ԼուրերԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Արցախի անկախության օրը՝ առանց Արցախի․ ուղերձներ Հայաստանից ու Ադրբեջանից

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂ ինքնավար մարզի և Շահումյանի շրջանային խորհրդի պատգամավորների համատեղ նիստում բոլոր պատգամավորները միաժամանակ ձեռքերը վեր բարձրացրին․

«Ձեզ հայտնի է ստեղծված իրավիճակը մեր մարզում, որն ավելի է բարդանում ներկա իրադրությունում, երբ երկրում լարված իրավիճակ է ստեղծել, որի մասին դուք նույնպես գիտեք։ Այդ պայմաններում մարզխորհրդի գործկոմին անհրաժեշտ է, որ հնարավորություն ունենա ամեն մի րոպեին, ամեն մի ժամին, երբ մի օրվա ընթացքում մի քանի անգամ է փոխում իրադրությունը, օպերատիվ որոշումներ ընդունել»։

Օպերատիվ որոշումը Արցախի ինքնավար հանրապետության հռչակումն էր։ 34 տարի անց Արցախի ներկայացուցիչները Երևանում են շնորհավորում միմյանց։ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասում է՝ թեև օրվա բովանդակությունը փոխվել է, խորհուրդն արցախցիների համար նույնն է՝ վերածնունդ․

«Որքան էլ այս օրերին դժվար է, փորձենք շնորհավորել միմյանց՝ Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ, և ինքներս մեզ խոստանանք, որ այս օրը մեր հոգու միշտ պետք է տոն պահենք, մինչև  լիարժեք կունենանք այդ հնարավորությունը, ինչպես նախկինում էր՝ լիաթոք ուրախանալու մեր սրբագույն հայրենիքում»։

Օրվա խորհրդով կազմակերպված «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով համաժողովին խոսելով արցախցիների՝ Արցախ վերադարձի մասին, Գեղամ Ստեփանյանն ընդգծում է՝ այդ գործընթացի համար 2 կարևոր ու միմյանց փոխկապակցված գործոններ կան․

«Առաջինը՝ իրավաքաղաքական հիմքի պարբերաբար զարգացումը, համալրումը և ամրապնդումը։ 2-րդը՝ արցախցիների հավաքականության պահպանումը մայր Հայաստանում, առանց որի ուղղակի անհնար է լինելու խոսել վերադարձի լեգիտիմ իրավունքի մասին։ Հետևաբար, մեկը մյուսի հետ հստակ փոխկապակցված են։ Մեր պարագայում, առավել ևս, մենք գործ ունենք ոչ թե անհատական վերադարձի հետ, մենք գործ ունենք, հավաքական վերադարձի հետ, հետևաբար, շատ կարևոր է նաև, որ Արցախի ժողովրդի հավաքականությունը մայր հայրենիքում պահպանվի իր բոլոր անհրաժեշտ տարրերով»։

Ադրբեջանը սեպտեմբերի 2-ին այլ ուղերձ է հղում Հայաստանին ու աշխարհին։ Բաքուն առավաոտյան ծանր տեխնիկայով  հողին է հավասարեցրել Արցախի ԱԳՆ շենքը։ Ադրբեջանի պետական Azertag գործակալությունը, հատուկ ընդգծելով, որ օրվա ընտրությունը պատահական չէ, լուսանկարներ է հրապարակել քանդվող շենքից։

Արցախի անկախության օրվանից ժամեր առաջ էլ ԵԱՀԿ Նախարարական խորհուրդը 57 մասնակից բոլոր՝ 57 պետությունների կոնսենսուսով ընդունել է Մինսկի գործընթացը և դրան կից կառույցների գործունեությունը դադարեցնելու որոշում։ Կառույցը, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային միակ  մեխանիզմն էր, լուծարվեց Հայաստանի և Ադրբեջանի համատեղ պահանջով։ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է ԵԱՀԿ մասնակից բոլոր 57 երկրների կոնսենսուսով և շնորհավորել երկու երկրներին․

«Ես կրկին ցանկանում եմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պատմական համաձայնությունների և դրանց արագ իրականացումը սկսելու վճռական որոշման կապակցությամբ։ Ես անմիջապես արձագանքել եմ նրանց համատեղ կոչին և ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել կողմերին գործընթացում գերազանց համագործակցության համար»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա կառույցները լուծարելու որոշումը ողջունել ու պատմական է համարել  Թուրքիայի ԱԳՆ-ն, ընդգծելով, որ  «այն  հնարավոր է  դարձել երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացի կարևորագույն հանգրվաններից է»։

ԼՂ 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի համոզմամբ՝ ՄԽ-ի լուծարումը «ծանր հարված» ր ոչ միայն Արցախի հարցը վերակենդանացնելու, այլև արցախցիների՝ Արցախ հավաքական վերադարձի համար․

«Մինսկի խմբի գոյության պայմաններում ևս հնարավոր է եղել արցախցիներին բռնի տեղահանել իրենց հայրենիքից, և մենք հույսով ենք, որ կստեղծվեն այլ մեխանիզմներ՝ այդ հնարավորությունից օգտվելու համար»։

Արցախցիների վերադարձի իրավունքի միջազգային կարգավորման նախաձեռնություն ամիսներ առաջ սկսել է Շվեյցարիայի խորհրդարանը՝ հիշեցնում է Սմավել Շահրամանյանը և հույս հայտնում, որ այն շուտով պտուղներ կտա։ Վերջինիս խոսքով՝ Արցախի թեման արցախցիների համար փակ չէ․

«Մեր հայրենիք վերադառնալու հարցը մեր իրավունքն է, մեր միջազգային իրավունքն է, և մենք չենք պատրաստում դրանից հրաժարվել։ Արցախցին իրավունք ունի վերադառնալու իր հայրենիք, իր տուն, իր գերեզմանների մոտ, իր սրբությունների մոտ։ Դա մեր համար փակ թեմա չէ»։

Այս տեսակետը սատարող հայտարարություններ են արել նաև ընդդիմության ներկայացուցիչները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Արցախի հարցը լուծված չի կարող համարվել այնքան ժամանակ, քանի դեռ արցախցիներն իրենց ծննդավայրում ազատ և անվտանգ ապրելու հնարավորություն չունեն․

«Արցախի ճակատագրի շուրջ կայացած ոչ մի որոշում չի կարող ունենալ իրավական ու քաղաքական ուժ՝ առանց արցախահայության անմիջական մասնակցության։ Վերադարձի և ինքնորոշման իրավունքը հիմնարար իրավունքներ են, որոնք չեն կարող անտեսվել կամ առևտրի առարկա դառնալ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչդեռ վերջին ուղերձում ընդգծել էր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կարող է խաթարվել, եթե Ղարաբաղյան հակամարտության ընթացքում փախստական դարձած արցախցիներն արծարծեն ԼՂ վերադառնալու թեման․

«Այդ թեմաները արծարծելու երկկողմ փորձերը հենց իրենց՝ փախստականներին ոչինչ չեն տալու, իսկ պետությունների միջև դառնալու են լարվածության նոր աղբյուր։ Իմ այս պատկերացումը կիսել եմ նաև պաշտոնական Բաքվի հետ և արձանագրում եմ, որ, այո, դա վտանգավոր և վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար։ Իմ ընկալումն այն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս ռազմավարության հետ, կամա թե ակամա հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ»։

Նիկոլ Փաշինյանն իր պատկերացումն ու բանաձևն ունի՝ արցախցիներին առաջարկում է «տնավորվել» Հայաստանում․

«Նրանք մեր և միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»։

Կարդացեք նաև

Back to top button