ՌեպորտաժներՏնտեսական

Արմավիրի մարզում սեղանի սորտի խաղողը դժվարությամբ է իրացվում. շուկայում լճացում է, բերքը ցածր գներով մթերում են

Արմավիրի մարզում սեղանի սորտի խաղողը դժվարությամբ է իրացվում. գյուղացիները բարձրարժեք տեսակները ստիպված ցածր գներով հանձնում են վերամշակող ձեռնարկություններին, որպեսզի բերքը չփչանա: Այգեգործներն ասում են՝ իրացման այս տարբերակով վնաս են կրում, քանի որ խաղողի մշակության վրա ավելի շատ են ծախսել:

Արմավիրի մարզում մի քանի գյուղեր կան, որտեղ բացառապես սեղանի սորտի խաղող են մշակում և՛ տնամերձ այգիներում, և՛ սեփականաշնորհված հողերում: Տարնիներ շարունակ այդ խաղողը մեծամասամբ արտահանվել է Ռուսաստան, մի մասն էլ՝ վաճառվել շուկայում: Սեղանի սորտի խաղողի իրացման խնդիրներ գրեթե չեն եղել, բերքը միանգամից այգուց են տարել։ Այս տարի այգեգործները մտահոգված են. հոկտեմբերի կեսն է, իսկ խաղողը մնացել է վազերին: Սարդարապատ գյուղից  այգեգործն է մտածմունքների մեջ ընկել:

«Իմ խաղողը երկար ու կարճ իծան պտուկ է, քիշմիշը 400 դրամով շուտ են տարել: Ամենասկզբից 1կգ-ը 500 դրամ էր, հետո դարձրին՝ 400 դրամ: Հիմա շուկայում էլ չի ծախվում: Սովորաբար տանում ենք Էջմիածնի Հովտամեջի շուկան: Խաղողը վազի վրա է, որ նայում ես, շողում է, իսկական՝  դեղին խունկ: 1.5 տ է, հենց հիմա մնացել է այգում, չենք քաղում: Տեսնենք՝ ինչ կլինի»:

Այս տարի խաղողի առատ բերք կա այգիներում, տեխնիկական սորտի խաղողի  իրացման խնդիրներ չկան, գործարանները նախատեսվածից ավելի մեծ քանակությամբ են ընդունում, իսկ սեղանի սորտի խաղողը չի իրացվում: Արգավանդ գյուղում այն ամբողջությամբ մնացել է այգիներում: Էմման ասում է, որ անցած տարի մինչև հոկտեմբեր  խաղողը քաղել, վերջացրել են, իսկ այս տարի մինչև հիմա իրացման ճանապարհներ են փնտրում:

«Եթե շուկա են տանում, մարդիկ օրերով այնտեղ են մնում, հետո հիասթափված հետ են գալիս: Այդ վիճակն է, խաղող հարցնող չկա, առնող չկա: Ինձ թվում է, որ Ռուսաստան չեն տանում՝ դրա հետ է կապված: Այս ձևի լճացում չի եղել»:

Մինչև անցած տարի  գյուղում խաղողի ակտիվ գնորդներ էին նաև վրացիները: Վրաստան են արտահանել ոչ միայն  խաղողը, այլև սեխն ու ձմերուկը: Այս տարի վրացիներն էլ չեն եկել՝ ասում է Էմման: Այգում 4 տ բերք ունեն:

«Ես այս տարի ընդհանրապես չեմ տեսել, որ գյուղում վրացի մտնի, բայց անցած տարի եկել են: Ում խաղողը լավ որակի է, շուկա են տարել, վաճառել: Ավելի նորմալ է եղել, իսկ այս տարի չեն տանում»:

Արգավանդի վարչական ղեկավար Արշավիր Աղաջանյանն ասում է,  որ գյուղացիները, այլընտրանք չունենալով , ստիպված  պայմանագրեր են կնքում գործարանների հետ:

«Ահագին քանակությամբ գործարաններին են հանձնում, այս տարի գործարաններն ընդունում են՝ 130-150 դրամի սահմաններում: Քիշմիշն ու իծան պտուկն են տալիս գործարանին: Պռոշյանի գործարանն է հիմնականում ընդունում, նաև Արտաշատ են տանում»:

Խաղողի մթերմանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա Պռոշյանի կոնյակի գործարանից մթերման տեսանյութ է հրապարակել  և գրել․ «Առհասարակ, մեր գործարանների մեծ մասն արժանի է խորը հարգանքի, և պետք է ամեն օր գնահատել նրանց աշխատանքը: Սակայն կան նաև այնպիսինները, որոնց «խոսքն այդպես էլ գործ չի դառնում» և՛ բիզնեսում, և՛ քաղաքականության մեջ», մեջբերման ավարտ:

Սեղանի սորտ մշակող այգեգործների համար մթերման այս ճանապարհն ընդհնարնապես ձեռնտու  չէ՝ ասում է արգավանդցի զրուցակիցս:

«Ամբողջ գյուղը պայմանագիր է կնքում, գործարաններ են տանում, բայց դե իրենք այնքան մեծ ներդրումներ են արել այգիների վրա, որ ծախսը դուրս չի գալիս: Էժան գնով տալիս են գործարանին: Մի հոգի ասում էր՝ ես 800 հազար դրամի թունաքիմիկատ եմ առել, ծախս եմ արել, բայց էդ գումարի կեսը նույնիսկ դուրս չի գալիս»:

Գյուղացիները ճարահատ են ընտրել այդ ճանապարհը. անձրևները սկսելուն պես՝ խաղողը փչանալու է վազին:

Արմավիրի մարզի գլխավոր գյուղատնտես Արթուր Այվազյանը սեղանի սորտի խաղողի արտահանման նվազումը կապում է ռուսական շուկայում հայկական խաղողի դժվար իրացման, ինչպես նաև Լարսի անցակետի լոգիստիկ խնդիրների հետ: 

«Այս պահին որոշակի լարվածություն ունենք սեղանի սորտի խաղողի արտահանման հետ կապված: Հիմնական շուկան ռուսականն էր, որտեղ այսօր հայկական խաղողն իրացվում է շատ դանդաղ ու ցածր գներով: Հիմնական պատճառը բերքի առատությունն է, նաև այն, որ  Միջին Ասիայից մեծ քանակություն է ներկրվում»:

Արմավիրի մարզում 2000 հա-ից ավելի տարածքներում խաղողի սեղանի սորտեր են մշակում։

Կարդացեք նաև

Back to top button