
Կարևոր դիվանագիտական ազդակ՝ Հայաստան-Վատիկան հարաբերությունների ամրապնդման և միջկրոնական երկխոսության խորացման առումով. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին Վատիկանում մասնակցել է արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի ու ևս վեց երանելիների սրբադասման արարողությանը։ Ո՞վ էր հայազգի Ինգնատիոս Մալոյանը, և ի՞նչ խորհուրդ ունի նրա սրբադասումը Վատիկանի կողմից։
Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասմանը խորհրդանշական կարևոր նշանակություն է տրվում, և այն գնահատվում է որպես նշանակալի իրադարձություն հայ ժողովրդի համար։ Ըստ Vatican News-ի՝ սա ընդգծում է հավատքի անսասանության արժեքը, հիշեցնում, որ հայկական պատմության ամենածանր էջերում անգամ պահպանվել է հոգևոր տոկունությունը։ Հայոց ցեղասպանության տարիներին նահատակված հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման որոշումը մահվանից դեռ շաբաթներ առաջ հաստատել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապը, իսկ արարողության օրը սահմանվել է Լևոն 14-րդ պապի գլխավորությամբ հրավիրված կարդինալական ժողովի ժամանակ՝ 2025 թ․ հունիսի 13-ին։ Ո՞վ էր արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը։
Նրա կենսագրականում կարդում ենք.
«Երանելի Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականի ապրիլի 19-ին՝ ներկայիս Թուրքիայի Մարդին քաղաքում։ 14 տարեկանում նա մտել է Լիբանանի Զմմառի վանքի կղերական միաբանություն և 1896 թվականին ձեռնադրվել է՝ ստանալով Իգնատիոս անունը։ Ծառայել է Ալեքսանդրիայում և Կահիրեում՝ հայտնի լինելով իր քարոզներով՝ թե՛ արաբերեն, թե՛ թուրքերեն։ 1911 թվականին նշանակվել է Մարդինի պատրիարքական փոխանորդ։ Հայոց ցեղասպանության տարիներին ձերբակալվել է տասնյակ քրիստոնյաների հետ և կանգնել մահվան եզրին՝ հրաժարվելով կրոնափոխությունից»։
Երբ նրան առաջարկել են իսլամ ընդունել և փրկվել, Մալոյանը հայտարարել է. «Մենք երբեք անհավատարիմ չենք եղել պետությանը… բայց, եթե դուք մեզ խնդրում եք անհավատարիմ լինել մեր կրոնին, դա երբեք չի լինելու»։ Դրանից հետո նրան խոշտանգել են և կարճ ժամանակ անց մահապատժի ենթարկել։
Հոկտեմբերի 19-ին՝ միսիոներական համաշխարհային օրվա առթիվ սրբերի շարքը համալրել են ևս վեց երանելիներ։ Այս իրադարձության առիթով Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր հավատացյալներ են հավաքվել՝ Հռոմի պապի ձեռամբ կատարվող արարողությանը հաղորդակից լինելու և նրա աղոթքը լսելու։ Սրբադասումը կաթոլիկ եկեղեցու ամենակարևոր ծիսակարգերից է, որով հավատացյալն իր առաքինությունների կամ հանուն հավատի նահատակության շնորհիվ պաշտոնապես հռչակվում է սուրբ։
Սրբադասումը սովորաբար կատարվում է երկար քննությունից հետո․ նախ մարդուն ճանաչում են որպես առաքինության օրինակ, ապա հռչակում երանելի, և միայն դրանից հետո, եթե հաստատվում են նրա միջնորդությամբ գործված հրաշքները կամ նահատակությունը, նա սրբադասվում է։ Արարողությունը սովորաբար կատարվում է Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, Հռոմի պապի գլխավորությամբ՝ հանդիսավոր ծեսով։
Սա ոչ միայն հոգևոր, այլև խորհրդանշական իրադարձություն է, որով Եկեղեցին վկայում է մարդու հավատքի անսասանությունը և նրա օրինակելի դերը հավատացյալների կյանքում։
2015 թ․ փետրվարի 21-ին Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիսապետությամբ համատիեզերական սուրբ հռչակվեց Գրիգոր Նարեկացին։ Նույն տարվա ապրիլի 12-ին տեղի ունեցավ մեկ այլ կարևոր իրադարձություն, որի մասին Vatican News-ը գրում է.
«Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում, Պապը հանդիսավոր կերպով հայտարարեց Նարեկացուն որպես Եկեղեցու վարդապետ (Doctor of the Church)՝ ընդգծելով նրա աստվածաբանական և միստիկական ժառանգության համաշխարհային արժեքը»։
Այսպիսով, 2015 թ. փետրվարի 21-ին պաշտոնապես Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս շնորհվեց, իսկ ապրիլի 12-ին դա մեծ հանդիսավորությամբ ներկայացվեց ողջ կաթոլիկ աշխարհին։ Նարեկացին դարձավ Եկեղեցու 36-րդ վարդապետը և միակ հայը, որին Վատիկանը դասեց եկեղեցու վարդապետների շարքին։
Բացի սրբադասված արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանից՝ Վատիկանը սրբադասել կամ երանելի է ճանաչել ևս մի քանի հայ կաթոլիկ հոգևորականի և նահատակի։ Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ մասնավորապես հիշատակվում են երանելի Մեսրոպ Սեբաստացին՝ Միքայել Մելքոնյանը, և մի խումբ հայ կաթոլիկներ, որոնց Վատիկանը ճանաչել է որպես երանելիներ՝ հանուն իրենց հավատքի նահատակության։
Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հոկտեմբերի 19-ին արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի ու ևս վեց երանելիների սրբադասման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայ առաքելական եկեղեցու վեհափառ հայրապետը նույնպես հրավեր էր ստացել մասնակցելու արարողությանը, սակայն չի մեկնել Վատիկան՝ հաշվի առնելով, որ վերջերս արդեն եղել էր այնտեղ պաշտոնական այցով։ Սեպտեմբերի 15-ին նա Վատիկանում հանդիպել էր Հռոմի պապին և ունեցել երկարատև զրույց։
Սուրբ աթոռ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը Վատիկանում հանդիպել է Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս-պատրիարք, ամենապատիվ և գերերջանիկ տեր տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանի և Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթոլիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանի սաների հետ։ Կառավարության տարածած հաղորդագրության մեջ կարդում ենք.
«Հանդիպման ընթացքում անցկացվել է հարցուպատասխան, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցեր, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև քրիստոնեական արժեքների տարածման և պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները»։
Հանդիպման ավարտին կաթողիկոս-պատրիարք Մինասյանը վարչապետ Փաշինյանին է նվիրել սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք՝ եկեղեցական զգեստ, որը պահվում է Լիբանանի Զմմառի վանքի թանգարանում, ինչպես նաև հուշամեդալ՝ ի հիշատակ հոկտեմբերի 19-ին Վատիկանում տեղի ունեցած սրբադասման արարողության։
Հայաստանի և Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ․։ Հայաստան-Վատիկան համագործակցությունը մշակութային, կրթական և մարդասիրական ոլորտներում է։




