ԿարևորՀասարակություն

Դիլիջանի անտառային տարածքներում վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Դիլիջանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։

«ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում։

Խնդրում ենք պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել», ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել են, որ նոյեմբերի 25-ի՝ ժամը 13:30-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է, մյուս օջախներում աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ 

Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 1830 փրկարարական ծառայող, 10 ոստիկանության ծառայող, 103 էկոպարեկ, 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (70 թռիչք)։ 

Հրշեջ-փրկարարների համակարգված ու համառ աշխատանքի շնորհիվ հաջողվել է մարել մի շարք տարածքներում բռնկված հրդեհները․ Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Զոլաքար բնակավայրին հարակից սարում, Լոռու մարզի Սպիտակի Լեռնանցքի, Լեռնաջուրի, Սարատովկա-Նովոսելցովո հատվածներում, Գոգարան-Սարալանջ գյուղերին հարակից սարում, Ուրասար և Ծաղկաբեր բնակավայրերի մոտակայքում, Սյունիքի մարզի Իշխանասարի, Իշխանասար-Նորավանի հատվածներում, Կոտայքի մարզի Հրազդանի Մաքրավան թաղամասի «Ձորքաշ» կոչվող տարածքում, Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում։

Ինտենսիվ կերպով հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են նաև Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզ Ձորաշեն բնակավայրի մոտակայքում։

Հրդեհաշիջման գործողություններին ակտիվորեն միացել են նաև հարակից համայնքների բնակիչները՝ աջակցելով փրկարարներին բարդ և պատասխանատու աշխատանքում։ 

Կարդացեք նաև

Back to top button