Էկոսֆերա

Խոսրովի անտառում բացվել է Աստղիկի ու Վահագնի սիրո ջրվեժներին տանող նոր, ավտանգ արահետ․ «Էկոսֆերա»

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող Վահագնի և Աստղիկի ջրվեժներին հասնելն այժմ ավելի դյուրին է։ Բնության այս հրաշալի վայրեր տանող արահետը վերջերս է բարեկարգվել ու կահավորվել՝ դառնալով ավելի անվտանգ և հարմար։

Հին հայկական դիցարանում պատերազմի, կրակի, կայծակի ու քաջության աստված Վահագնը սիրում էր ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհի Աստղիկին։ Սիրո խորհրդանիշ Վահագնի ու Աստղիկի անունը կրող ջրվեժները գտնվում են կողք կողքի՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Այս երկու ջրվեժները միմյանցից հեռու են մոտավորապես 200 մետր։

Սիրո այս ջրվեժներին տեսնելու համար պետք է մի քանի կանգառ անել։ Նախ պետք է հասնել Գառնի համայնքի կողմից «Խոսրովի անտառ» արգելոցի այցելուների կենտրոն։ Այնտեղից մեծ մեքենայով կարելի է գնալ մինչև արահետի սկիզբ, որտեղից էլ մեկնարկում է քայլարշավը։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գիտաճանաչողական տուրիզմի մասնագետ Տիգրան Ստեփանյանը պատմում է, որ այս երթուղին ամենից շատն է հետաքրքրում զբոսաշրջիկներին.

«Եթե համեմատենք տվյալները, ապա տարեցտարի ավելանում է այս ուղղությամբ զբոսաշրջիկների քանակը։ Տեղացի զբոսաշրջիկները հիմնականում սկսել են հետաքրքրվել կորոնավիրուսից հետո։ Աշխատում ենք նաև դպրոցների ու համալսարանների հետ»։

Արջի և ընձառյուծի հետքեր փնտրելով, աշնանային գունեղ բնությամբ զմայվելով, ժայռերի սիմետրիկ շերտերից աչքներս չկտրելով՝ զբոսավար Տիգրանի ուղեկցությամբ և խորհուրդներով քայլեցինք առաջ։ Արգելոցի տարածքը կահավորված է տեղախցիկներով, որոնք օգնում են պարեկներին ծառայություն իրականացնելու գործում։ Էկոպարեկային ծառայության հերթափոխի տեսուչ Արմեն Բաղդասարյանն է այստեղ. նրանք 24 ժամյա հերթապահություն են իրականացնում, անտառը հսկում են որսագողերից, ձկնագողերից ու ծառահատներից.

«Չորս տարի և ութ ամիս է, ինչ իրականացնում ենք մեր աշխատանքները։ Այսօր ոչ միայն արգելոցը, այլև հարակից տարածքները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ։ Խնդիրներից կարող եմ նշել միայն տեխնիկան, որը բավականին հին է, դժվարացնում է մեր աշխատանքը, համալրման կարիք կա»։

Այժմ ՀՀ ԳԱԱ-ում ուսումնասիրվում են տարածքից պեղված ձկան գտածոները, որոնք մոտ երկու տարի առաջ են հայտնաբերվել պեղումների ժամանակ։ Վահագնի ջրվեժից քիչ հեռու էլ աղմկոտ ձայնով, բայց շլացնող գեղեցկությամբ Աստղիկի ջրվեժն է։ Աստղիկի ջրվեժ հասնելը դժվար չէր, քանի որ բարդ կամ վտանգավոր հատվածներն արդեն շրջանցվում են՝ նոր երթուղի բարեկարգվել ու կահավորվել է ցուցանակներով և հուշող նշաններով։

Նոր արահետի բարեկարգումից հետո Կովկասի բնության հիմնադրամի հանրային կապերի ղեկավար Մարինե Կարապետյանի հավաստմամբ՝ «Խոսրովի անտառ» արգելոցում շատերի, այդ թվում՝ պատանիների համար երթուղին դարձել է ավելի դյուրին, հարմար և անվտանգ. «Երթուղին բոլորովին վերջերս ենք բարեկարգել։ Այն իրականացրել է «Արահետներ փոփոխությունների համար» հասարակական կազմակերպությունը։ Ինքը միջին բարդության երթուղի է՝ շատ հանգիստ, քայլարշավային, անգամ դպրոցականների համար»։

Հիմնադրամն այս տարվա համար ավելի քան 53 մլն դրամ է տրամադրել միայն «Խոսրովի անտառ» պետական արգելոցին։

Կարդացեք նաև

Back to top button