ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Սարկոզիին տեղափոխեցին բանտ՝ հնգամյա պատիժը կրելու

«Հպարտանում եմ, որ կրում եմ եղբորս ազգանունը»

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին վրդովված է, դառնացած ու զայրացած՝ այսօրվանից նա կրում է հնգամյա պատիժը Փարիզի հարավում գտնվող «Լա Սանտե» բանտում:

Ճակատագրի հեգնանք կալանավորների պարագայում՝ «La Santé» ֆրանսերենից թարգմանվում է որպես «առողջություն»: Դժվար թե հինգ տարի բանտում մնալը կնպաստի բարձրաստիճան կալանավորի առողջությանը:

Նրա քաղաքական հակառակորդները չարախնդում են, իսկ աջակիցները բողոքում և դատապարտում իրավապահների որոշումը:  

Նիկոլա Սարկոզիի եղբայրը՝ Գուլիեմը, մինչև դատարան քայլել է նախկին նախագահի հետ, շենքի մոտ նա դիմել է նախկին նախագահի աջակիցներին:

«Ես հպարտանում եմ իմ եղբորով, ես հպարտ եմ նրա ազգանունը կրելու համար, ես հպարտ եմ նրա այսօրվա կեցվածքով, ես անկեղծ համոզված եմ, որ նա անմեղ է»,- ասել է Գուլիեմ Սարկոզին:

Նիկոլա Սարկոզիին այս տխուր ճանապարհին ուղեկցել են կինը՝ Կարլա-Բրունի-Սարկոզին, որդին՝ Ժանը, մեծ թվով աջակիցներ, նրանցից մեկը՝ Փարիզի 50-ամյա բնակիչ Էմանյուելն ընկճված է. «Մեծ տխրություն եմ ապրում, իսկապես խորը վիշտ, սա հսկայական նահանջ է Ֆրանսիայի համար»:

Քադաֆին՝ Սարկոզիի ընտրարշավի հովանավո՞ր

Փարիզի դատարանը նախկին նախագահին 5 տարվա ազատազրկման է դատապարտել կոռուպցիայի հոդվածով: Իրավապահները դավադրություն են որակել նրա գործարքները Լիբիայի բռնապետական ռեժիմի առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ:

Նրանք ապացուցված են համարել այն, որ Քադաֆին 2005-2007 թվականներին գաղտնի ուղիներով ֆինանսավորել է Սարկոզիի ընտրարշավը:

Մեղադրողները 7 տարի են պահանջել, սակայն դատարանը Սարկոզիին անմեղ է ճանաչել պետական միջոցների յուրացման գործով: Սարկոզին նախագահել է 2007-2012 թվականներին, ի դեպ, 2011-ին նա ակտիվորեն սատարել է Լիբիայում արևմտյան կոալիցիայի ռազմական գործողություններին, որոնց հետևանքով Քադաֆիի ռեժիմը տապալվել է, իսկ դաժան դիկտատորը՝ դաժանաբար սպանվել:

Ինքը 70-ամյա Սարկոզին միանշանակ հերքում է բոլոր մեղադրանքները և պնդում, որ բացարձակ անմեղ է, ապա նա այսպես է գնահատել դատավորների որոշումը. «Եթե նրանք այդքան ուզում են, որ ես բանտում քնեմ, ես բանտում կքնեմ, բայց գլուխս բարձր եմ պահում, քանի որ անմեղ եմ»:

«Բանտում նա ոչ թե նախագահ է, այլ բանտարկյալ»

Մինչդեռ, «Լե Սանտե» բանտի նախկին բանտարկյալ Պիեր Բոտոն լրագրողների խնդրանքով պատմել է բանտարկության պայմանների մասին:

«Ուզում եմ, որ մարդիկ, հանրությունը հասկանան, թե ինչ է բանտը, այնտեղ նա Ֆրանսիայի նախագահը չէ, Նիկոլա Սարկոզին չէ, այնտեղ նա՝ մարդ է, որը դատապարտվել է, նա բանտարկյալ է, մարդ, որը կանի բանտում ճիշտ այն, ինչ կանեն մյուս կալանավորները»,- ասել է Բոտոն:

Սարկոզին «Լա Սանտեի» առաջին անվանի «բնակիչը» չէ

Այսպիսով Սարկոզին դառնում է արդիական ժամանակաշրջանում Ֆրանսիայի առաջին նախկին նախագահը, որը բանտ է ուղարկվում: Ենթադրվում է, որ նրան կպահեն մեկուսի խցում, այդպես բանտի վարչակազմը կկանխի նրա հնարավոր շփումները մյուս բանտարկյալների հետ:

Սարկոզին միակ անվանի բանտարկյալը չէ, «Լա Սանտեում» ժամանակին պատիժը կրել են հայտնի հրեա կապիտան Ալֆրեդ Դրեյֆուսը, պոետ սցենարիստ և արվեստագետ Գիյոմ Ապոլիները:

Նրանց նկատմամբ Ֆրանսիայի արդարադատության համակարգն անարդար է գտնվել, բայց շատերին էլ միանգամայն արդարացի են ուղարկել «Լա Սանտե», օրինակ, սարսափազդու ահաբեկիչ Իլյիչ Ռամիրես Սանչեսին, նույն ինքը Կառլոս Շնագայլին:

Գիլիոտինը, բարեբախտաբար, էլ չի կիրառվում

«Լա Սանտեում» ժամանակին նաև մահապատիժ են ի կատար ածել՝ գլխատելով մեղավորներին: Հիմա այդ գիլիոտինը բանտի նկուղում է:

Վերջին անգամ գիլիոտինը մեղավոր ճանաչվածի կյանքն ընդատել է հեռավոր 1972 թվականին:

Սարկոզին բողոքարկում է դատավճիռը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի փաստաբանները բողոքարկել են դատավճիռը: Նրա աջակիցները չեն բացառում, որ ինչ-որ տեսանելի ապագայում Սարկոզին գուցե ներում կստանա:

Կարդացեք նաև

Back to top button