ԿարևորՄիջազգային

NYT-ը՝ Tomahawk հրթիռների փոխանցման հետ կապված խնդիրների մասին

Պենտագոնը մշակել է Ուկրաինային հեռահար Tomahawk հրթիռներ վաճառելու կամ փոխանցելու ծրագրեր, հաղորդում է «The New York Times»-ը։ Սակայն այս զենքի մատակարարման հետ կապված դժվարություններ կան, Tomahawk հրթիռներ արձակելու համար անհրաժեշտ են Typhon կայանքներ, թերթին պարզաբանել են ռազմական աղբյուրները։ Նրանք կարծում են, որ նման կայանքների մատակարարումը դրականորեն չի ազդի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վրա, նույնիսկ կարող է հանգեցնել անմիջական բախման։

Tomahawk հրթիռների փոխանցման հարցը կքննարկվի ԱՄՆ–ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հոկտեմբերի 17-ին Վաշինգտոնում նախատեսված հանդիպման ժամանակ։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկերը դեռևս վերջնական պատասխան չի տվել այդ հարցին։

Հոկտեմբերի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ հրթիռները կարող են փոխանցվել Կիևին, եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը չկարգավորվի։

Կրեմլը հայտարարել էր, որ Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարումը խորը մտահոգության առիթ է տվել։ ՌԴ նախագահ Վրադիմիր Պուտինը զգուշացրել էր, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները կարող են լրջորեն տուժել, եթե այդ զենքը փոխանցվի: Միևնույն ժամանակ, ըստ Ռուսաստանի նախագահի, այդ հրթիռների մատակարարումը չի փոխի մարտադաշտում իրավիճակը: «Մենք դրանք կխփենք, կբարելավենք մեր ՀՕՊ համակարգը», — ընդգծել էր Պուտինը։

Զելենսկին ասել է, որ Tomahawk հրթիռները կկիրառվեն միայն ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու համար:

Կարդացեք նաև

Back to top button