ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայ փորձագետների փոխադարձ այցը Բաքու․ վստահության կառուցումը՝ կլոր սեղանի շուրջ փակ քննարկման թեմա

Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը ստանում է նոր շարունակություն․ ադրբեջանական ՀԿ-ների ներկայացուցիչների երևանյան այցից հետո այս անգամ Հայաստանից է փորձագետների և մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների խումբ մեկնել Բաքու։ Նոյեմբերի 21–22-ին նախատեսված փակ կլոր սեղանի շուրջ քննարկվելու են խաղաղության հաստատմանն առնչվող հարցեր, բայց նախ՝ փոխվստահության ձևավորման մեխանիզմներ։ Այսպիսի փոխայցեր ենթադրվում էին  Վաշինգտոնում ընդունված համատեղ հայտարարությամբ։

Հայաստանյան և ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ են խոսում Բաքվից Երևան, այժմ էլ Երևանից Բաքու փոխայցերի մասին։ Հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներից ու փորձագետներից կազմված առաջին խումբը Ադրբեջանից եկավ մոտ մեկ ամիս առաջ։ Այս օրերին էլ հայ փորձագետների 5 հոգանոց խումբն է արդեն Բաքվում։ Խմբի կազմում են Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։ Հենց նրանք էին Բաքվից եկած խմբին հյուրընկալողները։

Այս փոխայցերը դիտարկվում են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստաթղթերի նախաստորագրման համատեքստում՝ խաղաղության օրակարգի շրջանակում։

Այցի կայացման մասին լուրերը շատ են, բուն քննարկման մանրամասները՝ դեռ գրեթե անհայտ։ Ի՞նչ ուղերձներ է փոխանցելու Հայաստանից մեկնած խումբը ադրբեջանցի զրուցակիցներին. հարցին այս պահին պատասխանելը ճիշտ չի համարում քաղաքագետ, «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Արմեն Պետրոսյանը։ Նրա պատկերացմամբ՝ քաղհասարակությունների ներկայացուցիչները փակ քննարկման ձևաչափով միմյանց հետ, այսպես ասած, «տնային  աշխատանքներով» են փոխանակվում, ինչը կարող են դրական ազդեցություն ունենալ անգամ երկու երկների համար շատ զգայուն թեմաների վրա.

«Այդ ուղերձները փորձելու են փոխանցել թե՛ հասարակությանը և թե՛ իշխանություններին, որովհետև երբ Հայաստանից գնացած փորձագետը, անկախ նրանից, ուղիղ կապ կա՞ իշխանության հետ, թե ոչ, հանդիս է գալիս մեկնաբանություններով, ներկայացնում իր կարծիքը, վստահաբար, կան կառույցներ, որոնք մշտադիտարկում են դրանք, վերլուծում են և տալիս որոշակի կանխատեսումներ»։

Հայ փորձագետների՝ Բաքու այցի վերաբերյալ որոշումը կառավարությունը նախօրեի նիստում է ընդունել՝ ի թիվս չզեկուցվող հարցերի։ Ըստ այդմ՝ 17.5 մլն դրամ է բյուջեից հատկացվել   Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչքներն ապահովելու համար։ Գործադիրի հիմնավորման մեջ ներկայացված է ակնկալիք, ըստ որի, մեջբերում․  

«Կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմները»։

Հայ և ադրբեջանցի փորձագետների երևանյան հանդիպումը ևս փակ էր։ Այդ քննարկման մասնակիցներից Բաքվի Թոփչուբաշևի անվան վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովն ավելի ուշ «Օրբելի» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովում խոսել էր այսպես ասած «խաղաղության պտուղներից» օգտվելու անհրաժեշտության մասին՝ զուգահեռ տանելով Նախիջևանի հետ։ Մեջբերում ենք՝ համընթաց թարգմանությամբ.

