
Բաքվի Թոփչուբաշևի անվան վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը վերջին երկու շաբաթների ընթացքում երկրորդ անգամ է Հայաստանում։ Օրերս ադրբեջանցի փորձագետը Երևանում մասնակցում էր երկու երկրների քաղհասարակությունների ներկայացուցիչների փակ հանդիպմանը։ «Օրբելի» վերլուծական կենտրոնի հրավերով Հուսեյնովը մասնակցում է նաև «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովին։
Մինչ լրագրողները ուղիղ եթերում հարցեր կուղղեն ադրբեջանցի քաղաքագետին, հետաքրքրվում են՝ ինչպես է զգում իրեն Երևանում։ Դեռ լավ՝ կեսկատակ-կեսլուրջ պատասխանում է Հուսեյնովը։ Փորձագետը ենթակառուցվածքների ապաշրջափակման և Հայաստանի տարածքով ճանապարհի կառուցման կամ վերակառուցման թեմայի վերաբերյալ կրկնում է պաշտոնական Բաքվի մոտեցումը՝ անխոչընդոտ ուղի, որը թույլ կտա Նախիջևանի բնակիչներին ևս օգտվել «խաղաղության պտուղներից»․
«Նախիջևանի բնակչությունը, որոնք նույնպես տուժել են գրեթե 4 տասնամյակ տևած հակամարտության հետևանքով, իրենք էլ արժանի են տեսնելու այս խաղաղության իրավիճակի շահութաբաժինները, երկու երկրների միջև խաղաղության շահութաբաժինները, դիվիդենտները»։
«Ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը «անխոչընդոտ ճանապարհ» ասելով» հարցին պատասխանում է Հուսեյնովի գործընկերը՝ միջազգայնագետ Զաուր Շիրիևը․
«ԱՄՆ-ի պատասխանատվությունն է օգնել Հայաստանին՝ ապահովելու այդ գործընթացը։ Մենք դեռևս չենք կարող ենթադրել կամ հավաստիացած լինել, թե ինչ է դա նշանակում այս փուլի բանակցությունների պարագայում։ Այսինքն՝ ժամանակ կանցնի և ժամանակի մեջ կտեսնենք, թե պրակտիկայում ինչ կնշանակի անխոչընդոտ հասանելիությունը։ Արդյոք դա կնշանակի էլեկտրոնային այնպիսի համակարգ, որ անձի ստուգումներ չլինեն, թե՞ այլ մեխանիզմ կլինի»։

Ադրբեջանցի միջազգայնագետի խոսքով՝ պաշտոնական Բաքվի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը համարժեք չէ վաշինգտոնյան եռակողմ հռչակագրի «Թրամփի ուղի» ձևակերպմանը։
«Ես կարծում եմ, որ «Զանգեզուրի միջանցքն» ավելի լայն հասկացություն է Ադրբեջանի համար, այն չի վերաբերում TRIPP-ին և պետք է այդպես ընկալել։ Մեզ համար այն չունի բացասական նրբերանգ։ Հայաստանն, ըստ իս, այս հարցում բացասական ընկալում ունի, Ադրբեջանը՝ ոչ»։
Քաղաքագետը վստահեցնում է՝ Հայաստանում և այլ երկրներում տարածված կարծիքը, թե Ադրեբջանում չկա քաղաքական-հասարակական բազմակարծություն՝ իրականությանը չի համապատասխանում։ Հայաստանի հետ խաղաղության օրակարգը Ադրբեջանում ոչ բոլորն են ողջունում՝ մանրամասնում է Հուսեյնովը․
«Ամեն ինչ չէ, որ վերևից ներքև է աշխատում։ Կառավարությունը պետք է ականջալուր լինի հանրային կարծիքին։ Կարող եք ստուգել նաև սոցիալական ցանցերում, ֆեյսբուքում, Յութուբում, տարբեր մեկնաբանություններ կան, շատերը գոհ չեն հասարակությունների հաշտեցման փաստից, որովհետև շատերի համար տրավման և վերքերը դեռ թարմ են։ Այո, վաշինգտոնյան հանդիպումը լավատեսություն ներարկեց։ Այս իմաստով հետաքրքիր դինամիկա կա երկրների միջև, սակայն պետք է նաև հասարակություններին նախապատրաստենք մեր գործողություններով, մեր հայտարարություններով»։

