
Կարո՞ղ է արդյոք TRIPP–ը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը, ազդել Հայաստան–Ադրբեջան սահմանազատման գործընթացի և կանոնակարգով հաստատված աշխատանքների հերթականության վրա։ Վերլուծաբաններն իրենց ենթադրություններում տարբեր իրադարձություններ են կապում միմյանց հետ։ Իսկ պաշտոնական տեղեկատվությունը, չմանրամասնելով, թե որտեղ է տեղի ունեցել սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը, հաստատում է, որ քննարկվել են մի շարք հարցեր, որոնք առնչվում են վաշինգտոնյան պայմանավորվածություններին։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին նորություններ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոստացավ օրեր առաջ Աժ–ում՝ խորհրդարանի այս նստաշրջանի առաջին հարցուպատասխանի ժամանակ։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ ավելի վաղ հանդիպել էին սահմանազատման հարցերով հանձնաժողովների նախագահներ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը։ Ընդ որում՝ ուշագրավ էր ոչ թե հերթական հանդիպման փաստը, այլ վայրը։
Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայն՝ սահմանազատումը պետք է շարունակվեր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման կետից։ Մինչդեռ, պարզվում է, որ Գրիգորյանն ու Մուսթաֆաևը հանդիպել են Սյունիքի մարզում։ Պաշտոնական հաղորդագրությունը հաստատում է միայն սեպտեմբերի 5–ին տեղի ունեցած հանդիպման փաստը առանց մանրամասնելու, թե ուր են այցելել պատվիրակությունները։ Ոչ պաշտոնական աղբյուրներով շրջանառվում է, որ փոխվարչապետները հանդիպել են Սյունիքի մարզում ու Ադրբեջանի Զանգիլանի շրջանի հարավում։
Հայաստանի վարչապետի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը չբացառեց, որ նոր շահերը, հնարավոր է, փոխել են երկու երկրների վավերացրած և հրապարակած կանոնակարգում ամրագրված աշխատանքների հաջորդականությունը։ «Ռադիոլուր»–ի զրուցակիցը մեծ խնդիրներ չի տեսնում, եթե տևական դադարից հետո սահմանազատումը նախապես հաստատված կետից տեղափոխվի այլ կետ։
«Այն, որ այս պահին կարծես թե հանձնաժողովը գործում է հարավում, ուղիղ կապ ունի TRIPP կոչվածի հետ։ Որովհետև նախորդ շաբաթ Միացյալ Նահանգներից բավականին լուրջ այց ունեցանք, 145 միլիոն դոլարի խոստում է տրվել, ինչը ենթադրում է, որ Միացյալ Նահանգները նաև փողով են ուղիղ ներգրավվում այս գործընթացում։ Ուրեմն այն հատվածներով, որով պիտի անցնի TRIPP-ը, կահավորման, սահմանագծման և որոշ հստակություններ մտցնելու խնդիր ուներ։ Սա է պատճառը, որ կարծում եմ, որ եթե անգամ նախկինում պլանավորված է եղել հյուսիսում անել սահմանագծման շարունակությունը, ապա արագ կերպով որոշում է կայացվել այսպիսի նախնական աշխատանք անել։ Հարավում 1000 կմ ավել սահման ունենք Ադրբեջանի հետ` Նախիջևանը ներառյալ։ Պատկերացնու՞մ եք, չէ՞ ինչ երկար ժամանակ է տևելու սահմանագծումը որպես այդպիսին։ Այո, երբ որ կողմերին պետք է, իսկ այս պարագայում կարծես թե եռակողմ համաձայնությունը կատալիզատոր հանդիսացավ, ուրեմն խնդիրը փորձեցին լուծել կամ դեռ կտեսնենք` ինչ լուծումներ են գտնվել հարավում»։
Փոխվարչապետների հանդիպման առնչությամբ Հայաստանի արտգործնախարարությունից պարզապես հաստատել են, որ պատվիրակությունների փոխադարձ այցելություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի տարածքներ։ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների/հատվածամասերի սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետներին վերաբերող հարցեր՝ հաղորդակցություններ ստեղծելու գործողությունները սինխրոնիզացնելու համար:
Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանը հայտարարում է, որ 95 %–ով ավարտել է Հորադիզ- Ջաբրայիլ- Զանգիլան-Աղբենդ ճանապարհի շինարարությունը։ 149 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի 123 կմ–ն արդեն իսկ կառուցված է՝ հաղորդում են լրատվամիջոցները։
