Սփյուռքի ձայնը

«Հրահա՞նգ» Երևանից, թե՞ անկեղծ երկխոսություն․ Զարեհ Սինանյանը՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերափոխման մասին․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները գտնվում են վերափոխման փուլում, որտեղ հին մոտեցումները բախվում են նոր իրողություններին, իսկ ավանդական կառույցների ձայնը երբեմն խլացվում է երիտասարդության նոր ձևավորվող պահանջների ֆոնին։

Ի՞նչ է ուզում այսօրվա սփյուռքահայը, ինչո՞ւ են ոմանք «հրահանգների» սպասում Երևանից, իսկ մյուսները մեղադրում միջամտելու համար, և ինչպե՞ս է լուծվում Երուսաղեմի «Կովերի պարտեզի» բարդ հավասարումը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բացում է փակագծերը՝ խոսելով ոչ միայն ձեռքբերումների, այլև տասնամյակներով կուտակված բարդույթների մասին։

Ո՞վ է այսօրվա սփյուռքահայ երիտասարդը

«Խոսում ենք միլիոնավոր երիտասարդների մասին, որոնք շատ տարբեր հանգամանքներում են ապրում»,-նշում է Զարեհ Սինանյանը՝ ուրվագծելով Սփյուռքի երիտասարդության բազմաշերտ դիմանկարը։ Նրա խոսքով՝ կան երիտասարդներ, որոնք պարզապես գիտեն իրենց հայկական ծագման մասին և վերջ։ Ոմանք փնտրում են կապը Հայաստանի հետ, բայց դեռ չեն գտել դրա ձևաչափը։ Եվ կան այնպիսիք, որոնք ոչ միայն ֆիզիկական կապ ունեն հայրենիքի հետ, այլև իրենց պատասխանատու են զգում Հայաստանի ապագայի համար։ «Հենց այս վերջին խումբն ընդլայնելն է գերատեսչության առանցքային նպատակը»,-նշում է նա։ Երիտասարդական համաժողովները դարձել են այն հարթակը, որտեղ քննարկումներն ազգային անվտանգության թեմաներից տեղափոխվել են ավելի գործնական դաշտ՝ մշակույթ, հայրենադարձություն, տեղում աշխատանքի հնարավորություններ։ «Մեր նպատակն է ստեղծել ուղիներ, որպեսզի նրանք կարողանան իրենց կապը դրսևորել»,-ասում է հանձնակատարը՝ ընդգծելով, որ այսօրվա երիտասարդները պահանջում են ոչ թե պանելային քննարկումներ, այլ ինտերակտիվ, մասնակցային ձևաչափեր, որտեղ իրենց ձայնը լսելի կլինի։

Ավանդական կառույցների մարտահրավերը․ «Ինչո՞ւ եք անհատին հրավիրում, ոչ թե կառույցին»

Սփյուռքի հետ աշխատանքի ամենանուրբ կողմերից մեկը ավանդական, տասնամյակների պատմություն ունեցող կառույցների հետ հարաբերություններն են։ Զարեհ Սինանյանը բացահայտում է մի հետաքրքիր բարդույթ․ երբ համաժողովների կամ միջոցառումների են հրավիրվում ակտիվ անհատներ, որոնք նաև այդ կառույցների անդամներ են, կառույցները վիրավորվում են՝ պահանջելով, որ հրավերն ուղարկվի հենց կառույցին։ «Մենք բացատրում ենք, որ համաժողովն անհատների համար է, ոչ թե կառույցների, սակայն որոշ կուսակցական կառույցներ սկզբունքորեն դեմ են այս մոտեցմանը»,-ասում է։ Սա, ըստ նրա, ցույց է տալիս, որ թեև այս կազմակերպությունների ազդեցությունը վերջին 30–40 տարում շատ-շատ է նվազել, նրանք դեռևս որոշ համայնքներում պահպանում են մենաշնորհային կարգավիճակ։ Գլխավոր պատճառը, ըստ Սինանյանի, այն է, որ նրանք չեն կարողացել «թարմանալ, նորացվել և համապատասխանել ժամանակի պահանջներին»։

«Հրահա՞նգ», թե՞ անկեղծ երկխոսություն

Սփյուռքում հաճախ է հնչում միտք, թե իրենք Հայաստանից սպասում են հստակ ուղղորդման կամ «հրահանգի»։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այս մոտեցումը համարում է իրականությունից զուրկ։ «Մենք չենք կարող հրահանգներ տալ այլ պետությունների տարածքում գործող կառույցներին»,-ասում է նա՝ մատնանշելով նուրբ երկակիությունը։ Հաճախ, երբ փորձ է արվում անգամ փոքր խորհուրդ տալ, նույն մարդիկ մեղադրում են «համայնքային գործերին խառնվելու» մեջ։ «Պետք է կողմնորոշվեն՝ խառնվու՞մ ենք, թե՞ բավական չենք խառնվում»,-շարունակում է նա։

Երուսաղեմից մինչև միջազգային դատարաններ․ պայքարը շարունակվում է

Հարցազրույցի ամենազգայուն թեմաներից մեկը Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» շուրջ ստեղծված իրավիճակն է։ Զարեհ Սինանյանը հաստատում է, որ առաջին իսկ օրվանից փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվում, անձամբ խոսել է պատրիարքի հետ, սակայն իրավիճակը մնում է չափազանց բարդ և մինչև վերջ չբացահայտված։ «Մինչ օրս ոչ ոք չգիտի կոնկրետ իրականությունը»,-ասում է Սինանյանը։ Թեև Հայաստանի պաշտոնական լծակները սահմանափակ են, գրասենյակն ակտիվ աշխատում է համայնքի՝ հատկապես երիտասարդների հետ։ Նա խոստանում է այցելել Երուսաղեմ՝ գոնե բարոյական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ «Միևնույն ժամանակ, հայ իրավաբանների համահայկական ցանցն աշխատում է՝ միջազգային ատյաններում բարձրացնելով գերիների վերադարձի, բռնի տեղահանվածների իրավունքների հարցերը։ Սա այն դաշտն է, որտեղ Սփյուռքը կարող է գործել ավելի ճկուն, քան պաշտոնական Երևանը՝ չխախտելով պետության ստանձնած պարտավորությունները»,-նկատում է նա։

Հայաստան–Սփյուռք հարաբերությունների ապագան, ըստ Զարեհ Սինանյանի, կախված է անկեղծ երկխոսությունից և պրագմատիզմից՝ անցյալի ձևական փառաբանությունից անցում կատարելով դեպի ընդհանուր մարտահրավերների իրատեսական գնահատում և համատեղ լուծումների որոնում։

Կարդացեք նաև

Back to top button