ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

TRIPP-ում Ռուսաստանի ներկայության բացառում, երկկողմ առևտուր ու +1 պայման՝ խաղաղության համար․ Բայրամովի տարեվերջյան ասուլիսը

Բաքվից նախօրեին հնչել են մի շարք հայտարարություններ ու նոր ակնարկներ` ուղղված Երևանին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ձևակերպել է, որ Երևանը Բաքվին հայտնել է, որ TRIPP-ով անցնող երկաթուղու հատվածը չի վերաբերում Ռուսաստանին։ Հնարավոր է, ասել է Բայրամովը, Հայաստանը, ստանձնելով TRIPP-ի մասով պարտավորությունները, նաև հաշվի է առել երկաթուղու մասը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նաև խոսել է Խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմաններից՝ կրկնելով թեզը, թե Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ և առաջին անգամ դրան ավելացրել ևս մեկ պայման․ ադրբեջանական կողմը կստորագրի խաղաղության համաձայնագիրը միայն Հայաստանի՝ TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման դեպքում։

Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկայում կակտիվացնեն առևտուրը այլ ոլորտներում ևս

Ադրբեջանն ու Վրաստանը համաձայնեցրել են Վրաստանի տարածքով Հայաստան բեռնափոխադրումների սակագնի հարցը՝ վստահեցրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով՝ դեկտեմբերի սկզբին Վրաստանի կիրառած սակագնային քաղաքականությունը խոչընդոտում էր Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումը, ինչը հարցեր էր առաջացրել Ադրբեջանում, քանի որ այս մոտեցումն անհամատեղելի էր գործող պրակտիկայի հետ։

«Վրաստանի ղեկավարությունն արագ միջամտեց, և խնդիրը լուծվեց: Սակագինը համաձայնեցվեց ընկերությունների միջև՝ լիովին համապատասխանելով շուկայական պայմաններին»,- հայտարարել է Բայրամովը և ընդգծել, որ խնդիրը լուծվել է, և այդ ուղին կրկին կօգտագործվի։

Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին խմբաքանակի տարանցման համար Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ «Վրացական երկաթուղին» անվճար է իրականացրել առաջին բեռնափոխադրումը։ Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ, անդրադառնալով վրացական երկաթուղու տարանցման սակագնի հետ կապված խնդրին, ասել էր, որ եթե հարցը չկարգավորվի, ապա տրամաբանորեն տնտեսվարողներն այլընտրանքային ձևեր կփնտրեն՝ ներմուծումը և արտահանումը ապահովելու համար: Փաշինյանը նաև ընդգծել էր, որ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը խաղաղության՝ ձև ու բովանդակություն ունեցող արդյունքներից  է․

«Ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտուր կլինի,  այսինքն՝  հիմա Ադրբեջանից դեպի Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի»։

Ադրբեջանական բենզինով բեռնված 22 վագոններով գնացքը՝ 1300 տոննա, Հայաստան հասավ դեկտեմբերի 19-ին։ Բենզինն արդեն վաճառվում է հայաստանյան բենզալցակայաններում 430 դրամով։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ սա էականորեն ավելի էժան է նույն որակի այլ ընկերությունների բենզինի համեմատ․

«Դա «պրեմիում» բենզին է՝ 430 դրամ, իսկ այդպիսի բենզինը սովորաբար մեր երկրում 505-520 դրամ է, այսինքն՝ մինչև 90 դրամով ավելի ցածր գնով է վաճառվելու, ինչը լավ է։ Իհարկե, նաև տեսա, որ որոշ քաղաքացիներ նշում են, որ իրենք չեն պատրաստվում գնել այդ բենզինը։ Սիրելի քաղաքացիներ, դուք ազատ եք, հենց դա է մեր խնդիրը, որ դուք ազատ լինեք, դուք ինքներդ կորոշեք՝ որ բենզինը ընտրել և որտեղից եք»։

Թեև այս պահին Հայաստանից Ադրբեջան որևէ ապրանք չի արտահանվել, բայց մամուլում արդեն կան ենթադրություններ, թե ինչի կարիք կարող է ունենալ ադրբեջանական շուկան․ գյուղատնտեսական ապրանքներ, ալյումինի փայլաթիթեղ, ոսկե զարդեր, ֆերոմոլիբդեն, ձկնամթերեք։ Գևորգ Պապոյանն ակնկալում է, որ առաջիկայում Ադրբեջանն այս մասով հայտարարություն կանի, ինչը, նախարարի կարծիքով, Հայաստանը կհաստատի։ Ջեյհուն Բայրամովը ևս հայտարարել է, որ այլ ոլորտներում եւս առևտուր հնարավոր է։

«Երևանը Բաքվին հայտնել է, որ TRIPP-ով անցնող երկաթուղու հատվածը չի վերաբերում Ռուսաստանին». Բայրամովի հայտարարությունը հարցեր է  առաջացրել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում  նաև TRIPP-ի  վերաբերյալ է մի քանի հայտարարություն արել։ Մասնավորապես, ասել է, թե Երևանը Բաքվին հայտնել է, որ TRIPP-ով անցնող երկաթուղու հատվածը չի վերաբերում Ռուսաստանին։ «Հնարավոր է` Հայաստանը, ստանձնելով TRIPP-ի մասով պարտավորությունները, նաև հաշվի է առել երկաթուղու մասը»,-ընդգծել է Բայրամովը և նկատել, որ  երկաթուղու կառավարման պայմանագիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է մինչև 2038 թվականը, բայց հայկական կողմը Բաքվին բացատրել է իր դիրքորոշումը, ըստ որի` Սյունիքում կառուցվելիք երկաթուղու հատվածը Ռուսաստանին չի վերաբերում, քանի որ կոնցեսիոն պայմանագրի կնքման պահին այդ երկաթուղին պարզապես գոյություն չուներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս, պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին, հայտարարել էր, որ երկաթուղու որոշ հատվածներում Հայաստանը պատրաստ է Ռուսաստանից հետ վերցնել կոնցեսիան․

«Ախուրիկի հատվածում՝ Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, վերականգնում պետք է իրականացվի, և Նախիջևանի սահմանից մինչև Երասխ վերականգնման աշխատանքներ պետք է իրականացնել։ Մենք հույս հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության գործընկերները այդ աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն, եթե հանկարծ դրա հետ կապված որևէ խոչընդոտ լինի, որևէ այլ հարց առաջանա, դուք գիտեք, որ այդ հատվածները նաև ռուսական կոնցեսիայի ներքո են։ Ես նաև արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները վերցնել։ Այսինքն՝ ետ վերցնել կոնցեսիայից, և մենք պետական բյուջեի մեր միջոցներով էդ վերականգնումներ կիրականացնենք, եթե հանկարծ պարզվի Ռուսաստանի Դաշնությունը պատշաճ ժամանակում այդ աշխատանքը իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի կամ որևէ խնդիր է տեսնում»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող «Թրամփի ուղու» շինարարությունը գործնականում կմեկնարկի 2026-ի երկրորդ կեսին: Ըստ Ադրբեջանի նախագահի՝ իրենց տարածքում շինաշխատանքները կավարտվեն գարնանը:

Եվս մեկ պայման՝ Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար

Ուշագրավ է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ըստ էության, առաջին անգամ հայտարարել է, որ Խաղաղության համաձայնագրի ստորագրման՝ Ադրբեջանի միակ նախապայմանին՝ Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջին, գումարվում է ևս մեկը՝ TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Բայրամովը կրկնել է այն թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, և թե այն պետք է փոխվի և նշել, որ միայն այդ և «Թրամփի ուղու» լիարժեք կատարման դեպքում Ադրբեջանը կստորագրի խաղաղության համաձայնագիրը։

Սահմանազատումը՝ հյուսիսից հարավ

Բայրամովն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքներին։ «Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովներն ինտենսիվ աշխատում են: Սահմանազատման գործընթացը, չնայած քաղաքական է, ենթադրում է բազմաթիվ տեխնիկական մանրամասներ: Համաձայնություններ են ձեռք բերվել ընդհանուր մոտեցման վերաբերյալ. գործընթացը կիրականացվի հյուսիսից հարավ»,- ասել  է Բայրամովն ու հիշեցրել, որ ադրբեջանական Գաբալայում սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել էին հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում:

Օրերս վարչապետ Փաշինյանը նաեւ սահմանազատման թեմայով էր անդրադարձել «Ռադիոլուրի» հարցին` ըստ էության հաստատելով, որ Սյունիքով երկաթուղային հաղորդակցության հաստատումը ենթադրում է, որ սահմանազատում այնտեղ արդեն պետք է իրականացված լինի։ Սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի առնչությամբ վարչապետը հայտնել էր, որ դրանց օրակարգում փոփոխություն չկա, եւ որ նավթամթերքի ներկրման թեմայով զբաղվելը չի փոխել այդ հանձնաժողովների աշխատանքի տրամաբանությունը։

Կարդացեք նաև

Back to top button