
Գործող խորհրդարանի ժամկետի վերջին մեկ տարին ԱԺ-ում ենթադրաբար թեժ է լինելու։ Արդեն նկատելի է, որ քաղաքական ուժերը մտել են նախընտրական գործելաոճի տրամաբանության մեջ։ ԱԺ հերթական ընտրությունները 2026-ի հունիսի 7-ին են։ Թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության հասցեին այժմ հնչում են նախընտրական խոստումները չիրականացնելու մեղադրանքներ։ Ուշագրավ է, որ խորհրդարանական ընդդիմության մի մասը ոչ թե պատրաստվում է հերթական ընտրությունների, այլ բոլորովին ուրիշ գործընթացներ է փորձում գեներացնել․ այս խորհրդարանի աշխատանքների ավարտին մնացած ընդամենը 9 ամիսը օգտագործվելու է նաև ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու նպատակով։
Խորհրդարանական ընդդիմության տարբեր թևերում տարբեր են պատկերացումները, թե ինչպես են անցկացնելու ԱԺ-ում աշխատանքի վերջին ամիսները մինչև 2026-ի հերթական ընտրությունները։ Առաջիկա 9 ամիսներին «Պատիվ ունեմ» խմբակցության համար օրակարգային է մնալու վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը՝ հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Սակայն այս հարցում ընդհանուր հայտարարի չեն գալիս և իրենց ստորագրությունները չեն կարողանում մեկ թղթի տակ մեկտեղել խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ նույն հարցի լուծման համար գործողությունների տարբեր հերթականություն սահմանելով։

Անհամաձայնություններ կան, սակայն սա խորհրդարանական առաջիկա ըևնտրություններին պատրաստվել-չպատրաստվելու հետ Մամիջանյանը որևէ կերպ չի կապում։ Հանրապետական կուսակցության խորհրդարանական միավորում՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունում, դեռ չեն քննարկում 2026-ի ընտրություններին մանակցության հարցերն ու ձևաչափը՝ասում է Հայկ Մամիջանյանը։
«Որևէ ներքին քննարկումների մեջ՝ 26-ի հետ կապված, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներգրավված չի։ Մեր բոլոր շփումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ միտված են բացառապես իմփիչմենթի օրակարգը առաջ մղելուն։ Մենք 26-ին սպասելու սիրահարների՝ «26-ի ակումբի» անդամներ չենք։ Մենք փորձում ենք գործ անել։ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատել, լինել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի չափ Հայաստանի ամենաուժեղ, ամենամեծ, ամենառեյտինգով ընդդիմադիր ուժը․․․ մեզ չի հետաքրքրում»։
Հարցեր առաջացնող իր ձևակերպման մասով Մամիջանյանը պարզաբանում է, որ իր ակնարկն ուղղված չէ «Հայաստան» խմբակցությանը։
«Ես նկատի ունեմ բոլոր այն մարդկանց, ովքեր առաջնային նպատակ են դնում առհասարակ մանդատ ունենալը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։ «Հայաստան» դաշինքին դա չէր վերաբերում։ Մենք առաջարկում ենք, մեր կարծիքով, միակ իրատեսական լուծումն այս պահին, այն է` իմփիչմենթի գործընթացը։ Դա այս պահին Հայաստանի քաղաքական դաշտում միակ առաջարկված օրակարգն է Փաշինյանի հեռացման։ Եթե կան այլ օրակարգեր, մենք սիրով կքննարկենք դրանք, բայց կարծես ոչ մեկը որևէ այլ բան չի առաջարկում։ Այո, այդ գործընթացի համար անհրաժեշտ է բոլորի կոնսոլիդացիան։ Մենք համախմբման բազմաթիվ կոչեր ենք արել։ Թե՛ խորհրդարանական մեր գործընկերների և թե՛ նաև արտախորհրդարանական մեր գործընկերների հետ է տարվում և տարվելու աշխատանք, որովհետև առանց հանրային կոնսոլիդացիայի, առանց փողոցի ճնշման հնարավոր չի իրականացնել էս գործընթացը»։
Մամիջանյանը նաև ընդունում է, որ այս պահի դրությամբ ընդդիմությանը չի հաջողվում հրապարակներ լցնել։
«Դե որ այսպես անեն, բնականաբար, չի հաջողվելու։ Եթե նույնիսկ ընդդիմությունը չի կարողանում այս հարցի շուրջ կոնսոլիդացվել»։

Իսկ քանի դեռ ընդդիմադիրները փորձում են հստակացնել իրենց քաղաքական օրակարգը, վարչապետ Փաշինյանն օրակարգ է վերադաձնում «պողպատե մանդատի» մասին խոսակցությունները՝ աշխատավայրից լուսանկար հրապարակելով, որում աշխատասեղանին տեսանելի տեղում դրված է մուրճ։ «Մեր ձևով» քաղաքական շարժման առաջնորդ, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամները փորձում են նաև այս հանգամանքը զուգահեռել Կարապետյանի քրեական գործին։ Փաստաբան Արամ Վարդևանյան․
«Պատկերացրեք հրապարակային միջոցառում, ԶԼՄ-ների ներկայություն, վերցնենք մեր ձեռքը մուրճ և ասենք` այս մուրճը տալու ենք և՛ այս, և՛ այլ մարդկանց գլխին։ Օրինակ` քաղաքապետերի գլխին, օրինակ` ամենախոշոր հարկատուներից մեկի, իրավաբանական անձի գլխին։ Եվ դա տեղի ունենա հավաքի ընթացքում։ Դա, օրինակ, իր մեջ կոչ կպարունակի, չէ՞»։
Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմից մյուս փաստաբանը շարունակում է գործընկերոջ խոսքը՝ պնդելով՝ Սամվել Կարապետյանի խոսքում չեն եղել իշխանությունը զավթելու կոչի տարրեր։
«Ակնհայտ է դառնում, որ այստեղ առանձնապես ոչ թե իրավաբանությունն է աշխատում, ցավոք, այլ քաղաքականությունը։ Իսկ եթե այդ երկուսը մի գործի մեջ կենտրոնանում են, պրակտիկան է նաև ցույց տալիս, որ քաղաքականությունը, որպես կանոն, հաղթողի դերում է։ Մենք սրանով չենք ասում, որ չենք փորձելու, հետևողականորեն չենք լինելու։ Միանշանակ գնալու ենք մինչև վերջ»։
Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի տարատեսակ հայտարարությունների համատեքստում իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը դիտարկում է անում, որ ընդդիմությունն այս փուլում մոլորված վիճակում է հայտնվել հատկապես վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո։ Այժմ, ըստ պատգամավորի, ընդդիմադիրները չգիտեն՝ որ ուղղությամբ շարժվել։ Հակոբյանը կանխատեսում է «Մեր ձևով» նորաստեղծ քաղաքական ուժի տապալումը՝ իր պատկերացրած պատճառները նշելով։
«Որովհետև այն առաջնորդը, որն իրենք ունեն, Սամվել Կարապետյանը, նախ քաղաքականության հետ որևէ առնչություն չունի, երկրորդը՝ ունի երեք երկրի քաղաքացիություն` Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Կիպրոսի։ Մամուլը այդպես է ներկայացրել։ Եվ շարժում, որի առաջնորդը չի կարող լինել առաջնորդ, ձախողված է։ Հիմա «մեր ձևով»՝ ինչպե՞ս, ինչպես կբացատրեն, իրենց իրավունքն է։ Ուզում եմ արձանագրել է, որ մարդը, որն ունի մի քանի երկրի քաղաքացիություն, չի կարող քաղաքականությամբ զբաղվել ՀՀ-ում։ Դա արգելված է օրենքներով, Սահմանադրությամբ, և մեր պարտքն է նաև որպես պետություն՝ սրբորեն պահել և պահպանել ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը»։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքին, ապա այդ ուժի խորհրդարանական խմբակցությունում դեռ տարբեր քննարկումներ են։ Վարչապետի իմփիչմենթի հարցով նրանք պնդում են իրենց նախընտրած հերթականությունը, այն է՝ պակասող անհրաժեշտ ստորագրությունները ՔՊ-ականների շարքերից հավաքելու դեպքում կմիանան իմփիչմենթի նախաձեռնությանը։ Այս պահին այդ ուժի համար, կարծես, առաջնային է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին անվստահություն հայտնելը։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հաստատել է դրա՝ իրենց օրակարգային հարցերից մեկը լինելը։
Այս պահի դրությամբ, սակայն, խորհրդարանում ամենաաղմկահարույցը թերևս ոչ թե քաղաքական, այլ վարքագծային հարցերն են։ Թմրամիջոցի և սեռավարակի թեստերի փոխադարձ պահանջներ հնչեցին ԱԺ-ում։ Միմյանց թիրախավորեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը։
Այս հարցի առնչությամբ «Պատիվ ունեմ»-ն արդեն որոշել է, որ Արթուր Հովհաննիսյանի վարքը քննելու հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես կգա։




