
Ֆիլիպինների հարավում այսօր առավոտյան տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է BBC-ն։
Ցնցումները զգացվել են նաև հարևան Ինդոնեզիայում, ինչի հետևանքով երկու երկրների իշխանությունները հայտարարել են ցունամիի վտանգի մասին։
Ֆիլիպինների կենտրոնական և հարավային ափամերձ քաղաքների բնակիչներին կոչ է արվել անմիջապես տարհանվել՝ կանխատեսվող ալիքների պատճառով, որոնք կարող են գերազանցել սովորական մակարդակը։
Նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ։ Տարածքում արձանագրվել են էլեկտրաէներգիայի անջատումներ, ինչպես նաև դադարեցվել են դասերը մի շարք նահանգներում։
Այս երկրաշարժը տեղի է ունեցել Սեբու նահանգում գրանցված 6.9 մագնիտուդով երկրաշարժից մեկ շաբաթ անց։ Երկրաշարժի հետևանքով զոհվել էր 74 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին։




