
Խորհրդարանական հերթական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը սկսել են դիրքավորվել մինչև նախընտրական փուլի մեկնարկը։ Քաղաքականության մեջ մտնող նոր ուժերը հորդորում են նախկիններին չմասնակցել ընտրություններին, նաև պատրաստակամություն են հայտնում պաշտոնաթող նախագահների փոխարեն բանավիճել ՀՀ վարչապետի հետ։
Տարբեր ուժերի դիրքավորումից և շեշտադրումներից արդեն պարզ է դառնում, որ առաջիկա նախընտրական փուլում պայքար է ծավալվելու առավելապես չկողմնորոշված ընտրողների ձայների համար։ Այդ տոոկոսը, ըստ տարբեր գնահատականների, բավական մեծ է։
Առաջիկա համապետական ընտրություններին որոշիչ կարող է լինել չկողմնորոշված ընտրողների ձայնը։ Տարբեր հաշվարկների համաձայն՝ ընտրություններին չմասնակցողների տոկոսը հասնում է մինչև 50 տոկոսի։ Եթե վերցնենք օրեր առաջ Վաղարշապատում անցկացված ընտրությունների օրինակը, ապա ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ քվեարկությանը մասնակցել էր ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45%-ը: Սա այն դեպքում, երբ տարբեր քաղաքական ուժեր Վաղարշապատի ընտրությունները դիտարկում էին որպես գլխավոր և վերջին փորձ խորհրդարանական ընտրություններից առաջ և հսկայական ռեսուրսներ էին ներդրել քարոզարշավի համար։
Չկողմնորոշված ընտրողների ձայներով է փորձելու ապագա խորհրդարան անցնել և կառավարություն ձևավորել մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Մենք ունենք 60-70% քաղաքացիներ, որոնք պարզապես չեն մասնակցում քաղաքական կարևորագույն որոշումների կայացմանը։ Մեր երկրում մարդիկ ընդհանրապես չեն էլ գնում ընտրությունների, և ես հավակնում եմ դառնալ նրանց ձայնը։ Պարոնա՛յք պաշտոնաթող նախագահներ, դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրությունների ընտրապայքարին, քանի որ մեր ժողովուրդը հստակ այս հարցի պատասխանը տվել է, որ նախկին նախագահները չեն կարող գալ իշխանության և դա իմանալով` մասնակցում են ընտրության։ Սա նշանակում է, որ դառնում են ուղղակի իշխանության ձեռքում գործիք։ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որպեսզի քվեարկեք նրա օգտին վախերից ելնելով։ Պարոն Փաշինյան, ես եմ հիմա ձեզ հրավիրում բանավեճի հունվարի 15-ին ցանկացած տեղ․ ընտրեք ձեր ուզած տեղը, ձեր ուզած հարցերը։ Հետևողական եմ լինելու այս հարցում»։

Ինչպե՞ս կարձագանքի բանավեճի նոր հրավերին ՀՀ վարչապետը, դեռ հայտնի չէ։ Նա մշտապես հայտարարում էր, որ պատրաստ է բանավիճել նախկին նախագահների հետ ղարաբաղյան հակամարտության բանակցային փաթեթի հարցերի շուրջ։ Բայց ամեն դեպքում ապագա ընտրությունների առնչությամբ նա արդեն ձևակերպել է, որ հարկ է դուրս գալ «նախկիններ-ներկաներ» վեճի ձևաչափից։
«Իմ կարծիքով՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն հետևյալի դրսևորումը․ նախորդող շրջանի այն քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, ովքեր Հայաստանը առաջնորդել են և տարել են դեպի թակարդ և պահել են թակարդում, այդ ընտրությունների արդյունքում բոլորը պետք է դուրս մղվեն և այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան։ Սա իմ կարծիքն է, և ես համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա, որովհետև, այո՛, ես էլ գիտեմ, մարդկանց հետ շփվում եմ, մարդիկ արդեն զզվել են այդ նախկին-ներկա բանավեճերից, քննարկումներից»։
Այս հեռանկարին արդեն դեմ է արտահայտվում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը համարվող «Դաշնակցություն» կուսակցությունը։ Առաջիկա ընտրություններում նրանց ծրագրերը այլ են․ հաջորդ շաբաթվանից սկսելու են խորհրդատվություններ՝ «Դիմադրության ճակատ» ձևավորելու մասին․ տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը․

