
Ճապոնիայի խորհրդարանը հաստատել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սանաե Տակաիտիի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում։ Արմատական պահպանողական հայացքներով, հայտնի Տակիտին Ճապոնիայի պատմության մեջ առաջին կին վարչապետն է։
Նա ղեկավարելու է լիբրալ-դեմոկրատների եւ Նորարարությունների կուսակցության ձեւավորած կոալիցիոն կառավարությունը։ Երկու կուսակցությունները դաշինք են կազմել նախօրեին։
«Եկե՛ք միասին առաջ տանենք Ճապոնիան»,- հայտարարել էր Նորարարությունների կուսակցության համանախագահ Հիրոֆումի Յոշիմուրան` հայտնելով լիբերալների հետ համագործակցության մասին։
Մինչ այդ` շուրջ 26 տարի, ԼԴԿ-ն կոալիցիա է կազմել բուդդայական «Կոմեյտո» կուսակցության հետ։ Սանաե Տակաիտիի ԼԴԿ նախագահ ընտրվելուց հետո «Կոմեյտոն» դուրս էր եկել կոալիցիայից։
Տակաիտին ԼԴԿ նախագահ էր ընտրվել երկու շաբաթ առաջ, բայց այս ընթացքում անհայտ էր, թե արդյո՞ք նա կդառնա երկրի առաջին կին վարչապետը։ Նորարարությունների կուսակցությունը նրան այդ հնարավորությունը տվեց` ապահովելով խորհրդարանական անհրաժեշտ քվեներ։




