Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև Ռուսաստանի պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է փետրվարի 17-ին և 18-ին ԱՄՆ-ում, չորեքշաբթի՝ փետրվարի 11-ին, Bloomberg-ին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա հայտնել է, որ արդեն ընդունել է Վաշինգտոնի առաջարկը։ Սակայն, դեռևս պարզ չէ, թե արդյոք Ռուսաստանը կհամաձայնվի այս հանդիպմանը, նշում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ բանակցությունների նոր փուլի ընթացքում երկրների ներկայացուցիչները «կկենտրոնանան տարածքային բարդ հարցի վրա» և կքննարկեն Դոնբասում բուֆերային «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու ԱՄՆ առաջարկը։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկու պատերազմող կողմերն էլ կասկածանքով են վերաբերվում այս ամերիկյան գաղափարին։ «Մենք տարբեր տեսակետներ ունենք այս հարցում։ Եվ մենք համաձայնության ենք եկել հետևյալի շուրջ. եկեք վերադառնանք հաջորդ հանդիպմանը՝ պատկերացնելով, թե ինչպիսին կարող է այն լինել», — Bloomberg-ին ասել է Զելենսկին։
Փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Վաշինգտոնը Կիևի և Մոսկվայի պատվիրակություններին առաջարկել է փետրվարի 9-ից սկսվող շաբաթվա ընթացքում Մայամիում նոր բանակցությունների փուլ անցկացնել, և ինքն ընդունել է այդ առաջարկը։
Զելենսկու խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառ, քանի որ հունիսից ԱՄՆ համար կլինի այլ առաջնահերթություն՝ Կոնգրեսի ընտրությունները։




