Ամեն առավոտն սկսել լողալով և չհոգնել նոր առաջադրանքներ կատարելուց. սա է արյունաբան, առողջապահության կազմակերպիչ, բժշկական գիտությունների դոկտոր Միհրան Նազարեթյանի առողջ կյանքի բանաձևը:
Նա երկարակեցության հարցին մոտենում է որպես արյունաբան մասնագիտորեն՝ բջիջների տեսակետից և որպես առողջապահության կազմակերպիչ՝ կյանքի առաքելությունը գտնելու, հիվանդությունները ժամանակին կանխարգելելու առումով:
«Մարդը պետք է գտնի իր առաքելությունը, ստանձնի պատասխանատվությունը, էմոցիոնալ կապեր հաստատի և ամուր պահպանի նյարդերը, ինչպես նաև լիարժեք արտահայտի զայրույթը»,— համոզված է գիտնականը, որը, չնայած պատկառելի տարիքին, երեք աշխատավայր ունի:
Նրա խոսքով, ամեն մարդն ինքն է պատասխանատվություն կրում իր կյանքում տեղի ունեցող գործընթացների ու երևույթների համար: Ամեն մարդն ինքն է որոշում առավոտը սկսել մարզվելով ու լողալով, թե մի գլանակ սիգարետից: Գիտնականն ափսոսում է բոլոր չկարդացած գրքերի համար և երազում, որ կյանքի վերջին օրն էլ լողավազան գնալու հնարավորություն ունենա:




