Դպրություն

Ինչպես է ՅՈՒՆԻՍԵՖ-ը ուժեղացնում կրթությունը Հայաստանում․ 2025-ի ամփոփում․ «Դպրություն»

2025 թվականը կարևոր էր կրթության հասանելիության, որակի և ներառականության տեսանկյունից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակեց աշխատել այն ուղղությամբ, որ յուրաքանչյուր երեխա Հայաստանում ունենա անվտանգ, աջակցող և զարգացնող կրթական միջավայր։

Տարին ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի համար նշանավորվեց կրթության ոլորտում շարունակական և համակարգային աշխատանքով։ Տարվա ընթացքում կրթական նախաձեռնությունները միտված էին ոչ միայն ընթացիկ խնդիրների լուծմանը, այլև երկարաժամկետ փոփոխությունների ձևավորմանը՝ հանուն յուրաքանչյուր երեխայի զարգացման և կրթության իրավունքի իրացման։

Ալվարդ Պողոսյան

«Ընդհանուր առմամբ, ես կգնահատեի, որ մեր համագործակցությունը և աջակցությունը Հ կառավարությանը, մասնավորապես ԿԳՄՍ նախարարությանը եղել է խիստ դրական։ 2025-ից մեր ամենակարևոր դասը, որ պետք է մեզ հետ տանենք 2026 թվական, դա այն է, որ կրթական քաղաքականություն մշակողները պետք է կապը պահեն կրթության շահառուների հետ։ Այս երկխոսության պահպանումը շատ կարևոր է»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը։

Կրթության որակը որոշվում է ոչ միայն ուսումնական նյութերով, այլև ուսուցման մեթոդներով ու միջավայրով։ 2025 թվականին շեշտը դրվել է հմտությունների զարգացման վրա։

Հասմիկ Ալեքսանյան

«Մենք աշխատում ենք կառավարության հետ տարբեր համայնքներում՝ Երևանում, մարզերում, որպեսզի կարողանանք ապահովել թե՛ դպրոցահասակ երեխաների, թե՛ դեռահասների ու երիտասարդների կրթությունը՝ ֆորմալ և ոչ ֆորմալ միջավայրերում։ Այս տարվա մեր առաջնահերթություններից և հաջողություններից մեկն այն է, որ ԿԳՄՍ նախարարության հետ կարողացանք ի վերջո ունենալ երիտասարդության քաղաքականության մասին օրենքը։ Շատ կարևոր է երիտասարդների ներգրավվածությունն իրենց մասին, իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացում։ Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում մենք բավականին հաջողություն ենք ունեցել, երբ աշխատել ենք դեռահասների և երիտասարդների հետ՝ փորձելով հասկանալ, թե իրենց կարիքները որոնք են»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդների զարգացման ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը։

Կարդացեք նաև

Back to top button