ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գրիպի աճը վերահսկվում  է․ ԱՆ-ը չի դիտարկում դասերի դադարեցում

Սուր շնչառական վարակների ակտիվացում է դիտվում թե՛ ըստ ամբուլատոր օղակ, թե՛ հիվանդանոց դիմելիության՝ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է առողջապահության նախարարը; Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է, որ շրջանառվում է H3N2 ատիպիկ գրիպը, բայց այս պահին չկա այն համաճարակային իրավիճակը, որ ընդհանուր դասապրոցեսը կանգնեցվի, սակայն դպրոցներում գործում է հեռավար ուսուցման մեխանիզմը այն դասարանների համար, որտեղ բացակայությունները գերազանցում են 20 տոկոսը։ Նախարարն անդրադարձել է նաև առողջության համընդհանուր ապահովագրման հետ կապված հարցերի։

Առողջապահության նախարարությունը ամենօրյա մոնիթորինգի տակ է պահում թե նոր, թե դուրս գրված հիվանդների տվյալները, գնահատում դպրոցներում վարակի տարածման ռիսկերը․ իրավիճակը լիովին վերահսկելի է՝ ասում է Անահիտ Ավանեսյանը։

«Այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, հնարավորություն ունեն անցնելու հեռավար դասերի։ Ամենօրյա բացակայությունների թիվը եւս մենք իրար փոխանցում ենք եւ աշխատում ենք դպրոցների հետ։ Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, թե քանի դասարան է անցել հեռավար կրթական պրոցեսի, բայց դասապրոցեսների հետ կապված որոշումները կայացվում են՝ հիմնվելով իրավիճակի վրա։ Եվ մենք այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ գնանք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը»։

Շրջանառվող H3N2 ատիպիկ գրիպը հիմնականում ուղեկցվում է բարձր ջերմությամբ, հատկապես ծանր է ընթանում մինչև 18 տարեկանների, խոցելի խմբերի և տարեցների շրջանում։ Շտամի ակտիվացումը, սակայն, չի փոխում ընդհանուր սեզոնային պատկերը․

«Եթե չունեք ախտանշաններ, մանավանդ ռիսկի խմբերին կոչ եմ անում՝ անպայման պատվաստվեք, որովհետեւ մեր ցուցանիշները նաեւ ցույց են տալիս՝ պատվաստված անձինք կամ չեն վարակվում, կամ վարակվելու պարագայում շատ թեթեւ են տանում ախտանշանները»։

Վարակներից անցնելով թոքաբորբի դեպքերին՝ նախարարը դրանք պայմանավորեց ոչ միայն H3N2 շտամով։ Շրջանառվում են այլ վարակներ ևս։ Նախարարությունը թոքաբորբերի մակարդակը ևս վերահսկելի է համարում։ Ավանեսյանը կրկին հիշեցրեց՝ ծանրաբեռնվածությունից խուսափելու համար կարևոր է, որ ոչ ծանր ընթացքով հիվանդները նախ դիմեն պոլիկլինիկա։

2026 թվականից սահմանվելու է 129 600 դրամի տարեկան ապահովագրավճար։ Այս շեմը հետագա տարիներին կմնա անփոփո՞խ, թե՞ ենթակա կլինի վերանայման։ Ավանեսյանը մանրամասնեց, որ 2027 թվականից սկսած կառավարությունը կանցնի տարեկան գնահատման համակարգի, ըստ որի կորոշվի ամեն հաջորդ տարվա դրույքաչափը։

«Արդյոք կփոխվե՞ն սուբսիդավորման չափերը և այն խմբերը, ում որ տրամադրվելու է սուբսիդավորումը 27 թվականի համար, ես այս պահին չեմ կարող ասել, որովհետև դա 27 թվականի բյուջեի շրջանակներում կքննարկվի»։

