
Հանրային ռադիոյի ձայնային պահոցի հին-հին ձայնագրությունները մեզ տեղափոխելու են, գրեթե, մեկ դար hետ, և մենք միասին վայելելու ենք մի արտասովոր ճակատագրով երգչի կատարումները, որին կոչել են հայկական Կարուզո, որը եղել է Փարիզի օպերային թատրոնի «ամենաթովիչ տենորը», որ դյութել է իր ձայնով ֆրանսական օպերային թատրոնի պրիմադոննա Պոլինա Վիարդո Գարսիային, մինչ այդ՝ Կարա Մուրզային, Մակար Եկմալյանին, վերջապես՝ մեծն Կոմիտասին:
Այս կատարումները կրկնակի, եռակի արժեքավոր են, նախ՝ որ երգում է Արմենակ Շահմուրադյանը, երկրորդ, որ որոշ դեպքերում Արմենակին նվագակցում է հենց Կոմիտասը և երրորդ, որ այդ մի քիչ մաշված, մի քիչ խազխզված ձայնագրություններից անցյալի խորհրդավոր շունչն է զգացվում:
1878թ. Մուշում ծնված դարբնի այս տղան երկար և խութերով լի ճանապարհ անցավ մինչև նրան ծափահարեցին Փարիզից մինչև Նյու Յորք, Բոստոնից Ֆրեզնո և Սան Ֆրանցիսկո, Լոնդոնից Բրյուսել և Ցյուրիխ, Կալկաթայից՝ Թեհրան: Մուշի եկեղեցական երգչախմբից մինչև Գևորգյան ճեմարան և Կարա Մուրզայի, ապա Կոմիտասի ղեկավարած երգչախմբում մեներգիչ, հետո՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոց, որտեղ Արմենակի երաժշտական տաղանդը շարունակում է բացահայտել Մակար Եկմալյանը: Ամեն բան կարծես թե հարթ էր ընթանում, քանի դեռ Արևմտյան Հայաստանում չէին սկսվել համիդյան կոտորածները:
Հայ Թիֆլիսը, որտեղ ապրում էր Արմենակը, ոտքի է կանգնում՝ բողոքի ձայն բարձրացնելով համիդյան կոտորածների դեմ: Արմենակը մասնակցում է բողոքի այդ հանրահավաքներին և ձերբակալվում ցարական իշխանութունների կողմից ու հայտնվում Մետեխի բանտում: Բայց, քանի որ, տաճկահպատակ էր, ռուսական իշխանությունները նրան հանձնում են թուրքական կառավարությանը։
Շուտով Մետեխից նրան տեղափոխում են Կարսի բանտ: Ի՞նչ էր անում Արմենակը բանտի ճաղերից ներս: Երգո՛ւմ էր: Նրա գեղեցիկ ձայնի ելևէջները այնպիսի նուրբ թրթիռներ էին առաջացնում անգամ չոր ու կոպիտ բանտապահների հոգիներում, էլ չասած՝ խցի մյուս բանտարկյալների մասին:
Ինչևէ, Արմենակի երգեցողական տաղանդի և ձայնի հմայքի առջև ընկրկեցին անգամ թուրք պաշտոնյաները, և շուտով նա ազատ արձակվեց Կարսի բանտից և, որպես ազատ աքսորական, արտոնություն ստացավ մեկնելու իր ծննդավայր Մուշ, որտեղ սկսեց դասավանդել Սուրբ Կարապետ վանքի Ժառանգավորաց վարժարանում: Հետո անցավ Կարին՝ շարունակելով ուսուցչական գործը:
Արդեն որքան ժամանակ է Կոմիտասը չէր լսել իր սանի անուշ երգեցողությունը: Իմանում է, որ Արմենակը Կարինում է, լուր է ուղարկում. «Ասացեք՝ չնստի-մնա Էրզրումում, պետք է անպայման Իտալիա երթա՝ ձայնը մշակելու»։ Բայց ինչպես գնար, չէ որ ազատ աքսորի մեջ էր: Ճարը գտնվում է: Թղթեր են դասավորում՝ իբր բուժման նպատակով շտապ պետք է Լիբանան մեկնի: Եվ այդ երկրի անձնագիր ստանալով , ֆրանսական նավով հասնում է Փարիզ: Դա 1904թվականն էր:
Փարիզի երաժշտական աշխարհը լայն դռներ է բացում Արմենակ Շահմուրադյանի առջև։ Օպերային թատրոնի պրիմադոննա Պոլինա Վիարդոն սկսում է անհատույց պարապել նրա հետ: Ընդունվում է Փարիզի կոնսերվատորիա։ Ալեքսանդր Մանթաշյանը ստանձնում է Շահմուրադյանի հովանավորչությունը: Շուտով՝ համերգներ, ճամփորդություններ Հնդկաստանից մինչև Ամերիկա: Երբ երկար բացակայութունից հետո վերադառնում է Փարիզ, առաջի գործը Կոմիտասին այցելելն է լինում: Հիվանդասենյակի դռան մոտ երգում է «Հայաստան երկիր դրախտավայր»-ը: Կոմիտասի ջախջախված սիրտը փառավորվում է:




