ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Ի՞նչ ազդեցություն կունենա «Թրամփի ուղին» Հայաստանի տնտեսության վրա․ Կենտրոնական բանկի նախագահը խոսել է ակնկալիքներից

Կենտրոնական բանկի նախագահն այսօր հանդիպել է լրագրողների հետ։ Նա տեղեկացրել է, որ ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6,75, իսկ բանկերից ներգրավվող միջոցներինը՝ 5,25 %: Մարտին Գալստյանին ուղղված հարցերը, սակայն, վերաֆինանսավորման տոկոսադրույքով չեն սահմանափակվել։ Օրակարգային է եղել նաև այն, թե ինչ ազդեցություն կունենա Թրամփի ուղին Հայաստանի տնտեսության վրա, եթե կյանքի կոչվի։

 «Թրամփի ուղի» նախագծի շրջանակում ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին 145 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել: Այդ մասին Երևանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը տեղեկացրել էր ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը: Ի՞նչ կփոխի ներդրումը կամ ինչպե՞ս կկլանի Հայաստանի տնտեսությունը այս գումարը։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյան․

«Ի՞նչ կլինի ռիսկի հավելավճարը, եթե մենք ունենանք համապարփակ վերջնական խաղաղության համաձայնագիր։ Ես կարծում եմ, որ ինքը շատ ավելի ներքև կիջնի, որքան՝ կդժվարանամ հիմա ինչ–որ գնահատական ասել։ «Թրամփի  ուղու» տրանշի վերաբերյալ նշեմ, որ իր ազդեցության չափով բավականին փոքր գումար է։ 140 միլիոն դրամը Հայաստանի տնտեսությունում կլանելու տեսանկյունից բավականին փոքր գումար է։ Իհարկե, ընդհանուր նախագիծը պետք է նայենք, որ հասկանանք` ինչ է տեղի ունենալու, ու միջոցները ինչի վրա են ծախսվելու։ Բայց ընդհանուր ուղերձը, որ նման նախաձեռնություն տեղի է ունենում, արդեն  դրականորեն է ընկալվում շուկայի կողմից այն առումով, որ հնարավոր է՝ ապաշրջափակման վերաբերյալ հետագայում որոշակի նորություններ լինեն ու խաղաղության պայմանագիրը գա իր վերջնական տրամաբանական ավարտին, որը էապես կբարելավի բիզնես միջավայրը»:

Օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը առաջին կարևոր քայլերն են՝ ընդգծում է Մարտին Գալստյանն ու նշում՝ այս պահի դրությամբ ռիսկի պրեմիայի որոշակի նվազում է արձանագրվել։

Նա երկու կարևոր գործոն է առանձնացնում․ նախ՝ ընդհանուր զարգացող երկրներում որոշակի նվազում է նկատվում, բացի այդ՝ կոնկրետ նվազումը գուցե նաև ստորագրման ֆենոմենն է․

 «Ակնկալիքն այն է, որ տնտեսական զարգացում կունենանք»։

Ընդհանարպես «Թրամփի ուղուց» տնտեսական ակնկալիքները մեծ են։ ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի տնօրեն Սոս Խաչիկյանը «Ռադիոլուր»–ին փոխանցում է՝ Հայաստանը մշտապես խոսում է նոր շուկաներ ներգրավելու, շուկաների դիվերսիֆիկացիայի մասին, որպես այդպիսիք դիտարկում է Մերձավոր Արևելքը, ասիական և արաբական երկրները։ Բայց տնտեսագետն ընդգծում է, որ այսօր այդ ուղղություններով ճանապարհներ չկան։

 «Դեպի արաբական աշխարհ, ենթադրենք, Թուրքիայի կամ Իրանի միջոցով, եթե ճանապարհը բացվի, դա հսկայական հնարավորություն կտա։ Այժմ մենք չունենք այդ ենթակառուցվածքները կամ այն, ինչ ունենք, խիստ սահմանափակ են և՛ ապրանքների, և՛ ծառայությունների առումով։ Կարծում եմ` հենց միայն Մերձավոր Արևելքը, եթե չդիտարկենք էլ Կենտրոնական Ասիան, Եվրոպան, բավարար է։ Հնարավորություններ կլինեն Թուրքիայի հետ, արաբական երկրների հետ, ասիական երկրների հետ բավական լայն շուկա կբացվի, և կարծում եմ` իսկապես մենք այդ առումով մրցունակ կլինենք»։

Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա Միջազգային վարկանշային Moody’s գործակալության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի երկարաժամկետ կորպորատիվ վարկանիշի իջեցումը։ Այն «կայունից» փոխվել է «բացասականի»։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը կարծում է, որ խնդիրն արագ կլուծվի, և Հայաստանի վարկանիշի վրա այս որոշումը էական ազդեցություն չի ունենա․

«Ես լիահույս եմ, որ ՀԷՑ–ի անորոշությունների հետ կապված հարցը արագ լուծում կստանա։ Մեր ռեյտինգի նվազեցումը կարճաժամկետ բնույթ կկրի ու ֆինանսական կայունության վրա էական ազդեցություն չի ունենա»։

ԿԲ խորհուրդը կրկին անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այն այս պահին 6,75 է։ Գլխավոր դրամատան այդ որոշումը ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի տնօրեն Սոս Խաչիկյանն այսպես է մեկնաբանում․

«Այս պահին կտրուկ քայլերի անհրաժեշտություն չկա, շրջանառության մեջ բավարար միջոց կա, տնտեսվարողները ոնց որ թե կայուն միջավայրում աշխատում են, և փոփոխությունների անհրաժեշտություն չկա ինչպես տոկոսադրույքը բարձրացնելու, այնպես էլ նվազեցնելու առումով։

Կարծում եմ` սա դեռևս կպահպանվի, համենայն դեպս, առաջիկա ամիսներին նույնպես չի նկատվում փոփոխության հետ կապված կանխատեսում»։

Բարձր գնաճ սպասողների թիվը նվազում է ՝արձանագրում են ԿԲ–ում։ Տարիների ընթացքում գլխավոր դրամատան նկատմամբ վստահությունը մեծացել է՝ ընդգծում է ԿԲ նախագահը։ Ընթացիկ տարվա օգոստոսին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3,6%։ Մասնագետները բացատրում են՝ սպառողական գների ինդեքսը բարձր է՝ սեզոնայնութամբ պայմանավորված։ Այստեղ որոշիչ է նաև առանձին տատանողական բաղադրիչների գների աճը։ Բայց միջազգային շուկաներում արձանագրվող գնանկումը արտացոլվում է նաև Հայաստանում՝ ոչ պարենային ապրանքների մասով։

«Իմ ունեցած տեղեկատվությամբ, գուցե ես սխալվում եմ, բայց աշխարհում որևէ երկիր չկա, որտեղ կենտրոնական բանկը անում է քաղաքականություն` հիմնվելով կոնկրետ զամբյուղի վրա, կոնկրետ զամբյուղների գնաճերն են հաշվարկվում։ Մենք նույնպես հաշվարկում ենք։ Ապրանքների գները առանձին–առանձին են հրապարակվում, այսինքն` ամեն մարդ հնարավորություն ունի իմանալու, թե ինչքան է թանկացել կարագը, ըստ դրա կազմի իր զամբյուղը։ Հայաստանում 470 ապրանք–ծառայություն է ներառված, որոնց հետ մենք կապ չունենք»։

Կենտրոնական բանկը իջեցրել է գնաճի թիրախային մակարդակը։ Այն արդեն մի քանի ամիս է՝ ոչ թե 4 +/-1, այլ 3 %–ի միջակայքում է սահմանված։

Կարդացեք նաև

Back to top button