
Իրանի շուրջ լարվածությունը և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի անկախության վերաբերյալ մտահոգությունների աճը հանգեցրել են ոսկու գների կտրուկ աճի: Երկուշաբթի՝ հունվարի 12-ի գիշերը, մեկ տրոյական ունցիա ոսկու գինը հասել է գրեթե 4600 դոլարի, որից հետո ընկել է, սակայն առավոտյան գնանշումները մնացել են 4578 դոլարի վրա, ինչը նախորդի համեմատ մոտ 1.5 տոկոսով ավելի է:
Ոսկին տարվա սկզբից ի վեր աճել է մոտ վեց տոկոսով: Անցյալ տարի այդ թանկարժեք մետաղի գինը բարձրացել է 65 տոկոսով: Նույն ժամանակահատվածում արծաթը թանկացել է գրեթե 150 տոկոսով:
Երկուշաբթի օրը մեկ ունցիա արծաթի գինը բարձրացել է ևս չորս ու կես տոկոսով՝ հասնելով 83.45 դոլարի, որը մի փոքր ցածր է 2025 թվականի վերջին գրանցված ռեկորդային բարձրակետից:
Առևտրականները թանկարժեք մետաղների գների աճը հիմնականում կապում են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Բացի այդ, փորձագետները նշում են, որ ներդրողների շրջանում աճում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի անկախության վերաբերյալ կասկածները։
Այս մտահոգությունները մեծացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելի միջև հակամարտության ֆոնին։ Փաուելը քննադատել է իր դեմ հարուցված քրեական հետաքննությունը, այն անվանելով Դաշնային պահուստային համակարգի որոշումների վրա ազդելու փորձ։
Փաուելի խոսքով՝ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Դաշնային պահուստային համակարգին ուղարկել է դատական ծանուցումեր, որոնք կապված են Վաշինգտոնում կենտրոնական բանկի շենքերի երկարաժամկետ վերանորոգման վերաբերյալ Սենատում տված իր ցուցմունքի հետ։
Դաշնային պահուստային համակարգի նախագահը շեշտել է, որ մեղադրանքները օգտագործվում են միայն որպես պատրվակ։ Նա խոսքով՝ խնդիրն այն է, թե Դաշնային պահուստային համակարգը կկարողանա՞ շարունակել տոկոսադրույքները սահմանել ոչ թե քաղաքական ճնշման տակ, այլ տնտեսական իրողությունների հիման վրա։




