Սփյուռքի ձայնը

115 տարի հայապահպանման ճակատում. ինչպես է Հայ օգնության միությունը Բոստոնից մինչև Ախուրյան կամուրջներ կառուցում. «Սփյուռքի ձայնը»

Ավելի քան մեկ դար առաջ՝ 1910 թվականին, երբ Նյու Յորքում դաշնակցական գործիչ Խաչատուր Մալումյանը (Ակնունի) հիմնում էր մի կառույց, որն ի սկզբանե կոչվում էր ՀՅԴ Կարմիր խաչ, դժվար թե որևէ մեկը պատկերացներ, որ այն վերածվելու է համահայկական ամենաընդարձակ և կենսունակ ցանցերից մեկին։ Այսօր՝ 115 տարի անց, Հայ օգնության միությունը ոչ միայն շարունակում է իր գործունեությունը աշխարհի 27 երկրում, այլև դարձել է հայրենիք-Սփյուռք կապի ամենագործնական խորհրդանիշներից մեկը։

Վերջերս Երևանում նշվեց կազմակերպության 115-ամյակը, ինչը առիթ դարձավ վերաիմաստավորելու անցած ուղին և ուրվագծելու ապագայի մարտահրավերները։

Պատմություն, որը ձուլվել է ժողովրդի ճակատագրին

ՀՕՄ-ի պատմությունը հայ ժողովրդի 20-րդ դարի պատմության հայելին է։ Ստեղծվելով որպես օգնության կառույց՝ այն տարիների ընթացքում փոխել է անուններն ու ընդլայնել գործունեության շրջանակը՝ «Դուստրերք Հայաստանի», «Հայ Կարմիր խաչ», իսկ 1946 թվականից՝ «Հայ օգնության միություն»։ Անվանումները փոխվել են, բայց առաքելությունը մնացել է նույնը՝ լինել հայ մարդու կողքին՝ անկախ նրա գտնվելու վայրից։

ՀՕՄ-ի կենտրոնական վարչության անդամ, Ավստրալիայի և Հարավային Ամերիկայի մասնաճյուղերի ներկայացուցիչ Նորա Սևակյանը նշում է, որ հիմնադիր Էդուարդ Ակնունին զարմանալի հեռատեսություն է ունեցել. «Էդուարդ Ակնունին կարծես կանխազգում էր․ նա հասկանում էր, որ համիդյան ջարդերից հետո Սփյուռքում պետք է ունենայինք մի կազմակերպություն, որը կկարողանար իր օգնության ձեռքը մեկնել հայրենիքում գտնվող հայությանը»։ Այս հեռատեսությունն էլ դարձավ ՀՕՄ-ի գործունեության հիմնաքարը, որն այսօր Հայաստանում իրականացնում է կենսական նշանակության ծրագրեր։

Հույսի օջախներից մինչև նոր կյանքի ծնունդ

Այսօր ՀՕՄ-ի գործունեությունը Հայաստանում չի սահմանափակվում մարդասիրական օգնությամբ։ Այն ներառում է ռազմավարական նշանակության ծրագրեր, որոնք ուղղված են համայնքների զարգացմանն ու մարդկային ներուժի պահպանմանը։ «Հույսի օջախներ» ծրագիրը նախատեսված է Արցախից տեղահանված ընտանիքների համար։ Սա պարզապես բնակարանաշինություն չէ․ այն ուղղված է սահմանամերձ գյուղերում բազմազավակ ընտանիքների վերաբնակեցմանը և գյուղատնտեսական գործունեության խթանմանը։ ՀՕՄ-ը գնում և հիմնանորոգում է տներ՝ դրանք տրամադրելով արցախցիներին։ «Երբ հույսի նշույլը տեսնում ես այդ հոր աչքերի մեջ, որն այսօր կարողացել է իր բազմազավակ ընտանիքին պատսպարել, դա արդեն իսկ հոգեկան մեծ գոհունակություն է տալիս», — ասում է Նորա Սևակյանը։

Ավելի քան 30 տարի գործող Ախուրյանի մոր և մանկան առողջապահական կենտրոնում լույս աշխարհ է եկել 22,000-ից ավելի երեխա։ Այն անվճար ծառայություններ է մատուցում Շիրակի մարզի գյուղերի կանանց՝ դառնալով ոչ միայն բժշկական հաստատություն, այլև ժողովրդագրական խնդիրների լուծման կարևոր օղակ։ Զոհված հերոսների զավակների աջակցության ծրագիրն էլ ծնվել է Սպիտակի երկրաշարժի «Որբախնամ» նախաձեռնությունից։ Այսօր այն աջակցում է բոլոր պատերազմներում զոհված հերոսների երեխաներին՝ տրամադրելով տարեկան ֆինանսական օգնություն և կրթաթոշակներ։

Սփյուռքի մարտահրավերը՝ պահպանե՞լ, թե՞ ինտեգրվել

Եթե Հայաստանում ՀՕՄ-ի առջև դրված են սոցիալ-տնտեսական խնդիրներ, ապա Սփյուռքում պայքարը հայապահպանման համար է։ Դպրոցներ, մշակութային կենտրոններ, երիտասարդական միություններ՝ հիմնականում կամավորական աշխատանքի հիմքով։ Սակայն գլոբալիզացիայի դարաշրջանում երիտասարդ սերնդին ներգրավել համայնքային կյանքում դառնում է ավելի բարդ։ Նորա Սևակյանը, սակայն, լավատես է․ «Այսօր շատ սփյուռքահայ երիտասարդներ կան, որոնք գուցե լեզվին լավ չեն տիրապետում, բայց հոգով շատ մոտ են հայրենիքին և ուզում են օգտակար լինել։» Նրա խոսքով՝ հաճախ մեկ-երկու շաբաթ տևողությամբ այցը Հայաստան ավելի մեծ ազդեցություն է ունենում երիտասարդի վրա, քան տարիներով հայկական դպրոց հաճախելը։ Այս կենդանի կապն է, որ պահպանում է ինքնության զգացումը։

Հայկական հարցը՝ համաշխարհային հարթակներում

1976 թվականից ՀՕՄ-ը համագործակցում է ՄԱԿ-ի հետ, ինչը հնարավորություն է տալիս հայկական խնդիրները բարձրաձայնել միջազգային ամենաբարձր հարթակներում։ Կանանց իրավունքներ, սոցիալական անհավասարություն, իսկ այսօր՝ Արցախի ժողովրդի իրավունքների և մշակութային ժառանգության պաշտպանություն։ ՀՕՄ-ը՝ Հայ դատի հանձնախմբերի հետ միասին, շարունակում է լոբբիստական աշխատանքը՝ փորձելով ճեղքել միջազգային անտարբերության պատը։

Կարդացեք նաև

Back to top button