Սփյուռքի ձայնը

Դանիայի փոքր հայ համայնքը՝ լուռ պայքար ինքնության համար. «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի հսկայական քարտեզի վրա կան հզոր, կազմակերպված համայնքներ, որոնք ինքնուրույն աշխարհներ են՝ իրենց եկեղեցիներով, դպրոցներով ու միություններով։ Եվ կան նաև փոքր, գրեթե աննկատ կղզյակներ, որտեղ հայ մնալու պայքարն անհատական ու լուռ սխրանք է։ Այդպիսին է Դանիայի հայ համայնքը՝ մոտ 3000 մարդ, որոնց պատմությունը ոչ թե զանգվածային գաղթի, այլ անհատական, հաճախ պատահական ճանապարհների խճանկար է։

Սկսած 1970-ականներից՝ այստեղ հաստատված հայերը ստեղծել են մի համայնք, որն այսօր կանգնած է նուրբ, բայց վճռորոշ մարտահրավերի առաջ՝ ինչպես պահպանել ինքնությունը մի երկրում, որտեղ հայկական ենթակառուցվածքները նվազագույն են, իսկ ինտեգրման գայթակղությունն ու իրականությունը՝ ամենօրյա։

Դանիայի հայ համայնքի պատմությունը չի սկսվել կանխամտածված տեղափոխությունից։ Այն հյուսվել է անհատական բազմաթիվ պատմություններից, որոնցից յուրաքանչյուրը կարող էր այլ կերպ դասավորվել։ Այդպիսի պատմություններից մեկը վառ կերպով խորհրդանշում է այս համայնքի ծնունդը։

Դանիայում Սփյուռքի գործերի հանձնակատար, հայ-դանիական ընկերական կազմակերպության և դանիական փախստականների կենտրոնի աշխատողների պաշտպանության խորհրդի նախագահ Աննա Կարապետյանը պատմում է, թե ինչպես է ճակատագիրը նրանց բերել Դանիա.

«1994-ին, երբ Լեհաստանում էինք և ճանապարհ էինք փնտրում, մի պատահական հանդիպումը փոխեց ամեն ինչ։ Մի ուկրաինացի բասկետբոլիստ, լսելով մեր դրության մասին, ասաց՝ «Ինչո՞ւ եք հեռուն փնտրում, ահա դանիական դեսպանատունը»։ Մենք նույնիսկ չէինք նկատել այն։ Մտանք, դիմումը լրացրեցինք, և մեկ շաբաթ անգամ չանցած՝ ստացանք Դանիա մեկնելու հրավերը»։ Այսպես՝ մի պատահական հանդիպումը դարձավ շրջադարձային՝ ճանապարհ բացելով դեպի մի հյուսիսային երկիր, որը դիմավորեց անսպասելի ջերմությամբ։ Այս պատահականությունը շատերի պատմությունն է՝ մի հանգրվան, որը ժամանակի ընթացքում դարձել է հարազատ տուն։

Ինտեգրման երկսայր սուրը. լուռ ձուլման սպառնալիքը

«Հայերը Դանիայում արագ են ինտեգրվում, սովորում են լեզուն, գտնում աշխատանք, դառնում հասարակության լիիրավ անդամ»,–ասում է Աննա Կարապետյանը։ Սակայն այս հաջողությունն ունի նաև հակառակ, ցավոտ կողմը՝ լուռ և անշրջելի ձուլումը։ Աննան պատմում է մի դրվագ, որը դառնում է ամբողջ սերնդի ինքնության ճգնաժամի խորհրդանիշ։ Հայ տատիկն ու նրա դանիացի թոռնիկը խոսում են.

–Տատի՛կ, դու հա՞յ ես։
–Այո՛։
–Բայց եթե դու հայ ես, ինչո՞ւ եմ ես դանիացի։

Տատիկը փորձում է բացատրել, որ նրա երակներում ևս հայկական արյուն է հոսում, իսկ երեխան մանկական միամտությամբ պատասխանում է.
–Դե եթե այդպես է, արի քո ձեռքի երակը բացենք, իմնն էլ բացենք, միացնենք իրար, որ քո արյունից ինձ էլ գա, ու ես էլ հայ դառնամ։

Աննա Կարապետյանն ասում է, որ ամենացավալին այն է, երբ տեսնում է, թե ինչպես են ամուսնությունների միջոցով հայկական ինքնության շղթաները կամաց-կամաց մերկանում։

Մշակույթը՝ որպես խարիսխ

Երբ ինստիտուցիոնալ կառույցները սակավ են, համայնքի հիմքը դառնում է մշակույթը։ Հայ–դանիական հարաբերությունները խոր արմատներ ունեն՝ սկսած Եղեռնի տարիներից, երբ դանիացի միսիոներուհիներ Կարեն Եփփեն և Մարիա Յակոբսենը փրկեցին հազարավոր հայ որբերի։ Այսօր այդ կապը վերածնվում է մշակութային երկխոսության միջոցով։ Դանիացիներին, ովքեր սովոր են զուսպ ու դասական մշակույթի, անսպասելիորեն հուզում է հայկական երաժշտության խորությունը։ «Երբ դուդուկահար Արսեն Պետրոսյանը համերգ տվեց, դանիացիներից շատերը չէին կարողանում զսպել արցունքները։ Նրանք խոստովանում էին, որ իրենց կյանքում նման հոգեթով երաժշտություն դեռ չեն լսել»,–պատմում է Աննան։ Նույն կերպ տպավորել են նաև Տիգրան և Մարգարիտա Մատուլյանների ցուցահանդեսները։ Մշակույթը այստեղ դառնում է լավագույն դեսպանը։

Ապագայի կամուրջներ կառուցելիս

Չնայած մարտահրավերներին՝ Դանիայի հայ համայնքը նայում է ապագային։ Շախմատի ակումբները դառնում են հայ մշակույթին անդրադառնալու հարթակ, ուսանողական ծրագրերը՝ կամուրջ Հայաստան–Դանիա կապերի համար։ «Հայաստան այցելող դանիացի երիտասարդները վերադառնում են ոգևորված՝ իրենց հետ բերելով նոր պատմություններ ու նոր կապեր ստեղծելու ցանկություն»,–ասում է Աննան։

Դանիայի հայկական համայնքի պատմությունը փոքր թվի մեջ մեծ պատմություն է։ Այն ցույց է տալիս, որ հայ մնալը միայն կառույցների կամ թվերի հարց չէ։ Դա ամենօրյա, լուռ, բայց համառ պայքար է՝ պահպանելու ինքնության կրակը աշխարհի ամենահեռավոր անկյունում։

Կարդացեք նաև

Back to top button