
Ալբերտ Ավետիսյան
«Ռադիոլուր»
Եվրոպական հանձնաժողովն իր վերջին զեկույցում անդրադարձել է Հայաստանին՝ փաստաթղթում շեշտելով, որ երկիրը կարող է դառնալ կարևոր կամուրջ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։ Փորձագետները սա համարում են եվրոպական կողմի արձագանքը պաշտոնական Երևանի հայտարարությանը, որով խոսք էր գնացել ապաշրջափակման գործընթացում Թրիփփին այլընտրանք նոր հաղորդուղիների գործարկման մասին։ Տարբեր գնահատականներով՝ սա ոչ միայն նոր եկամուտներ կբերի, այլև կնպաստի խաղաղությանն ու սահմանամերձ առևտրի զարգացմանը։
Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է «Միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի առաջխաղացում» ուսումնասիրությունը, որում․
«Հայաստանը ներկայացված է որպես կարևոր դերակատար Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև տրանսպորտային և առեւտրային երթուղիների վերականգնման գործում»։
Հրապարակված փաստաթղթում գնահատումներ կան, թե որքան ներդրում կարող է պահանջվել տրանսպորտային, էներգետիկ և թվային այն ենթակառուցվածքներում, որոնցում Հայաստանն ընդգրկված է կամ կարող է ընդգրկվել որպես հիմնական տրանզիտային երկիր «Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքում», որը կապում է Եվրոպան, Հարավային Կովկասը, Թուրքիան և Կենտրոնական Ասիան։
Մասնագիտական դաշտում դեռ ընթացքի մեջ գտնվող այս ուսումնասիրությունը գնահատում են որպես եվրոպական կողմի պատասխան արձագանքը պաշտոնական Երևանի հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել ոչ միայն Սյունիքով անցնող հաղորդուղիները, այլև նոր երթուղիներ տրամադրել երկրի տարածքով։
Այս տարածաշրջաններին իրար կապելու հանձնառության մասին խոսել էր նաև վարչապետ Փաշինյանը Բրյուսելում «Համաշխարհային դարպասներ» երկրորդ համաժողովին՝ հայտարարելով Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ կապակցվածության կարևոր հանգույց դառնալու մտադրության մասին։
«Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Եվրոպական միության ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում շատ ճիշտ պահի, և Հայաստանը պատրաստ է կամուրջ կառուցել այս տարածաշրջանների միջև՝ խթանելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերը, այլև թվային, էներգետիկ և կարգավորող դաշտի փոխգործունակությունը և կառուցակարգային համապատասխանեցումը Եվրամիության հետ։ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։ Զարգացող այս գործընկերությունը եզակի հնարավորություններ է ստեղծում, որպեսզի Հայաստանն ավելի խորը և ռազմավարական մակարդակում մասնակից դառնա Եվրոպայի կապակցվածության զարգացող տեսլականին, մասնավորապես՝ «Համաշխարհային դարպասներին», Սևծովյան ռազմավարությանը, Միջին միջանցքին, Անդրեվրոպական տրանսպորտային ցանցին և այլոց»։
Իսկ հաջորդիվ Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում վարչապետն անդրադարձել էր Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ճանապարհների բացմանը` նշելով, որ Հայաստանն ամեն օր պատրաստ է ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։
«Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար՝ Մարգարա-Եղեգնաձոր- Սիսիան-Գորիս երթուղով»,-ասել էր վարչապետը։ Խոսելով Հայաստան-Թուրքիա դրական երկխոսության մասին՝ Փաշինյանը հույս էր հայտնել, որ առաջիկայում կարող է լինել նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացում։
Թբիլիսիում ընդգծվել էր, որ քաղաքական առումով Հայաստանը պատրաստ է ապահովել նաև Նախիջևանից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև Թուրքիայի և Նախիջևանի և Թուրքիայի ու Ադրբեջանի հիմնական մասի միջև տարանցումը Հայաստանի տարածքով, բայց տեխնիկապես պատրաստ չէ, քանի որ այդ հատվածներում երկաթուղին նորոգման կամ վերակառուցման կարիք ունի։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը, խոսելով փաստաթղթի հիմնական շեշտադրումների մասին, պատահական չի համարում Եվրամիության հետաքրքրվածությունը՝ այս կամ այն կերպ մասնակից լինելու Թրիփփի գործարկմանը՝ տարատեսակ ուղղություններով կատարելով ներդրումներ․ Հայաստանն այւս համատեքստում դիտարկվում է Եվրոպան Կենտրոնական Ասիային կապելու կարևոր օղակ ու կապուղի։
«Հայաստանն այս հարցում, բնականաբար, ունի և՛ տնտեսական, և՛ քաղաքական և՛ աշխարհաքաղաքական շահեր։ Ամբողջ աշխարհում բոլոր երկրները ուզում են, որ իրենց տարածքով անցնեն այդպիսի խոշոր նախագծերը։ Դա և ֆինանսական, այսպես ասած դիվիդենտներ է ենթադրում, և նաև քաղաքական, և անվտանգային շահեր։ Պատկերացրեք, եթե Հայաստանում այդպիսի մեծ նախագիծ է անցնում Հայաստանով, ուրեմն Հայաստանի կշիռը և արժեքը տարածաշրջանում մեծանում է, և հետևաբար նաև Հայաստանի վրա հարձակումը»։
Վարդանյանը նկատում է՝ ԵՄ-ն տարբեր ծրագրերով ի ցույց է դնում, որ հետաքրքրված է տարածաշրջանային ծրագրերով։ Դրանցից «Ռադիոլուրի» զրուցակիցն առանձնացում է Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցումը, որին ուղղվել են եվրոպական միջոցներ։
Վերառանալով «Միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի առաջխաղացում» թեմայով ուսումնասիրությանը․ թեև դրանով նախանշված՝ տնտեսական ազդեցության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են, եվրոպացի փորձագետներն արդեն որոշակիացրել են ու ընդգծել կարևոր մի գնահատում․ այն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկաթուղային կապը Սյունիքի տարածաշրջանով կարող է բեռնափոխադրման ժամանակը կրճատել մինչև 25%-ով՝ համեմատած ավանդական Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղու հետ։
Եվրոպական հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ն ակտիվորեն առաջ է մղում միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգը, որը միտված է միավորել ոչ միայն տարածաշրջանային գործընկերներին, այլև ներգրավել եվրոպական երկրներին՝ արդյունավետ տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և թվային կապեր ստեղծելու շուրջ։
«Այս համալիր մոտեցումը ներառում է ոչ միայն ենթակառուցվածքների ստեղծման հարցեր, այլև մասնագիտական ձևակերպմամբ՝ soft connectivity, այն է՝ մաքսային գործընթացների, քաղաքական ու իրավական հարցերի համահարթեցման քայլեր։
Որն է ուսումնասիրության հիմնական նպատակը․ Եվրամիության գնահատման նպատակն է որոշակիացնել տարածաշրջանային կապակցվածության առաջնահերթությունները և ուղենիշները՝ դիտարկելով Կենտրոնական Ասիայի կապերը ԵՄ-ի հետ զարգացնելու ուղիները։
Այս գնահատումը ոչ թե պարզապես տեխնիկական փաստաթուղթ է, այլև առաջիկա որոշումների, ներդրումային ծրագրերի, քաղաքական առաջարկությունների հիմք։ Այն ներկայացնում է վերլուծություն՝ տարածաշրջանային կապերի զարգացման հնարավորությունների, խոչընդոտների, ներդրումային պոտենցիալի և շահառուների միջև առավել արդյունավետ համագործակցության մեխանիզմների մասին։




