ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Ֆինանսատնտեսական հարցերը խորհրդարանական հանձնաժողովի օրակարգում․ քննարկվել է ԿԲ խորհրդի նոր անդամի թեկնածությունը

Խորհրդարանի՝ շաբաթ մեկնարկելիք նստաշրջանին ընդառաջ հանձնաժողովներն արդեն նիստեր են անցկացնում՝ քննարկելու լիագումար նիստերի օրակարգ ներառվող նախագծերը։ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է Հայաստան–Գերմանիայի ֆինանսական համագործակցության համաձայնագիրը վավերացնելու նախագիծը։ Երկու երկրների կառավարությունների քննարկման հիմնական շեշտը եղել է վերականգնվող էներգետիկայի, էներգարդյունավետության, մասնագիտական տեխնիկական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման և այլ ոլորտներում համագործակցությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի նոր անդամի թեկնածություն է առաջադրել։ Փոփոխություններ կկատարվեն նաև պետական պարտքի մասին օրենքում։

Հայաստանի պետական պարտք–ՀՆԱ ցուցանիշը կիջնի 2 %–ով։ Դա ոչ թե պարտքի մարումով է պայմանավորված, այլ օրենսդրական փոփոխությամբ։ Արժույթի միջազգային հիմնադրամի իրականացրած ծրագրով պարզվել էր, որ ԿԲ արտաքին պարտքը և երաշխիքները հաշվառվում են որպես պետական պարտք, համայնքների պարտքը՝ պետական համախամբված պարտք։ Սա հակասում է միջազգային ստանդարտներին։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հայտարարեց․

«Եթե պետական պարտքի երաշխիքների և պայմանական պարտավորությունների հանրագումարը 70 %–ից ավելի է լինում, այսինքն, օրինակ, հնարավոր է իրավիճակ, երբ որ պետական պարտքը, օրինակ, 50 %–ի վրա է, բայց մենք ունենք մեծածավալ պայմանական պարտավորություններ, կան և երաշխիքներ։ Այս նույն կանոնը նորից միանում է, այսինքն՝ սրանով Ազգային ժողովը կանոն է սահմանում՝ ասելով, որ երբ որ պետական պարտքի և այլ պարտավորությունների հանրագումարը նախորդ տարվա ՀՆԱ–ի մեջ 70 %–ից ավելին ռիսկային է, և կառավարությունը մինչև լրացուցիչ պարտավորություններ վերցնելը պետք է գա և համապատասխանաբար Ազգային ժողովում դա հաստատի և նոր գնա այդ ծրագրերի համապատասխան իրականացմանը»։

Փոխնախարարն ընդգծում է ՝ 2 %–ով է իջնելու ցուցանիշը ԿԲ պարտավորությունների հաշվին, և այդ 2 %–ը ներառում է նաև երաշխիքները։ Հաստատված այս նախագծից բացի՝ խորհրդարանում առաջկայում կքննարկվի նաև ԿԲ խորհրդի նոր անդամի թեկնածությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը։ Արմեն Քթոյանն այս պահին ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչն է, տնտեսագետ–փորձագետ։ Խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում նա ներկայացրեց ԿԲ վարած դրամավարկային քաղաքականության շուրջ ունեցած իր տեսլականը՝ թվայնացումից մինչև թափանցիկություն։ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանին հետաքրքրում էին փոխարժեքի տատանումները․

«Ես կուզեի հասկանալ Ձեր մոտեցումը, թե ինչու է դրամը իրեն այսպես պահում, 2018 դեկտեմբերից ինչու է իրեն պատեպատ տալիս»։

Արմեն Քթոյանի դիտարկմամբ՝ փոխարժեքի գլխավոր տատանումը ռուս–ուկրաինական պատերազմի սկզբից էր, երբ արտարժույթի ներհոսք տեղի ունեցավ։ Սրանով պայմանավորված՝ դրամն արժևորվեց։ Բացի այդ՝ պատգամավորը հետաքրքրվում էր, թե ինչպես դրամը չի արժեզրկվում, հաշվի առնելով, որ դրա հիմքերը կան։ Խնդիրները համալիր են՝ կարծում է Արմեն Քթոյանը․

«Լիկվիդայնության պահանջները բանկերի պարագայում տարբեր են, բանկերը, հիմնականում խոշորները միջազգային ամենատարբեր ֆոնդերի, ֆինանսական ֆոնդերից ռեսուրսներ ներգրավելու հնարավորություն ունեն։ Այդ ռեսուրսները կարճաժամկետ են ու արտարժույթով են, հետևաբար արտարժույթով, բարձր տոկոսով ռեսուրսներ ներգրավելու անհրաժեշտություն իրենք չունեն։ Դրամի պարագայում լիկվիդայնության ներգրավման գործիքները բոլորովին այլ են։ Այսօր մենք երկրորդային ֆինանսական շուկայի մրցակցության առումով ունենք լրջագույն խնդիրներ, այսօր մենք դրամով իրացվելու տրամաբանության մեջ այլընտրանքային գործիքների կիրառման առումով ունենք լրջագույն խնդիրներ»։

Հայաստանի կենտրոնական բանկը վերջին տարում պարբերաբար նվազեցնում է ֆինանսավորման տոկոսադրույքը։ Սրանից հետևում է, որ քաղաքացիներին տրվող վարկերի տոկոսները նույնպես նվազում են։ Այս հարցն էր հետաքրքրում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանին․

«Ինչո՞ ւ է ԿԲ–ում վերաֆինանսավորման տոկոսադրույքը գնալով նվազում, բայց բանկերում 2021–2022 թթ․ հիպոթեկային վարկերի լողացող տոկոսադրույքները առ այսօր չեն վերանայվում»։

Արմեն Քթոյանն ընդգծում է՝գործոնները տարբեր են ու շատ․ ռիսկի հավելավճարը բարձր է, ֆինանսական համակարգի դոլարացման մակարդակը՝ նույնպես, բանկերը շահագրգռված չեն․

«Մեր ֆինանսական համակարգում դոլարացման մակարդակը բարձր է։ Սա դրամով վարկերի տոկոսադրույքների ոչ բավարար ճկունության պատճառներից է։ Ֆինանսական համակարգում էլ մրցակցությունը բավարար մակարդակ չունի»։

Բացատրում է՝ կազմակերպություններ կան, որոնք թելադրում են իրենց պայմանները, և հետևաբար մյուսներն իրացվելու շատ մեծ հնարավորություն չունեն։

Հայաստանում անկանխիկ գործառնությունների դեպքում բիզնեսը ծախսեր ունի, ինչը դժգոհություն է առաջացնում՝ ասում է Արմեն Քթոյանը։ Ոլորտին պետք է զգուշությամբ վերաբերվել, այդուհանդերձ օրակարգ ձևավորել և առաջ գնալ՝ եզրափակում է տնտեսագետ Արմեն Քթոյանը։

Կարդացեք նաև

Back to top button