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտի ուժերը, անկախ իրենց տարաձայնություններից, տարբեր հարցերի շուրջ ունեն կարևոր առանցքային օրակարգային հարցեր, որոնց շուրջ պետք է համագործակցեն։ Ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտում կան որոշ ուժեր, ովքեր նաև արևի տակ տեղ ունենալու համար հաճախ թիրախավորում են դաշտի այլ գործընկերներին։ Սա մեզ համար անընդունելի մոտեցում է, և մենք պետք է հասնենք նրան, որ ընդդիմադիր դաշտում բացառենք միմյանց նկատմամբ հակաքարոզչությունը»։
Ընդդիմադիր դաշտում, սակայն, այս պահին դեռ տարբեր նպատակներ են՝ տարբեր հետաքրքրություններով և առաջնային համարվող տարբեր թեմաներով։ Օրինակ, «Մեր ձևով» շարժման օրակարգում այս պահին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակն է։ Հայաստանի վարչապետի և ընկերության ժամանակավոր կառավարչի աշխատանքային քննարկումից հետո, երբ պաշտոնյաները խոսել էին բացահայտված չարաշահումների և մեքենայությունների մասին, իսկ վարչապետը որոշ փաստեր անգամ կոչել էր «փողերի լվացում», «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը նախընտրել է կետ առ կետ անդրադառնալ այդ թեմային՝ հակադարձելով նշվածին։

«Ինձ թվում է` փողերի լվացում շատ տեղեր կտեսնենք։ Օրինակ, տարբեր կուսակցություններ կան, որոնց անդամները տեղյակ չեն, որ այդ կուսակցությանը գումար են փոխանցել, օրինակ` իշխող։ Այ, դա է փողերի լվացումը, իսկ ձեր նպատակը ոչ թե փողերի լվացումն է կամ արդարության վերականգնումը, այլ ուղղակի մի քանի ամիս ավել Սամվել Կարապետյանին պահել կալանավայրում, որպեսզի կարողանաք ընտրվել։ Ոչ թե ազգայնացնում են ՀԷՑ-ը, ինչպես իրենք են սիրում ասել, այլ վերջում ասում են, որ նոր ներդրող են ման գալիս։ Իրենք չեն ազգայնացնում, իրենք սեփականատեր են փոխում․ մի մարդուց վերցնում են և տալիս են ուրիշ մարդու, բայց իրենց հետ ավելի բարիդրացիական հարաբերություններ ունեցող»։
Որքանով ընտրություններից առաջ կհաջողվի տարանջատել ընտրական, քաղաքական, տնտեսական և բիզնես հետաքրքրությունները՝ փորձագիտական կարծիքները տարբեր են։ Մի բան հստակ է, որ 2026-ը ընտրական տեսանկյունից խիստ ծանրաբեռնված տարի է լինելու։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան․

«Բուռն ընտրական տարի է լինելու, տարվա առաջին կեսին նախատեսված են ԱԺ հերթական ընտրությունները, այնուհետև աշնանը տեղի են ունենալու ամենաշատ ՏԻՄ ընտրությունները։ Մասնավորապես, մեր 70 համայնքներից 46 ում 2026 թվականի աշնանը մենք ունենալու ենք ընտրություններ»։
Սա նշանակում է, որ Հայաստանի համայնքների շուրջ 65%-ում լինելու է նախընտրական մթնոլորտ՝ ենթադրելի դրսևորումներով ու հետևանքներով։ Իսկ այս ամենի արանքում շարքային ընտրողը պետք է կարողանա լսել բոլորին, տարանջատել անհրաժեշտը և կատարել ճիշտ ընտրություն։




