ԿարևորՄիջազգային

ԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը` ամերիկա-իրանական այսօրվա բանակցությունների ֆոնին

ԱՄՆ իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Իրանը, ինչպես նաեւ խորհուրդ են տվել կազմել երկրից ինքնուրույն դուրս գալու ծրագիր՝ հույս չդնելով կառավարության օգնության վրա։

Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանության հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրի քաղաքացիները կարող են ձերբակալվել նույնիսկ միայն ամերիկյան անձնագիր ունենալու պատճառով։

«Եթե չեք կարող լքել տարածքը, գտեք անվտանգ տեղ ձեր տանը կամ մեկ այլ անվտանգ շենքում։ Սննդի, ջրի, դեղերի եւ անհրաժեշտ այլ ապրանքների պաշար հավաքել։ Խուսափեք ցույցերից, պահեք ձեզ աննկատ եւ ուշադիր եղեք շրջապատի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Որպես Իրանից դուրս գալու հնարավոր ուղիներ՝ այս անգամ էլ ԱՄՆ իշխանությունները նշել են ցամաքային ճանապարհները` Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով։

Այս հաղորդագրությունը հրապարակվում է Օմանում այսօր նախատեսված իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին։

Հունվարին ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելք է տեղափոխել ռազմածովային ուժերի հարվածային ավիակիր խումբ՝ Աբրահամ Լինքոլն ավիակիր գլխավորությամբ։

Իր հերթին Իրանը նոր ստորգետնյա հրթիռային համալիրում տեղակայել է մեծ հեռահարության «Խորրամշահր-4» բալիստիկ հրթիռը։ Այս մասին էլ հաղորդում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած Fars գործակալությունը։ Հրթիռի թռիչքի հեռահարությունը կազմում է մինչեւ 2000 կմ։

«Գնահատականներով՝ մարտական գլխիկը կարող է կրել մեկ տոննայից ավելի պայթուցիկ նյութ, ինչը այն դարձնում է իրանական հրթիռային ծրագրի շրջանակում մշակված ամենախոշոր մարտական գլխիկներից մեկը»,- գրում է Fars-ը։

Նոր ստորգետնյա համալիրն գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի ենթակայության տակ եւ բացվել է փետրվարի 4-ին։

Կարդացեք նաև

Back to top button