Օտարերկրացիները, որոնք ապրում են Հայաստանում և աշխատում են Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական անձանց մոտ, ևս ապահովագրավճար վճարողներ են, որովհետև նրանք էլ, հնարավոր է, օգտվեն մեր երկրում առողջապահական ծառայություններից։ Նրանց, սակայն, պետությունը չի սուբսիդավորելու։ Ավանեսյանը չկիսեց դիտարկումը, թե դա օտարերկրացիների համար հարկի նոր տեսակ է դառնում։ Դա պարտադիր ապահովագրավճար է, որի դիմաց մարդը ստանալու է  կոնկրետ ծառայություն։  

«Այո՛, մարդը կարող է Հայաստանում ապրել 3-4 ամիս, բայց այդ 3-4 ամսվա ընթացքում էլ կարող է ունենալ շատ բարդ, ծանր, օրինակ, վիրահատություն, որը արժե 3-4 միլիոն դրամ։ Նորից ուզում եմ շեշտել, որ առողջապահական ապահովագրության պարագայում անձը որ պահին սկսում է վճարել, այդ պահից էլ արդեն ծառայություններից օգտվում է»։

Եթե քաղաքացին մի քանի տեղ է աշխատում և ստանում է երկու հարյուր հազար դրամը գերազանցող աշխատավարձ, այս դեպքում տվյալ անձը համարվո՞ւմ է 200 000 դրամը գերազանցող աշխատավարձ ստացող։ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ հանրագումարային աշխատավարձը որպես շեմ դիտարկելու մտադրություն եղել է, սակայն այս տարի ծրագրային առումով հնարավոր չէ նման ապահովում իրականացնել։

«Պետք է գոնե մեկ գործատուի մոտ մարդու աշխատավարը 200 հազար դրամից ավել լինի, որպեսզի նա 2026 թ.-ին ընդգրկվի ապահովագրության մեջ։ Բայց 27 թ.-ից արդեն, ըստ էության, բոլոր աշխատավարձ ստացողները կներառվեն»։  

Նախարարից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք չափահասի ստացած ապահովագրությունը տարածվում է նաև իր անչափահաս երեխայի կամ մեծահասակ ծնողի վրա, որը 65 տարեկանից բարձր չէ, այսինքն՝ չի մտնում անվճար ապահովագրության մեջ։ 

«Ոչ, չի տարածվում։ Ամեն անձ վճարում է ապահովագրավճար իր համար և ձեռք է բերում փաթեթ իր համար։ Մինչև 18-տարեկան երեխաներին և 65 պլյուս տարիքի անձանց ապահովագրավճարը վճարում է պետությունը, և փաթեթն ակտիվանում է տվյալ անձի համար»։ 

Հունվարի մեկից առողջապահական գործակալության փոխարեն կաշխատի ապահովագրական հիմնադրամը։ Արդեն լուծարվե՞լ է գործակալությունը, և դրա աշխատակիցներին ի՞նչ ճակատագիր է սպասվում։ Նախարարին նաև հարցրինք՝  արդյոք հայտարարվե՞լ են մրցույթներ աշխատակիցների համար։ Ավանեսյանը տեղեկացրեց, որ  գործակալությունը չի լուծարվել և դեռ կաշխատի մինչև ապահովագրական հիմնադրամի ձևավորումը։ Անցումը կլինի շատ սահուն՝ ասաց։ 

«Աշխատակիցները սահմանված կարգով նախօրոք, իհարկե, կծանուցվեն և, իհարկե, կմասնակցեն հիմնադրամում մրցույթներին։ Վստահ եմ, որ նրանց մեծամասնությունը, բավարար գիտելիքների և փորձառություն ունենալով, կանցնեն հիմնադրամում աշխատանքի»։

Եթե Պետական առողջապահական գործակալությունը նախարարության կազմում է գործում, ապա հիմնադրամը լինելու է կառավարության կողմից հիմնադրված կառույց և սպասարկելու է ապահովագրության ամբողջ գործընթացը։ Հիմնադրամը մինչև 2029-ը սպասարկելու է նաև պետպատվերը։ Մասնավոր ընկերություններն էլ շարունակելու են աշխատել՝ նպաստելով շուկայի ազատականացմանը։ Նախարարը համոզված է, որ այս մոդելն ամենաարդյունավետն է լինելու։

Կարդացեք նաև

Back to top button