Հասարակություն

Քննարկվել են Խորվաթիայում TUMO կենտրոնների բացման հեռանկարները

Փետրվարի 4-5-ին Պրահայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Զագրեբում, հայտնում են դեսպանությունից։

ՀՀ դեսպանին ընդունել է Խորվաթիայի մշակույթի և մեդիաների նախարար Նինա Օբուլյեն Կորժինեկը: Բարձր գնահատական է տրվել Զագրեբի երաժշտական ակադեմիայի և Երևանի կոնսերվատորիայի միջև ակտիվ համագործակցությանը, կատարողների և ուսանողների փոխանակումներին, որոնցում մեծ ավանդ են ունեցել Ակադեմիայի պրոֆեսոր Ռուբեն Դալիբալթայանը և Հայ-խորվաթական միության փոխնախագահ, դաշնակահար Էվա Կիրխմայեր Բիլիչը:

Քննարկվել են այլ բնագավառներում համագործակցության հեռանկարները, մշակութային համագործակցության մասին երկկողմ համաձայնագրի արդիականացումը, մշակութային փառատոններին և կոնֆերանսներին մասնակցությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում համագործակցությունը:

Խորվաթիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարությունում դեսպան Հովակիմյանին ընդունել են քաղաքական հարցերով պետական քարտուղար Ֆրանո Մատուշիչը, եվրոպական հարցերով պետական քարտուղար Անդրեյա Մետելկո Զգոմբիչը, արտաքին առևտրի և զարգացման համագործակցության պետական քարտուղար Զդենկո Լուցիչը, ինչպես նաև ԱԵԳՆ Ռազմավարական կապակցվածության հարցերով հատուկ բանագնաց և Երեք Ծովերի նախաձեռնության ազգային համակարգող, դեսպան Ռոմանա Վլախուտինը:

Խորվաթիայի խորհրդարանում (Սաբորում) կայացել է ՀՀ դեսպանի հանդիպումը Խորվաթիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Դարիո Պուշիչի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա ակտիվացման և ընդլայնման, բարձրաստիճան այցերի կազմակերպման հեռանկարները, Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող զարգացումները, միջազգային հարթակներում համագործակցությունը։

Դեսպան Հովակիմյանը գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումն ու այլ ընթացիկ գործընթացները։

ՀՀ դեսպանն այցելել է Զագրեբի իննովացիոն կենտրոնը (ZICER), որտեղ շրջայց է կատարել և հանդիպում ունեցել կենտրոնի գործադիր տնօրեն Ֆրանե Շեսնիչի հետ: Քննարկվել են հայկական և խորվաթական ստարտափերի համագործակցության և Խորվաթիայում TUMO կենտրոնների բացման հեռանկարները:

Կայացավ նաև դեսպանի հանդիպումը Հայ-խորվաթական միության անդամների հետ:

Կարդացեք նաև

Back to top button