
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը նախաքննություն է սկսել BBC-ի հրապարակած նյութի կապակցությամբ, որի համաձայն Վրաստանի իշխանություններն անցյալ տարի Թբիլիսիում ընդդիմության ցույցերը ճնշելու ժամանակ ենթադրաբար Առաջին համաշխարհային պատերազմի քիմիական զենք են օգտագործել։
Լրատվամիջոցը որպես աղբյուր նշում է մանկաբույժ Կոնստանտինե Չախունաշվիլիին, հատուկ հանձնարարությունների վարչության նախկին ղեկավար Լաշա Շերգելաշվիլիին և փորձագետ Քրիստոֆեր Հոլշտեգեին: BBC-ի հետ զրույցում վրացի ցուցարարներից մեկը պատմել է, որ ջրցան մեքենաների ջրի շիթերը այրել են մարդկանց։
Վրաստանի իշխող կուսակցությունն էլ իր հերթին հայտարարել է, որ միջազգային դատարաններում գործընթաց է սկսում BBC-ի դեմ՝ կեղծ լուրեր տարածելու մեղադրանքով։
Ինչպես ասվում է «Վրացական երազանք»-ի տարածած հայտարարության մեջ, «կօգտագործվեն բոլոր հնարավոր իրավական միջոցները պատասխանատվության ենթարկելու համար այսպես կոչված ստեր տարածող լրատվամիջոցներին, որոնք կեղտոտ, կեղծ մեղադրանքներ են տարածում»։