Հայաստան–Ադրբեջան սահմանազատումից, սակայն, այլ հարցերի պատասխաններ են ակնկալում Հայաստանում։ Խոսքը Ադրբեջանի կողմից շուրջ 200 ք/կմ օկուպացրած տարածքների վերադարձի մասին է։ Հայաստանի իշխանությունը բազմիցս պնդել է, որ այդ խնդրի լուծումը սահմանազատման միջոցով է տրվելու։ Բայց քանի որ, ըստ իշխանության, սա նաև փոխադարձ զգայուն հարց է անկլավների տեսանկյունից, ապա գործընթացների լեգիտիմության և գործընթացները չխաթարելու համար պետք է հնարավորինս զգույշ վարվել զգայուն հարցերի հետ։
Տարբեր հարցերի զգայունությանը վարչապետ Փաշինյանն անդրադարձավ «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ։
«Առաջին անգամ շատ դժվար էր այդ նախադասությունը արտաբերել հասկանալի պատճառներով։ Ասել, որ գիտեք, երբ որ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության Ալմաթիի հռչակագրով արձանագրված Հայաստանի Հանրապետության լեգիտիմ տարածքների օկուպացված լինելու մասին, ասելով, որ մենք ունենք ինքնիշխան տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Գիտե՞ք քանի տարվա ջանք է ինձանից պահանջել, որպեսզի ես այնուամենայնիվ ասեմ, գիտեք՝ մենք էլ ունենք մեր հսկողության ներքո տարածքներ, որոնք Ալմաթիի հռչակագրով Ադրբեջանի ինքնիշխան տարածքն են, բայց մեր վերահսկողության ներքո են։ Բայց ես դա ասել եմ այն բանից հետո, որ հասկացել եմ, որ եթե մենք ուզում ենք խաղաղություն, մենք պետք է այս խոսույթներով խոսենք, հակառակ դեպքում խաղաղություն երբեք չի լինի։ Կան այդպիսի բազմաթիվ հարցեր։ Խաղաղության համաձայնագրի տեքստը տալիս է բոլոր անհրաժեշտ ինստիտուցիոնալ հնարավորությունները։ Այդ հնարավորությունը մի բան է, ինչպե՞ս, ե՞րբ, ի՞նչ պայմաններով, ի՞նչ հայեցակարգով և ի՞նչ խոսույթով այդ հնարավորությունը օգտագործելը բոլորովին այլ բան»։
Այն դեպքում, երբ Հայաստանը խոսում է Ադրբեջանի հետ արդեն հաստատված խաղաղության մասին, Թուրքիայից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առնչությամբ հնչում է նոր ժամկետ՝ 2026–ի առաջին կես, երբ կստորագրվի հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ «Արդյո՞ք Թուրքիան շարունակում է խնդիրներ տեսնել փաստաթղթերի նախաստորագրումից հետո» հարցին կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը պատասխանում է․
3 – «Բուն խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրված չլինել, բայց առաջընթաց Հայաստան–Թուրքիա ուղղությամբ կարող ենք տեսնել։ Կարծում եմ` մենք այս փուլում ոչ ուղիղ, բայց իհարկե, որոշ իմաստով կոորդինացված գործընթացների ենք ականատես լինում։ Մասնավորապես, այն փաստը, որ Հայաստան–Ադրբեջան ուղղությամբ կարծես թե որոշակի առաջընթաց կա, այստեղ Թուրքիան նույնպես ակտիվանում է։ Ակտիվանում է ոչ միայն այն պատճառով, որ այդ առաջընթացը կա, այլև կարծում եմ, որ տարածաշրջանում ընթացող արագ գործընթացներում չի ուզում դուրս մնալ տեղի ունեցողից։ Մասնավորապես, հնարավոր է, որ Ադրբեջանից Հայաստանով դեպի Նախիջևան և Թուրքիա գնացող գազամուղ պիտի լինի, հնարավոր է ինվեստիցիոն նոր հնարավորություններ են բացվելու։ Ես կարծում եմ, որ այո, Թուրքիայի ձեռքերը մասամբ ազատվել են Ադրբեջանի հետ ունեցած Հայաստանի առաջընթացով»։
Թուրք գործընկերոջ հետ հայաստանյան վերջին հանդիպումը հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատում։ Նա թվարկում է հարցեր, որոնց շուրջ նախնական պայմանավորվածությունները, նաև երկու տարի առաջ ձեռք բերված, կրկին քննարկվել են և վերահաստատվել ու պայմանավորվել են արագացնել դրանց ուղղությամբ տարվող աշխատանքները։
Հաջորդ հանդիպման օրը դեռ որոշված չէ, բայց Ռուբինյանը ենթադրում է, որ 7–րդ հանդիպումը տեղի կունենա արդեն Թուրքիայում։




