
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Էկոնոմիկա, էներգետիկա, քաղաքաշինություն, տնտեսական մրցակցության ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովներ. խորհրդարանում այսօր քննարկել են այս ոլորտների համար 2015-ին նախատեսված բյուջետային հատկացումները: Բոլոր ոլորտներում ծախսերը ծրագրվել են գրեթե նույն չափով, որքան նախորդ տարվա ընթացքում: Ավելացումներն այս դեպքում ևս , ըստ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի, պայմանավորված են երկու հիմնական գործոնով ՝ աշխատավարձերի ավելացում և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում:
Տնտեսական ոլորտների բյուջետային հատկացումներին վերաբերող քննարկումներն այսօր էլ չեն շրջանցել Եվրասիական տնտեսական միության անդամակցության թեման: Որքան գումար է ծախսվելու բյուջեից 2015թ. ԵՏՄ-ին անդամակցելու համար. ֆինանսների փոխնախարարից հետաքրքվել է «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը: Ըստ Պավել Սաֆարյանի՝ անդամակցությունը լրացուցիչ ծախսեր չի պահանջում, իսկ բյուջեի եկամտային մասի փոփոխությունները դեռ գնահատում են: Փոխնախարարը կրկնել է, որ առանց ԵՏՄ անդամակցության փաստաթղթի վավերացման հնարավոր չէ բյուջեում արտացելել դրա ազդեցությունը:
«Գնահատում ենք մակրոտնտեսական հետևանքները, այն եկամտային փոփոխությունները, որ ունենալու ենք անդամակցությունից հետո: Բայց անհրաժեշտ է իրավական հիմք՝ այդ հաշվարկները ներկայացնելու համար: Իսկ հիմքը համաձայանգրի վավերացումն է: Մեր հաշվարկները պատրաստ կլինեն և կներկայացվեն, երբ Ազգային ժողովում քննարկվի ԵՏՄ համաձայանգիրը»:
Ի դեպ, ակնկալվում է, որ խորհրդարանը նոյեմբերի երկրորդ կեսին արտահերթ նիստ կհրավիրի ԵՏՄ անդմակացության համաձայնագիրը քննարկելու և վավերացնելու համար: Մինչ այդ՝փաստաթութը պետք է ստանա նաև Սահմանադրական դատարանի եզրակացությունը:




