
Տարածաշրջանային իրավիճակի արագ փոփոխությունները հաճախ թույլ չեն տալիս նույն արագությամբ փոփոխություններ կատարել պետական փաստաթղթերում։ Այդպես օրինակ՝ մինչև օգոստոսի 8-ը տևականորեն մշակվում էր ազգային անվտանգության ռազմավարությունը, որը, սակայն, վաշինգտոնյան համաձայնագրերից հետո կորցրեց իր նշանակությունը և նոր խմբագրումների կարիք ունի։
Պաշտպանական ոլորտի պատասխանատուները, սակայն, վստահեցնում են՝ 2026-ի համար նախատեսված անվտանգային և պաշտպանական քայլերը հստակ են։
Կայուն բյուջե, ծառայության նոր ժամկետներ և դիվերսիֆիկացված միջազգային գործակցություն․2026-ին ընդառաջ այսպիսին են պաշտպանական ոլորտի մասին պատկերացումները։ Ընդդիմությունը, սակայն, վտանգավոր միտումներ է տեսնում՝ մատնանշելով պաշտպանական բյուջեի կրճատումը։ Իշխանությունը այլ հիմնավորում է ներկայացնում արվող քայլերի անհրաժեշտությունը բացատրելու համար։
Մինչև հաջորդ տարվա բյուջեի մշակումը Հայաստանի վարչապետը խոստանում էր, որ բոլոր որոշումները կլինեն «ադեկվատ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացումներին»։
Աշխարհաքաղաքական իրադարձությունները, սակայն, այնքան արագ են փոփոխվում, որ կառավարման համակարգը երբեմն չի հասցնում պետական փաստաթղթերը համապատասխանեցնել նոր իրողություններին։ Այդպես առկախված մնաց Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, որի տեքստը մշակվել էր մինչև օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունները։ Դրանցից հետո այն կորցրեց իր արդիականությունը փոխված իրողությունների պատճառով։ Այս փաստաթղթի ճակատագիրը դեռ պարզ չէ։ Խոստովանությունն արել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հաշվի առնելով մեր վերջին 4-5 տարվա փորձը, երբ ամեն անգամ հետաձգում էինք ազգային անվտանգության ռազմավարություն ունենալու գաղափարը, բայց երբ որոշեցինք ունենալ, մի քանի ամիս հետո մի այնպիսի իրադարձություն տեղի ունեցավ, որն ամբողջովին փոխեց մեր միջավայրը և, բնականաբար, անհրաժեշտություն է առաջանում նաև փոխելու ռազմավարությունը»։
Այլ փաստաթուղթ է համապարփակ անվտանգության ռազմավարությունը, որը դարձել է Հայաստան-ԵՄ երկխոսության օրակարգային հարցերից մեկը։ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի շուրջ ստեղծվել էին որոշակի սպառնալիքներ, որոնց մեծ մասն իշխանությունն այժմ չեզոքացված է համարում։
Արդեն հայտնի է, թե որքան գումար է հատկացվելու պաշտպանության ոլորտին 2026 թ․։ Այն, որ ֆինանսավորումն այս տարվա համեմատ նվազելու է շուրջ 15 %-ով, տարբեր մեկնաբանությունների է արժանացել։
Այս որոշման առնչությամբ ընդդիմադիրների տարակուսանքն ու մտահոգությունները ներկայացրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․
«Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն, Հայաստանը փոքրացնում է իր ռազմական բյուջեն։ Ես բացատրություն չունեմ։ Կարող ենք միայն սենց ենթադրության դաշտ մտնել և ասել հետևյալը․ դա անում է, որովհետև Ալիևը մի քանի անգամ ասել է, որ թույլ չի տալու Հայաստանի միլիտարիզացիան։ Ընդհանրապես, կայուն խաղաղությունը այն խաղաղությունն է, որը հենված է ուժերի բալանսի վրա»։
Ուժերի բալանսը հենց այն հարցն է, որն ընդգծում են նաև իշխող ուժի ներկայացուցիչները՝ հիշեցնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը շեշտակիորեն խախտվել է հենց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ։

Իրականում պաշտպանական ոլորտի ֆինանսավորումը չի կրճատվում՝ պարզաբանում է կառավարությունը։ Գործադիրի ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն ուժի մեջ են։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը Հանրային ռադիոյի եթերում փակագծերն ավելի է բացել․
«Մենք նախ՝ 2018-ից, բայց հատկապես 2020-ից հետո շատ անհամաչափորեն ավելացրինք մեր ռազմական բյուջեն։ Որ համեմատում ենք 2018-ի պետական բյուջեն ռազմական ծախսերի առումով և 2025-ը, մենք տեսնում ենք, որ գրեթե վեց անգամ ավելացել է։ Այդ տեմպը պահելը, կարծում եմ, և՛ անհրաժեշտ չէ, և՛ խնդրահարույց է։ Մյուս կողմից՝ այն բոլոր ծախսերը, որոնք նախատեսված են երկարաժամկետ առումով զենքի ձեռքբերման, զինամթերքի մասին օտար երկրների հետ կնքած պայմանագրերը, ինչու չէ, նաև մեր ներքին, արդեն կնքված են, և այդ առումով նահանջ չի լինելու։ Այսինքն` այն ծավալը՝ սպառազինության, զենքի, որ մենք պետք է ձեռք բերենք նաև 2026-ին, չի փոփոխվել»։
Վարչապետ Փաշինյանն ԱԺ-ում ավելի վաղ բացատրել էր, թե ինչպես է ձևավորվել 2026-ի պաշտպանական բյուջեն։

«Մենք 25 թվին 24-ի համեմատությամբ ունեցել ենք պաշտպանական ծախսերի անհամաչափ մեծ աճ, և մենք իրականացրել ենք էական պաշտպանական ծախսեր։ Այդ ծախսերի մի մասը ուղղել ենք ապագա պարտքերի, պարտավորությունների մարմանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Այսինքն՝ այն վարկերը, որոնք ուղղվել են պաշտպանությանը, այն, որ մենք պետք է, ասենք, 2030 կամ 35 թվականին մարեինք, մենք հարմար ենք գտել, որ հետագա պարտքային բեռը նվազեցնենք, բայց ոչ միայն։ Եթե այդ պարտքի կտորը հիմա ուղղակի այս ամբողջ խոսակցությունից հանենք և վերցնենք թվերը սրանից դուրս, մենք կունենանք պաշտպանական ծախսերի այն բնականոն աճը, որը մենք ի սկզբանե պլանավորել էինք և գուցե մի փոքր էլ ավելի»։
Ուշագրավ է, որ Բաքուն մտադիր է մինչև 2030 թ․ պաշտպանության և ազգային անվտանգության բյուջետային ծախսերը կրճատել՝ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված միջնաժամկետ բյուջետային ծախսերի համաձայն՝ այդ երկրի իշխանությունները 2026-2029 թթ․պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կկրճատեն 8,6 %-ով:
Արդյոք այս քայլերը պայմանավորված են վաշինգտոնյան համաձայնություններով՝ հայտնի չէ։
Պաշտպանական ծախսերի նվազման պատճառներից մեկն էլ պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումն է։ 2026-ի ամառային զորակոչից սկսած պարտադիր զինծառայության ժամկետը 2-ից դառնալու է 1,5 տարի։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի ներկայացմամբ՝ ենթադրվում է ծախսերի որոշակի կրճատում։
«Սա աննախադեպ նախագծերից մեկն է, որը պետք է ողջույնի աղմուկ առաջացնի, այլ ոչ թե դժգոհության։ Ի հեճուկս այս նախագծի ընդդիմախոսների` 2021-ին դեռևս կառավարությունն իր ծրագրում ամրագրել է, որ մինչև 2026 թիվը պետք է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվի։ Բայց սա այնպիսի բարեփոխում է աննախադեպ, որը իրականացնելու համար պաշտպանության գերատեսչությանը անհրաժեշտ էր կատարել մի շարք այլ բարեփոխումներ, որպեսզի կարողանանք հասնել այս նպատակին»։
2026-ի համար մեկ այլ նորամուծություն է առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը։ Ասում է՝ բանակը ավելի թափանցիկ դարձնելու նախագիծը հավանության է արժանացել։
«Գնումները, որոնք անմիջապես կապված չեն զենք-զինամթերքի հետ, դիրքերի հետ, պետք է լինեն բաց ընթացակարգով, որպեսզի հնարավորինս շատ մատակարարներ մասնակցեն մրցույթներին` կապված, օրինակ, սննդի, հագուստի, ատամի մածուկի մրցույթների հետ։ Փակ ընթացակարգով մրցույթներին պարտադիր պահանջ կա, որ պետք է ԱԱԾ-ով անցնեն որոշ աշխատակիցներ՝ նվազագույնը երեք, այդ ընկերությունները պետք է ունենան գաղտնի բաժին, գաղտնի թղթաբանություն, ունենան փակ ինչ-որ կահավորված սրահներ և այլն։ Բազմաթիվ գործարարներ ուղղակի չեն ցանկանում փակ ընթացակարգերով մրցույթներին մասնակցել։ Հետևաբար, մասնակցում են քիչ թվով ընկերություններ, և ունենում ենք հաճախ որակի, գնի հետ կապված խնդիր։ Մենք նաև Ազգային ժողովում քննարկում ենք անցկացրել պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Իմ առաջարկը ընդունվել է, և առաջիկայում նախատեսվում է, որ 2026-ին գնումների մեծ մասը պետք է կատարվի բաց։ Ի վերջո, վստահաբար մենք 2026-ին կունենանք և՛ խնայողություններ, և՛ որակի բարձրացում»։

Պաշտպանության նախարարությունը զուգահեռաբար քննարկում է նոր համազգեստ ունենալու գաղափարը։ ՕրերսՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլիքեն» ընկերության ղեկավարության հետ և քննարկել Հայաստանի զինված ուժերի նոր համազգեստի մշակմանն առնչվող հարցեր:




