ԿարևորՄիջազգային

Հանգստյան օրերին ԱՄՆ-ում չեղարկվել է ավելի քան 2500 չվերթ

Հանգստյան օրերին ԱՄՆ-ում չեղարկվել է ավելի քան 2500 չվերթ։ Հաղորդվում է նաև շուրջ 7000 չվերթի հետաձգման մասին։ Սա պայմանավորված է կառավարության շաթդաունով և դրա հետևանքով ավիակարգավարներին վճարելու անկարողությամբ։

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) որոշել է կարգավարների պակասի պատճառով նոյեմբերի 7-ից կրճատել ավիափոխադրումները երկրի 40 խոշորագույն օդանավակայաններում։ FAA-ի հանձնարարականում նշվում է, որ չվերթների կրճատումը կսկսվի 4%-ից և մինչև նոյեմբերի 14-ը կհասնի 10%-ի ։ ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին նշել է, որ եթե շաթդաունն ավելի երկար տևի, չեղարկված չվերթների թիվը կարող է հասնել 20%-ի։

Կիրակի երեկոյան ԱՄՆ սենատորները երկկուսակցական համաձայնության են եկել ԱՄՆ պատմության մեջ կառավարության ամենաերկար՝ 40 օրյա շաթդաունը դադարեցնելու հարցում, սակայն համաձայնությունը շաթդաունի ավարտին հասնելու առաջին քայլն է: Օրինագիծը պետք է հաստատվի նաև հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում, ապա ստորագրվի Թրամփի կողմից՝ գործընթաց, որը կարող է տևել մի քանի օր։

Դաֆին ասել է, որ չի նախատեսում չեղարկել թռիչքների կրճատումները, մինչև ավիակարգավարները չվերադառնան աշխատանքի և անվտանգության պայմանները չապահովվեն։

Կարդացեք նաև

Back to top button