ԿարևորՄիջազգային

Դրիսկոլը Կիև կատարած այցի ժամանակ ուկրաինացիներին ասել է, որ Ռուսաստանը կհաղթի մարտադաշտում․ NBC News

Անցյալ շաբաթ Կիև կատարած այցի ժամանակ ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը ուկրաինացի պաշտոնյաներին ասել է, որ Ուկրաինան մարտադաշտում անխուսափելի պարտության առջև է կանգնած, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով երկու տեղեկացված աղբյուրների։

Ռուսական ուժերը մեծացնում են իրենց օդային հարձակումների մասշտաբներն ու հաճախականությունը, և նրանք կարող են անվերջ շարունակել մարտական գործողությունները։ Իրավիճակը միայն կվատանա Ուկրաինայի համար, և ավելի լավ է խաղաղության շուրջ բանակցել հիմա՝ խուսափելու համար ավելի թույլ դիրքում հայտնվելուց, ասել է Դրիսկոլը՝ ըստ հեռուստաընկերության աղբյուրների։

Նա նաև զգուշացրել է, որ ԱՄՆ-ն չունի Ուկրաինային անհրաժեշտ քանակությամբ զենք և ՀՕՊ համակարգեր մատակարարելու կարողություն։

«Ուղերձի էությունն այն էր, որ դուք պարտվում եք, և դուք պետք է համաձայնեք գործարքի», — NBC News-ը մեջբերել է իր անանուն զրուցակցի խոսքերը։

Դրիսկոլը անցյալ շաբաթ ամերիկյան պատվիրակության հետ այցելել էր Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի մշակած ծրագիրը ներկայացնելու համար։ Դրիսկոլը Զելենսկիից բացի հանդիպել էր Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի, պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի և այլ պաշտոնյաների ու զինվորականների հետ։

Կարդացեք նաև

Back to top button