Քաղաքագետ, «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների արձագանքն անհամեմատելի է խաղաղության գործընթացին։ Հայաստանում պաշտոնական քաղաքականությունը միտված է հարաբերությունների կարգավորմանը, սահմանների բացմանը, իսկ հասարակության մեջ կան այդ քաղաքականությունը քննադատող շերտեր։
«Մեզանում կա դիսկուրս, և սա մեծ հաշվով պայմանավորված է մեր համակարգով՝ պետություն, հասարակություն, իշխանություն, քաղաքացիական հասարակություն, մամուլ և այլն։ Մեզ մոտ համակարգը ամբողջովին տարբերվում է, իրենց մոտ այլ է»։
Թե՛ Ադրբեջանի պաշտոնական խոսույթից, թե՛ այդ երկրի փորձագիտական հանրույթի հետ պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներից ակնհայտ է, որ Ադրբեջանի հասարակությանը ավելի հեշտ է կառավարելը՝ մանրամասնում է քաղաքագետը։ Ընդ որում՝ դրա ապացույցն է նաև այն, որ ադրբեջանցի փորձագետները քիչ առաջ գրեթե կրկնում էին պաշտոնական Բաքվի տեսակետը․
«Հաշվի առնելով ադրբեջանցի մասնակիցների խոսույթը, եթե նկատեցիք՝ դրանք բավականաչափ կառուցողական են, զուսպ են և որևէ կերպ չեն կրում սադրիչ բնույթ։ Այսինքն՝ սա նշանակում է, որ կա հստակ տրամադրվածություն և կա հստակ նպատակ՝ ապահովել այս կառուցողականությունը շփումների, որն էլ փաստացի նաև արդյունք է նրա, որ այս ֆորումին նրանց մասնակցությունը, փաստացի, առկա է։ Եվ մեր լրագրողները, մեր հասարակությունը հնարավորություն ունի հենց Հայաստանում ծանոթանալ ադրբեջանցիների կարծիքներին»։
«Ռադիոլուր»-ի հարցին, թե որն է ադրբեջանցի փորձագետների հետ նման քննարկումներ կազմակերպելու նպատակը, եթե վերջիններս կրկնում են այդ երկրի կառավարության թեզերը, Պետրոսյանը պատասխանում է՝ այս փուլում գլխավոր ակնկալիքն այն է, որ նրանք Երևանից կոնկրետ ուղերձներ տանեն Բաքու։
«Այդ ուղերձները փորձելու են փոխանցել թե՛ հասարակությանը և թե՛ իշխանություններին, որովհետև երբ Հայաստանից գնացած փորձագետը՝ անկախ նրանից ուղիղ կապ կա իշխանության հետ, թե ոչ, հանդիս է գալիս մեկնաբանություններով, ներկայացնում իր կարծիքը, վստահաբար, կան կառույցներ, որոնք մշտադիտարկում են դրանք, վերլուծում են և տալիս որոշակի կանխատեսումներ»։
«Ի՞նչ ուղերձներ է փոխանցել հայ փորձագիտական համայնքը ադրբեջանցի փորձագետներին» հարցին այս պահին պատասխանելը ճիշտ չի լինի՝ ասում է Արմեն Պետրոսյանը։ Մանրամասնում է՝ երկու երկրների ներկայացուցիչները փակ քննարկման ձևաչափով միմյանց, այսպես ասենք, «տնային աշխատանքներ» են տվել, դրանք կարող են դրական ազդեցություն ունենալ անգամ երկու երկրների համար շատ զգայուն թեմաների վրա՝ վստահեցնում է քաղաքագետը։
Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ Բրյուսելում «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսի ժամանակ ասել է, որ առաջիկայում սպասվում է Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների այց Ադրբեջան։




