ԿարևորՀասարակություն

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը

Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածհայտնություն» ընդհանուր անվամբ: 

qahana.am-ից հայտնում են, որ ավանդությունը պատմում է, որ Սուրբ Ծնունդն ազդարարվեց նաև աստղի միջոցով։ Բեթղեհեմի երկնքում շողացող աստղը առաջնորդեց դեպի Մանուկ Հիսուս։ 

Քրիստոս ծնվեց հասարակ քարայրում, որ, ըստ հոգևոր հայրերի, խորհրդանիշն է մեր հոգիների՝ աղքատ առանց Փրկչի։ Սուրբ Ծնունդը հնարավորություն է՝ հարստացնելու մեր հոգին՝ թույլ տալով, որ Քրիստոս ծնվի մեր կյանքում։  

Մարգարեության սկիզբը. Ս. Ծնունդ

Ս. Ծնունդով կատարվեցին մարգարեությունները. ծնվեց Փրկիչը։ Օգոստոս կայսեր հրամանով մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուրը գնաց իր ծննդավայր` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ գնաց Բեթղեհեմ: Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրացան, չգտնվեց գիշերելու տեղ, նրանք տեղավորվեցին մի քարայրում, ուր ծնվեց Հիսուսը: Ծննդյան վկաները հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի մասին.

«Ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի։ Քանզի այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ Օծյալն է՝ Տերը»։  (Ղուկ. 2:10-11):  

Այնուհետև արևելքից եկան մոգերը կամ, ավանդության համաձայն, երեք արքաները:

Աստվածհայտնություն

Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը և հայտնությունը, Աստվածհայտնությունը: Տեր Հուսիկը բացատրում է՝ Աստվածհայտնություն նշանակում է՝ Աստված մարդացավ, մարմնացավ, հայտնվեց ժողովրդին։ Ծնվեց ու երեսուն տարի անց՝ կրկին հունվարի 6-ին, մկրտվեց: Այդ ժամանակ Հայր Աստված վկայում է. 

«Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։ (Մատթ. 3:17)

Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածհայտնությունը: 

Սուրբ Պատարագ

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ։ Ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը: Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը ու հավատացյալներն այդ ջրից տուն են տանում՝ որպես օրհնություն, բուժիչ դեղ: 

Սուրբ Ծնունդը նաև հույսի տոն է, լցվե՛նք հույսով ու այն չկորցնենք ոչ մի դեպքում:

Կարդացեք նաև

Back to top button