
Սպիտակ տան այցելությունների սրահում երեքշաբթի ցուցադրության է հանվել Ղազիրի որբանոցի հայ աղջիկների գործած գորգը, որը հայտնի է որպես «Հայ որբերի գորգ»: Ինչպես գրում է Asbarez-ը` «Հայոց որբերի գորգի» երկար սպասված ցուցադրությունը կտևի մեկ շաբաթ: Ցուցադրությունը բացվել է մամուլիս ասուլիսով, որն անցկացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Դևիդ Վալադոն:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նախքան ասուլիսն այցելել է գորգի ցուցադրությանն ու հետևյալ հայտարարությունն արել. «Հայոց որբերի գորգի այսօրվա ցուցադրությունը Սպիտակ տանը վկայում է ամերիկացի ժողովրդի մեծահոգության մասին, ում աննախադեպ մարդասիրական օգնությունը փրկել է Հայոց ցեղասպանության հարյուր-հազարավոր վերապրածների, այդ թվում՝ հայոց որբերին, ովքեր ստեղծել են արվեստի այս եզակի գործը»,-նշել է Արամ Համբարյանը` շարունակելով. «Ցավոք, ցուցադրության նկարագրության մեջ խուսափողական բառերի օգնությամբ արվեստի և պատմության կարևոր այս աշխատանքը զրկվում է իր բարոյական և պատմական իմաստից: Այն զրկում է նաև այցելուներին՝ Հայոց ցեղասպանության մասին տեղեկանալու և ապագայում նմանատիպ վայրագությունները կանխելու հնարավորությունից»,-ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը:




