
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է անձամբ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել խաղաղության պայմանները, «Եվրոպեյսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Կիևը բաց է նման հանդիպման համար։
«Նախագահը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և քննարկել խաղաղության պայմանները»,-նշել է Սիբիգան՝ միաժամանակ ընդգծելով, որ ներկայումս հենց Ռուսաստանն է հանդիսանում խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտը։
Նրա խոսքով՝ Դավոսի քննարկումներից հետո բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց է արձանագրվել, այդ թվում՝ Աբու Դաբիում անցկացված եռակողմ բանակցությունների շրջանակում։ Սիբիգան կարևորել է ԱՄՆ-ի շարունակական ներգրավվածությունը՝ նշելով, որ ամերիկյան կողմի ակտիվ մասնակցությունը առանցքային նշանակություն ունի գործընթացի առաջմղման համար։
ԱԳ նախարարի փոխանցմամբ՝ տեղի են ունեցել նաև ուկրաինական և ռուսական պատվիրակությունների անդամների շփումներ, որոնց ընթացքում նկատվել է ռուսական պատվիրակության կազմի որակական փոփոխություն։
«Քննարկումները եղել են կենտրոնացված և գործնական՝ առանց կեղծ պատմական դասախոսությունների»,-նշել է նա։
Սիբիգան հավելել է, որ առանձին բանակցային ուղի է ձևավորվել ռազմական բլոկի, ռազմական հետախուզության և Գլխավոր շտաբի ներկայացուցիչների միջև, որտեղ քննարկվել են հրադադարի կամ զինադադարի հնարավոր պարամետրերը, մոնիթորինգի մեխանիզմները և կողմերի պարտավորությունները։
Խոսելով դիվանագիտական մակարդակի շփումների մասին՝ Ուկրաինայի ԱԳ նախարարը նշել է, որ Կիևը չի տեսնում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ առանձին հանդիպման անհրաժեշտություն՝ ընդգծելով, որ զուգահեռ բանակցային ուղիների ստեղծումը նպատակահարմար չէ։
Նրա խոսքով՝ 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը Ուկրաինան և Ռուսաստանը առանձին-առանձին կստորագրեն Միացյալ Նահանգների հետ, իսկ ԵՄ երկրները չեն լինելու ստորագրողների թվում։
Միաժամանակ նա նշել է, որ ամենազգայուն հարցերը, մասնավորապես տարածքների և անվտանգության երաշխիքների վերաբերյալ, դեռևս մնում են չլուծված։




