրված ստալինյան բռնություններին, պատճառ դարձավ, որ հեռացվի կոմունիստական կուսակցությունից։
Ռոյ Մեդվեդեւը խորհրդային այն պատմաբաններից էր, որը քննադատում էր Հայոց ցեղասպանության մասին ԽՍՀՄ պաշտոնական լռությունը, քննության առնում ԽՍՀՄ-ում ազգային հարցը եւ քննադատում Մոսկվայի քաղաքականությունը Դեռ 1988 թվականին նա իր հրապարակային մեկնաբանություններում քննում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի պատմական նախադրյալները։ Լինելով խորհրդային այլախոհական շարժման ներկայացուցիչ, կապեր ուներ հայ այլախոհների հետ։
Նրա եղբայրը՝ հայտնի կենսաբան Ժորես Մեդվեդեւը, 1970-ական թվականներին զրկվել էր խորհրդային քաղաքացիությունից։




