
Նոր ատոմակայանը կլինի մոդուլային, կարեւոր արձանագրումն ու որոշումը ընդունվել է, այսօր հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա տեղեկացրել է, որ ԱԷԿ-ի մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում դեռ չի ընդունվել։ «Մոդելի ընտրության հարցը, կարծում եմ, կիրականացվի արդեն 2026 թ.- ին կամ 2027 թ.- ին։ Շատ շտապելու անհրաժեշտություն էլ չունենք։ Կախված մոդելի ընտրությունից, արդեն կորոշվի նաև, թե որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը»։
Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցում հետաքրքրված են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Հարավային Կորեան եւ Ֆրանսիան։
Նախարարը շեշտել է, որ մոդուլային ատոմակայանները լայն տարածում չունեն եւ լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն կա։
Միաժամանակ կշարունակվի գործող Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու աշխատանքները։ «Այդ մասով ունենք կնքված պայմանագրեր, աշխատանքը իրականացվում է օրացուցային գրաֆիկին համապատասխան»,- ասել է նա։