«Նախիջևանի բնակչությունը, որը ևս տուժել է գրեթե 4 տասնամյակ տևած հակամարտության հետևանքով, նույնպես արժանի է տեսնելու այս խաղաղության իրավիճակի «շահութաբաժինները», երկու երկրների միջև խաղաղության «շահութաբաժինները» և դիվիդենտները»։

Ադրբեջանցի փորձագետը նաև ասել էր, որ թեև վաշինգտոնյան հանդիպումը լավատեսություն ներարկեց, երկրների միջև ուշագրավ դինամիկա կա, սակայն փորձագիտական շրջանակներն էլ պետք է  հասարակություններին նախապատրաստեն իրենց գործողություններով ու հայտարարություններով, քանի որ, Ռուսիֆ Հուսեյնովի խոսքով, Հայաստանի հետ խաղաղության օրակարգը Ադրբեջանում ոչ բոլորն են ողջունում.

«Ամեն ինչ չէ, որ վերևից ներքև է աշխատում։ Կառավարությունը պետք է ականջալուր լինի հանրային կարծիքին։ Կարող եք ստուգել նաև սոցիալական ցանցերում, ֆեյսբուքում, Յութուբում, տարբեր մեկնաբանություններ կան, շատերը գոհ չեն հասարակությունների հաշտեցման փաստից, որովհետև շատերի համար տրավման և վերքերը դեռ թարմ են»։  

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանն ասում է, որ Ադրբեջանի պաշտոնական խոսույթից, այդ երկրի փորձագիտական հանրույթի հետ պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներից ակնհայտ է, որ Ադրբեջանի հասարակությունը հեշտկառավարելի է այդ երկրի իշխանությունների կողմից, և դա է վկայում, որ ադրբեջանցի փորձագետները գրեթե կրկնում են պաշտոնական Բաքվի տեսակետը։  Հետևաբար, ըստ քաղաքագետի, խաղաղության գործընթացին Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների արձագանքն անհամեմատելի է։ Հայաստանում պաշտոնական քաղաքականությունը միտված է հարաբերությունների կարգավորմանը, սահմանների բացմանը, սակայն քաղաքական որոշ շրջանակներում և հասարակության մեջ կան նաև այդ քաղաքականությունը քննադատող շերտեր։

«Մեզանում կա դիսկուրս, և սա մեծ հաշվով պայմանավորված է մեր համակարգով՝ պետություն, հասարակություն, իշխանություն, քաղաքացիական հասարակություն, մամուլ և այլն։ Մեզ մոտ համակարգն ամբողջովին տարբերվում է, իրենց մոտ այլ է»։

Ադրբեջանի քաղհասարակության այցը Երևան կազմակերպել էր «Հայաստանի Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն»-ը, որն էլ և տեղեկացրել էր կլոր սեղան-քննարկման մասին։ Այդ հաղորդագրության մեջ ասվում էր.

«Հանդիպման շարժառիթը օգոստոսի 8-ին Վաշինգտնում կայացած հայ-ադրբեջանական համաձայնություններն են, որոնց մաս է կազմել նաև Միացյալ Նահանգները։ Հետևաբար՝ Երևանում հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկում են խաղաղության օրակարգը, տնտեսական համագործակցության հարցերը, ինչպես նաև փոխվստահության ամրապնդման քայլերը։ Բացի այդ, քննարկվելու է քաղհասարակության միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հարցը»։

Երկարամյա հակամարտության մեջ գտնվող երկրների միջև հարաբերությունների հաստատումը և փոխվստահություն ձևավորելու արդյունավետ մեխանիզմներից մեկը, ըստ ժամանակակից քաղաքական գիտության, հասարակական կազմակերպությունների միջև շփումների ձևավորումն է։ Քաղհասարակության հարթակները ստեղծում են այսպես ասած «վստահության ցածր ռիսկով տարածք», որտեղ կողմերը կարող են սկսել երկխոսություն՝ հեռու պետական պաշտոնական ճնշումներից ու ռազմատենչ հռետորաբանությունից։

Այդ շփումները նպաստում են հակամարտող հանրությունների դեհումանիզացիայի նվազեցմանը, փոխադարձ ընկալումների բարելավմանը և «փափուկ դիվանագիտության» գործիքակազմի արդյունավետ կիրառմանը։  Ի վերջո, նման միջհասարակական կապերը դառնում են քաղաքական մակարդակի բանակցությունների նախապայման՝ ապահովելով  հակասությունների մեղմում կամ նվազեցում։

Կարդացեք նաև

Back to top button